ՈՎ ՉԻ ՀԻՇՈՒՄ ԱՆՑՅԱԼԸ…

Սիսիանում չեմ ապրում, բայց՝ ապրում եմ Սիսիանով: Այստեղ է իմ կենսագրությունը, իմ անցյալը, իմ ամենաթանկ ու անմոռաց հուշերը, եւ … դպրոցը:

Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցն ինձ համար սոսկ դպրոց չէ, որտեղ սովորել եմ, որտեղ աշխատել եմ, դա մի ողջ սերնդի դաստիարակության քուրա էր, որը ոգի, հայրենասիրություն էր ներարկում…
Զինվորական ծառայության բերումով հիմա ապրում եւ աշխատում եմ Երեւանում: Բայց Սիսիանը շարունակում է մնալ եւ մնալու է այն միակ կենսատարածքը, որտեղից սկսվել եմ:
Օրերս տեղեկացա, որ Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում դասարան է անվանակոչվել Կապանի շրջանի Ծավ գյուղում ծնված Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյանի անունով՝ նրա 100 ամյակի կապակցությամբ:
Եթե ոմանք, կամ՝ շատերը այդ փաստով իրենց «երջանիկ» զգացին, թող շարունակեն զգալ: Բայց ես, անկեղծ ասած, մեծ ցավ ապրեցի:
Ես դեմ չեմ, որ հիշում եւ գնահատում են հերոսներին, ես խոնարհվում եմ նրանց առջեւ: Խնդիրը բոլորովին Հունան Ավետիսյանը չէ, հերոս, ում սխրանքն անմահ է, հիշատակը՝ հավերժող, ում հերոսական անվան եւ սխրանքի առջեւ խոնարհում եմ նաեւ արցախյան հերոսամարտի ճանապարնով անցած իմ խոնարհ գլուխը եւ երախտաշատ սիրտս:
Ես դեմ չեմ, որ Հունան Ավետիսյանի անունով դասարան անվանակոչվի, դեմ չեմ, որ արձան կանգնեցվի, դեմ չեմ, որ տասնյակ ու տասնյակ միջոցառումներ անցկացվեն ի հիշատակ նրա՝ կրկին առիթ ունենալով խոսել հայրենիքի եւ հայրենասիրության մասին, եւ ոչ միայն՝ հոբելյանական տարեթվերի կամ՝ առիթների դեպքում: Իսկ եթե նման անվանակոչությունները պայմանավորվում են միայն ամյակներով, ապա, մեղմ ասած, ոմանք այդ անվանակոչությունների ու ամյակների արանքում միայն իրենց են ուզում արժեւորել, ոչ թե՝ հերոսի սխրանքն ու հիշատակը:
Պարոնայք, Սիսիանն էլ է տվել Մեծ հայրենականի հերոսներ: Եթե մոռացել եք, հիշեցնում եմ… Ինչո՞ւ չեք հիշում եւ գնահատում Սովետական Միության՝ սիսիանցի չորս հերոսներին:
Իմ մտահոգությունն այն է, որ Սիսիանն էլ ունի նույնչափ՝ արժանի, նույն ժամանակների հերոսներ, որոնց կարելի էր նույն կերպ մեծարել, գնահատել, ովքեր նույնպես ամենաթանկը՝ կյանքը նվիրաբերել են հայրենիքին, եւ նրանց ու նրանց սխրագործությունները ներկայացնել նորօրյա սերնդին, ով այդպես էլ, համոզված եմ, չի ճանաչում ու չգիտի նրանց:
Իսկ նրա՞նց ով պետք է հիշի ու նրանց անուններով դպրոցներ ու դասարաններ անվանակոչի: Ոչ՝ ծավեցիներն իհարկե…
Եվ խոնարհաբար խնդրում եմ՝ սա բնավ չհամարել տեղայնական մտածողություն:
Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից գործող բանակին են միացել սիսիանցի 1000 երտասարդ: Այդ թիվը կտրուկ աճելուվ հասել է 5000-ի, այսինքն՝ ամբողջ շրջանի բնակչության 1/5 մասից ավելին: Ռազմաճակատներում ցուցաբերած արիության և խիզախության համար շուրջ 1500 սիսիանցի աժանացել է պարգևների: Իսկ չորս քաջազուն սիսիանցիներ՝ Լիպարիտ Իսրայելյանը (Բռնակոթ), Սամսոն Մկրտումյանը (Բռնակոթ), Անդրանիկ Մանուկյանը (Բնունիս), Գևորգ Առուստամյանը (Շաղատ) արժանացել են Սովետական Միության հերոսի կոչման: Չորս հերոս՝ միայն Սիսիանի շրջանից:
Սիսիանցի այդ հերոսների օրինակով, հայրենասիրությամբ տոգորված էր, որ Արցախ չտեսած սիսիանցին պաշտպանեց հայրենիքի սահմանը եւ իր ավանդն ունեցավ Արցախի հերոսական ազատագրման ժամանակ՝ իր ցասման սուրը փառքով դրելով պատյան:
Մտահոգվում եմ նրա համար, որ տարիներ հետո նույն անտարբերությանը չարժանանան արցախյան հերոսամարտին ընկած սիսիանցի հերոսները:
Սթափվեք, պարոնայք, տխուր է…
Մինչդեռ ասում եք՝ «Ով չի հիշում անցյալը…»

Վարդան ՄԿՐՏՉՅԱՆ
03.05.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *