ՈՍԿՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՄՆՈՒՄ Է ՈՒԺԻ ՄԵՋ

Համահայկական մարզական 5-րդ խաղերից Սիսիանի վոլեյբոլի հավաքականը վերադարձավ պատվավոր` 2-րդ տեղը նվաճած, արծաթե մեդալների, դիպլոմների եւ գովասանագրերի արժանացած: Մեր քաղաքի համար արդեն օրինաչափ դարձած այս հաղթանակները տեղիք են տալիս պատկերավոր ասելու, որ երբ որեւէ տեղ հնչում է մարզական Սիսիան արտահայտությունը, այն ինքնաբերաբար ասոցացվում է Սիսիանի վոլեյբոլի թիմի հետ: Իսկ նման համահնչման զգացողությունն, ինչ խոսք, վավերցրել է ինքը` ժամանակը:
Այս մոտիվներով է նաեւ մեր հարցազրույցը վոլեյբոլի` Սիսիանի կանանց հավաքականի մարզիչ, մարզադպրոցի տնօրեն Աղվան Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, Դուք արդեն 5-րդ անգամն եք մասնակցում համահայկական մարզական խաղերին, ինչպե՞ս անցավ այն եւ կա՞ր տարբերություն նախորդ մարզական խաղերի համեմատությամբ:
-5-րդ համահայկական մարզական խաղերը կազմակերպված էին ավելի ճոխ, բացման արարողությունը տպավորիչ էր, գեղեցիկ շոու: Սիսիանի պատվիրակության կազմում ընդգրկված էր 30 հոգի: Սա էլ մեր օլիմպիական խաղերն են, որը միավորում, համախմբում, մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի հայերին, այս անգամ` «Միանանք սպորտով» նշանաբանով:
-Ի՞նչ տվեց Ձեզ, Սիսիանի վոլեյբոլի հավաքականին այս համահայկական խաղերին մասնակցությունը:
-Բացի արծաթե մեդալներից, բացի պատվավոր 2-րդ տեղը նվաճելուց, բացի միշտ մարզավիճակում լինելու զգացողությունից, այն նաեւ նոր շփումներ, նոր կապեր, նոր հնարավորություններ է բացում, փորձի փոխանակում, նոր ճանաչողություն: Եվ այս ամենի արդյունքում` մեր համայնքի մարզական պատվի բարձրացում: Սիսիանի անունը, արդեն ոչ միայն մարզական առումով, կրկին լսելի դարձավ աշխարհի ողջ հայության ականջին այնպիսի նշանավոր համայնքների ու քաղաքների անունների կողքին, ինչպիսիք են Երեւանը, Ստամբուլը, Թեհրանը, Քյոլնը, Ստեփանակերտը, Բուենոս-Այրեսը: Իսկ վերջնական արդյունքում սա մեր տքնաջան աշխատանքի գնահատականն ու վարձատրությունն է:
Այն նաեւ  նյութական առումով դրական կողմեր ունեցավ ոչ միայն մեր հավաքականի, այլեւ` հայաստանյան շատ հավաքականների համար. Համահայկական մարզական խաղերի կազմկոմիտեն զիջեց նախորդ մի քանի տարիների չվճարված անդամավճարների պարտքը, ինչը պատկառելի գումար է մեզ նման թիմերի համար:
-Իսկ նման հաղթանակները խթանո՞ւմ են մարզադպրոցի աշխատանքներին, սաներին` ավելիին հասնելու:
-Անպայմա՛ն: Այդ հաղթանակներից ոգեւորված` նորանոր սաներ են հաճախում մարզադպրոց, հատկապես` վոլեյբոլի խմբակ, եւ տասնամյակներով ձեւավորված մեր լավագույն ավանդույթները շարունակում են մնալ կենսունակ:
-Սիսիանի վոլեյբոլի հավաքականը նաեւ հանրապետության չեմպիոնն է, չե՞ք կարծում, որ չեմպիոնին ավելի վայել էր առաջին տեղը, քան` 2-րդ, չնայած նման մարզական ստուգատեսում 2-րդ տեղն էլ պատվաբեր է:
-Մենք, իհարկե, առաջին տեղը գրավելու ակնկալիքով էինք նախապատրաստվել 5-րդ համահայկական խաղերին, որովհետեւ նախորդ խաղերից ունեինք 2 արծաթե, 2 բրոնզե մեդալ, եւ մեր հավաքածուի մեջ պակասում էր միայն ոսկեգույնը:
Դժգոհություններ էլ լսեցինք, թե ինչու չկարողացանք առաջին տեղ նվաճել, բայց առաջին տեղը հենց այնպես հո դրված չէ, որ գնաս-վերցնես: Հաղթեցինք հեղինակավոր շատ թիմերի, սակայն եզրափակիչում մեզ բաժին հասավ թեեւ նորեկ, բայց` գրեթե պրոֆեսիոնալ մի թիմ, որին պարտվելը նույնպես հաջողություն էր: Ի տարբերություն Ռոստովի մարզի հայկական` Չալդիրի թիմի ավելի տարիքով եւ ավելի փորձառու մարզուհիների, մեր սաները հիմնականում դպրոցականներ են: Մյուս կողմից` ոսկին նվաճելու մեր խնդիր դեռեւս մնում է ուժի մեջ, ինչին հասնելու մղումը կրկին խթան կդառնա մեզ համար 2015 թ.-ին կայանալիք 6-րդ համահայկական խաղերին մասնակցելու առումով:
-Ի՞նչ կազմով հանդես եկավ Սիսիանի հավաքականը:
-Մեր մարզադպրոցի սաներն էին, հրավիրել էինք միայն մեր նախկին սան Մարի Հովհաննիսյանին` 1986 թ.-ի ծնված, ում համար դա 3-րդ համահայկական խաղերն էր, սաներից մեկի համար էլ` 2-րդ, բայց նախորդ խաղերի ժամանակ նա ընդամենը պահեստային նստարանից էր հետեւում խաղերին: Անպայման ուզում եմ նշել Նարե Հովհաննիսյանի, Սոնա Սադեղյանի, Աստղիկ Սարգսյանի, Անի Պետրոսյանի, Անի Հակոբյանի գրագետ խաղը եւ միայն հաղթանակով տուն վերադառնալու անկոտրում ցանկությունը, ինչին եւ հասան:
-Դուք հաղթանակած տուն վերադարձաք, համահայկական խաղերը պատմություն դարձան, մեդալների եւ հաջողությունների Ձեր հավաքածուն ավելացավ եւս մեկով, ի՞նչ փոխվեց Ձեզ եւ Ձեր սաների համար:
-Մենք մեր անելիքն արեցինք, մենք գոհ ենք: Մենք մեզ գնահատված ու վարձատրված ենք զգում: Բայց երբ հաղթանակած «տուն» դարձանք, ասես հաղթողը, Սիսիանի անունը բարձրացնողը մենք չենք եղել. հավաքականի անդամները սեփական «տանը» որեւէ վերաբերմունքի, որեւէ ուշադրության չարժանացան: Դա էլ կուլտուրա է, դա էլ վերաբերմունք է: Ի վերջո, նրանք ընդամենը դպրոցահասակ երեխաներ են, համայնքի բնակիչ:
-Ձեր առաջիկա անելիքները:
-Նախապատրաստվում ենք հանրապետության չեմպիոնատին: Առաջին երկու փուլերում արդեն հաղթել ենք: Վստահ եմ` ոսկե մեդալը մերն է լինելու, որը մեր մարզադպրոցի, մեր սաների, մեր քաղաքի պատիվն է:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *