Ո՛Չ` ԱՂԱՆԴՆԵՐԻՆ

Սիսիանում զանազան աղանդների  տարածման եւ ամեն քայլափոխի հանդիպող պայուսակավոր «քարոզիչների» բացահայտ հոգեորսության դեմ էր ուղղված սիսիանցի մի  խումբ երիտասարդների եւ Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր դասի կողմից Գյուտ խաչի տոնի նախօրեին` հոկտեմբերի 24-ին կազմակերպված «Ո՛Չ` ԱՂԱՆԴՆԵՐԻՆ» կարգախոսով երթը: Խաչափայտերից բացի երիտասարդները, դպրոցականները տանում  էին  նաեւ «Աղանդները թունավորում են մեր բանակը», «Աղանդները քայքայում են մեր  ընտանիքները», «Զգուշացեք աղանդներից», «Հայոց բանակը մեր գոյության գրավականն է» եւ այլ կարգախոսներով պաստառներ: Պատահական չէր, որ  երթը մեկնարկեց «Մեր Հայրենիքի» եւ «Հայր Մերի» հնչումով որպես աշխարհիկ եւ հոգեւոր միասնության խորհրդանիշ:

Ողջույնի խոսքով դիմելով «Որոտան» կինոթատրոնի բակից մեկնարկած երթի մասնակիցներին եւ Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր-Գրիգոր Հովսեփյանը եւ ծնունդով սիսիանցի, այժմ` Արցախի թեմում իր հոգեւոր ծառայությունը կատարող Հայր Ներսեսը նշեցին, որ աշխարհի առաջին քրիստոնյա պետության զավակները կարիք չունեն ո՛չ կեղծ ճշմարտության լույսի, ո՛չ տիեզերական  եղբայրության  սին խոսքերի, քանի որ առաքելական սուրբ հավատքը հայորդաց արյան եւ գիտակցության մեջ է: Մերժելով աղանդներն ու աղանդավորներին, Հայր Ներսեսը մասնավորապես նշեց, որ նրանք փորձում են սասանել ոչ միայն հայ առաքելական եկեղեցու, այլեւ`մեր պետականության հիմքերը եւ կոչ արեց ավելի ամուր կապվել հայ եկեղեցուն, հավատարիմ մնալ հայ եկեղեցու ուղղափառ դավանությանը եւ սրբազան ավանդույթներին:
Երթը, ի տես բոլոր սիսիանցիների, ա1-74նցնելով Սիսիանի փողոցներով, ուղեւորվեց դեպի Արցախյան պատերազմում նահատակվածերի Պանթեոն եւ Սուրբ Հովհաննես եկեղեցի` մեկ անգամ եւս հաստատելով հայոց` խաչի եւ սրի համատեղ գոյության անխախտ ուխտը:
Մենք զրուցեցինք նաեւ երթի մասնակիցների հետ` իմանալու նրանց կարծիքը եւ գնահատականը, միաժամանակ աղանդների դեմ պայքարի ակնկալիքները:
Անահիտ Հովսեփյան.- թիվ 4 միջն. դպրոցի ուսուցիչ.- Ողջունում եմ այս ակցիայի կազմակերպումը եւ այն համարում շատ անհրաժեշտ` աղանդների դեմ պայքարում: Կարծում եմ ` այսպիսի ակտիվ հակաքարոզչության դեպքում ժամանակի ընթացքում աղանդները կնահանջեն:
Գոհար Սարգսյան.- թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն.- Շատ կարեւոր եմ համարում մոլորվածներին դարձի բերելը: Եթե պատահականորեն կամ պահի ազդեցությամբ են ընկել աղանդավորների ցանցը, նրանց հնարավոր է այս կերպ դարձի բերել, բայց եթե այն խորացել է արդեն ընտանիքներում, նրանց հետ ավելի բարդ ու դժվար կլինի եւ ժամանակ պահանջող:
Գոհար Քարամյան.- թիվ 2 միջն դպրոց.- Հայ քրիստոնյային պետք է ճիշտ դաստիարակություն տալ: Այս ակցիան հնարավորություն է տալիս զանազանել քրիստոնյա հավատավորին «հավատացյալ» կոչվածներից, որոնցից խորշում ենք:
Ակցիան անպայման արդյունք կտա: Ով չգիտի, գոնե` կլսի, որ այսպիսի երթ է տեղի ունեցել: Եթե մեկ մոլորված էլ դարձի գա, դա էլ արդյունք է:
Կամո  Ներսիսյան.- Սիսիանի ոստիկանապետի` օպերատիվ գծով տեղակալ.- Ողջունում եմ այս երթը եւ կարծում, որ ավելի շատ պետք է նման քարոզչություն իրականացվի, որովհետեւ շատ կարեւոր է աղանդավորության դեմ ցանկացած տիպի պայքար` հայ երիտասարդներին հայ առաքելական եկեղեցու շուրջը համախմբելու համար:
Արամ Եղյան.- Եթե այսօր աղանդավորները այդքան շատացել են, բոլորս էլ մեղքի բաժին ունենք: Ակցիան թեեւ մի քիչ ուշացած եմ համարում, որովհետեւ աղանդավորները շատ են ծավալվել, բայց երբեք ուշ չէ եւ ժամանակին է:
Արտո Գեւորգյան.- վարորդ.- Ես համոզվեցի, որ Սիսիանում քրիստոնեական հավատքը ամուր է, հզոր, եւ ուրիշ հավատք չի կարող լինել: Մեր միակ հավատքը մեր եկեղեցին է, ուրիշ ոչինչ: Աղանդները թեեւ կան, բայց չեն կարող կոտրել մեր հավատքը:
 

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *