ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԵՑ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 27-ին թույլատրեց պետական «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառել «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը։

Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի` լիցենզավորված գործունեության իրականաց- ման համար անհրաժեշտ հիմնական գույքը (շենքեր, շինություններ, կառույցներ, արտադրական հզորություններ, գործող էներգատեղակայանքներ և գծեր) վաճառելու դեպքում լիցենզավորված անձը պետք է դիմի հանձնաժողովին` համաձայնություն ստանալու նպատակով:
Ամերիկյան «Կոնտուր գլոբալ» (Contour Global) ընկերության կողմից Որոտանի հէկերի համալիրը գնելու շուրջ կառավարության հետ բանակցությունների մասին հաղորդագրությունը տարածվել էր դեռ այս տարվա հունիսին, իսկ նոյեմբերի 23-ին ԱՄՆ Պետքարտուղարությանը հաղորդագրություն էր հրապարակել, որում մասնավորապես նշվում էր, թե «Կոնտուր գլոբալ» ընկերությունը $180 մլն-ի ներդրում կանի Հայաստանի էներգետիկ ոլորտում:
Որոտանի հէկերի համալիրը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը։ Համալիրի գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404,2 ՄՎտ: Այն բաղկացած է երեք հիդրոկայաններից` «Սպանդարյանի», «Շամբի» և «Տաթևի» հէկերից:

Արմենակ Չատինյան
CIVILNET
27.11.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *