ՈՐԵՎԷ ՀԱՄԱՅՆՔ ԴՈՒՐՍ ՉԻ ՄՆԱՑԵԼ ՀՀԿ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հարցազրույց ՀՀԿ Սիսիանի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Սամվել Թանգյանի հետ:

-Պարո՛ն Թանգյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ Սիսիանի կառույցի դերը տարածաշրջանի քաղաքական դաշտում:
-ՀՀԿ կառույցի դերը բարձր եմ գնահատում թե Սիսիան քաղաքում, թե տարածաշրջանի մյուս բնակավայրերում, ինչը պայմանավորված է այդ համայնքների բնակչության հետ ամենօրյա աշխատանքով:
Համոզված կարող եմ ասել, որ կառույցի դերը իրականում բարձր է ոչ թե իմ ասելով, կամ` իմ ներկայացնելով, այլ` բնակչության 80 %-ը նույնպես այդպես է գնահատում:
Մենք շատ ենք լինում համայնքներում, բոլոր համայնքներում ունենք կառույցներ, որոնց կողմից վեր են հանվում համայնքային ցանկացած խնդիր` լուծում տալու պահանջով:
Բայց քանի որ առաջիկայում համապետական ընտրություններ են, ժողովուրդը իր վստահության քվեով կարտահայտի այն, ինչը ես ասացի:
-Ազդեցիկ քաղաքական ուժի տեղական կառույցը ղեկավարելը նույնքան պատասխանատու ու պարտավորեցնող է՞:
-Երբ կուսակցությունը կամ` անձը իշխանություն ունի, պարտավորված է ծառայել իր ժողովրդին` չկուսակցականացնելով իրեն տրված իշխանությունը: Ոչ միայն որպես կուսակցության տարածքային կառույցի ղեկավար եմ կրում այդ պատասխանատվությունը, այլեւ` որպես մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ: Հավասարապես աշխատում եմ բոլորի համար եւ յուրաքանչյուր հարցի փորձում դրական լուծում տալ:
-Այդ երկու պատասխանատու պաշտոնները որքանո՞վ են օգնում, լրացնում իրար, կամ` խանգարում:
-Իրականում` մեկը մյուսին լրացնում է: ՀՀԿ տեղական կառույցի ղեկավարումն էլ նպաստում է, որ մեր ձայնը լսելի լինի համապատասխան օղակներում:
Այսօր Հայասատան ներկրված 25 հազար տոննա պարարտանյութից 2,500-ը հատկացվել է Սյունիքի մարզին, տրվել է 350 տոննա դիզվառելիք, ներկայացվել է եւս 200 տոննայի պահանջարկ, եւ, համոզված եմ, որ դա եւս կստանանք: Ոչ միայն Սիսիանի տարածաշրջանում, այլեւ` ողջ մարզում դիզվառելիքի եւ պարարտանյութի բաշխման առումով դժգոհություններ չեն եղել:
-Ըստ Ձեզ` ի՞նչ կարծիք կա ժողովրդի մեջ ՀՀԿ-ի մասին:
-Ժողովուրդը ինքը իր վերաբերմունքը կարտահայտի` իր քվեով, բայց ասեմ, որ մենք միշտ ենք եղել նրա կողքին, տեղյակ ենք նրան մտահոգող յուրաքանչյուր հարցի ու խնդրի, եւ միայն ընտրական շրջանում չէ, որ ժողովուրդը մեր հոգածության տակ է: Այսօր ոչ միայն ես, այլեւ` կուսակցության ցանկացած անդամ ժողովրդի կողքին է: Մյուս կուսակցություններին էլ խորհուրդ կտայի լինել ժողովրդի կողքին, որովհետեւ նա խնդիրներ շատ ունի, եւ եթե ամեն մեկը մի հարցի լուծում տա, բավականին հարցեր լուծված կլինեն:
Կան կուսակցություններ, որ համայնքներից 5-6 ձայն են տանում, հետո մոռանում են, որ այդ համայնքները իրենց թեկուզ այդքանով օգտակար են եղել եւ իրենք էլ պարտավորված լինեն թեկուզ այդքանով կանգնել նրանց կողքին:
-Պարո՛ն Թանգյան, ի՞նչ կարեւոր եւ առաջնահերթ խնդիրներ են լուծվել եւ լուծվում են տարածաշրջանի համայնքներում:
-Դեռեւս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ այցելել ենք տարածաշրջանի բոլոր համայնքներ, լսել բնակիչների պահանջները, ներկայացրել համապատասխան խնդիրները, եւ այսօր կարող եմ ասել, որ որեւէ համայնք դուրս չի մնացել ուշադրությունից: Շատ համայնքներում ներկայացված հիմնախնդիրներն արդեն լուծում են ստանում, շատերում` ընթացքի մեջ են:
Ես համոզված եմ, որ առաջիկա ընտրություններում նույնպես ՀՀԿ-ն կհաղթի, եւ մեր շատ ծրագրեր շարունակական բնույթ կստանան:
Ուշադրությունն ուղղված է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին:
-Կուսակցության շարքերը նոր համալրում ստանո՞ւմ են:
-Մի քանի օր առաջ 40 նորագիրներ մտան ՀՀԿ շարքերը, առաջիկա խորհրդի նիստով եւս 35-40 երիտասարդներ կանդամակցեն: Ես ուրախ եմ, որ նրանք կամավոր են ուզում դառնալ կուսակցական, հավատալով «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին:

Համարի նյութերը եւ լուսանկարները
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *