ՈՐՈՏՆԱՎԱՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒ 700 ԱՄՅԱԿԸ

Որոտնավանքի տարածքը այդքան մարդաշատ հիշում եմ մեկ էլ… 1993 թ-ին, երբ վանքի բակում հուղարկավորում էին արցախյան ազատամարտի նահատակ Արմեն Մարտիրոսյան-Ազոյանին՝ Արջին…

Բայց այսօրվա մարդաշատությունը ուրիշ խորհրդով էր՝ նշվում էր հայոց երկրոդ Լուսավորիչ, երկրորդ Ոսկեբերան, Տիեզերագույն վարդապետ Հովհան Որոտնեցու ծննդյան 700 ամյակը, փառահեղ մի կենսագրություն, որ պատիվ է բերում ոչ միայն Սիսական աշխարհին, Սյունյաց տանը, այլեւ՝ ողջ հայ ժողովրդին:

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակար Հակոբյանի հանդիսապետությամբ եւ հոգեւոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեւր կարգ:

Ու Տերունական աղոթքի հնչյուներով վանքի հազարամյա կամարների ներքո վերստին վերահաստավտվեց, նորոգվեց մեր դարաDSC00878վոր կապը մեր ակունքներին, մեր արմատներին, մեր առաքելական հավատքին, ու զորանալով՝ զորացրեց մեզ…

«Ես շատ ուրախ եմ, որ մենք տարին սկսել ենք մեր հայրերի հետքերով քայլելով, Տաթեւի վանքով եւ գալով Որոտնավանք,-ասում է Սյունաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակար  Հակոբյանը ապա հավելում,- դրա համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Սյունյաց պետական կառույցներին, հանձին՝ մարզպետ տիար Խաչատրյանի, ով կարողանում է համախմբել եւ պետական ղեկավարներին եւ հավատացյալներին՝ ճիշտ ուղով տանելու ճանապարհին: Կարողանում է համախմբված բոլորին բերել դեպի եկեղեցի, բերել այն ակունքները, որտեղից որ ձեւավորվել է մեր ինքնությունը: Այս պատերի մեջ է աստված իր շնորհը տվել մեր հայրերին: Եվ այս շնորհը եթե մենք չունենանք եւ չզգանք մեր սրտերից ներս, ապա զուր ենք քարոզում կամ զուր ենք պայքարում հայոց անկախության եւ հայոց հավատքի համար»:

Խոսելով Որոտնավանքի, Հովհան Որոտնեցու՝ հայ հոգեւոր, կրոնական եւ գիտական կյանքում ունեցած դերի եւ նշանակության մասին, հայր Մակարը նշեց՝ «Սա այն վայրն է, որտեղից լուսավորվեց հայոց սուրբ եկեղեցին: Այստեղ ճգնած սրբի համար ասում են՝ սուրբ եւ երջանիկ, աստուծո անճառելի շնորհներով լցված սրբազան եւ տիեզերագույն վարդապետ»:

Հովհան Որոտնեցու տիեզերական մեծության արգասիքը համարեց 1373 թվականին Տաթեւի վանքի հռչակավոր համալսարանի հիմնադրումն ու այնտեղ դասավանդելը, «Այս համալսարանը նա հիմնեց, որ կարողանանք պայքարել Հայաստանում տեղ գտած սխալ գաղափարախոսությունների եւ սխալ ուսմունքների դեմ, սխալ դավանանքի եւ սխալ քաղաքականությDSC00888ան դեմ, որովհետեւ ինքը լավ տիրապետում էր այդ օրերի քաղաքականությանը եւ մեր հայրերի բոլոր մեկնություններին եւ ավանդություններին»,- հավելեց հայր Մակար Հակոբյանը:

Խոսել Հովհան Որոտնեցու 700 ամյակի մասին, որպես դրա անքակտելի մաս՝ անհնար է չհիշատակել մեր մյուս Տիեզերական վարդապետի ու Լուսավորչի՝ Գրիգոր Տաթեւացու մասին, ով Որոտնեցու աշակերտն էր ու հետնորդը:

«Նա էր, որ կարողացավ իր աշակերտի մեջ տեսնել այն մեծությունը, այն սրբությունը եւ աստուծո ներկայությունը, եւ քայլ առ քայլ ուսուցանելով հասցրեց մինչեւ վարդապետական աստիճանի եւ Տաթեւի վանքը ամբողջությամբ հանձնեց իր աշակերտին, որը շարունակեց իր հոր գործը: Որոտնավանքն ու Տաթեւի վանքը ոչ միայն Սյունիքի համար եղան սրբություն, այլեւ՝ ողջ հայոց ազգի համար եղան իբրեւ խորհրդանիշ, իբրեւ փրկության գրավատու: Այս վանքերը կարողացել են օտար ասպատակողներից փրկել մեր ժողովրդին, կարողացել են ուղղափառ հավատքը ճիշտ, մաքուր, անստգյուտ կեպով փոխանցել մեզ: Եւ այսօր եթե որեւէ հոգեւորական չի ապրում սուրբ Հովհան Որոտնեցու եւ սուրբ Գրիգոր Տաթեւացու քարոզածով, ապա նա չի կարող լինել ճշմարիտ հոգեւորական, ճշմարիտ հովիվ»:

Պատասխանելով մեր՝ Որոտնավանքի գործող-չգործող լինելու մասին հարցին, հայր սուրբը նշեց, «Այսօր սուրբ Հովհան Որոտնեցու 700 ամյակն է, եւ քանի որ այստեղից են սկսել մեր հայրեը, որոշեցինք, որ այստեղով սկսենք նրա 700 ամյակը նշելը եւ խնդրենք, որ աստված մի դուռ բացի, որ կարողանանք այս վանքը դարձնել գործող, չնայած գործող բառը չեմ ուզում օգտագործել, դարձնենք իրոք աղոթի տուն, որ նա ամբողջությամբ լինի այնպիսին, ինչպես որ եղել է անցյալում»:

Հովհան Որոտնեցու 700 ամյակը նշելը ինչով է պայմանավորվում եւ ինչով է կապվում մեր օրերի հետ ու ո՞րն է նրա խորհուրդը մեր հարցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ասաց՝ «Պիտի կարողանանք հիշել մեր անցյալը, որ ապագա ունենանք: Այս եկեղեցին երբեք այսքան մարդաշատ չէր եղել, այսօր այս մարդիկ եկան-հաղորդակցվեցին իրենց պատմությանը, հոգեւոր ավանդույթներին, եւ, համոզված եմ՝ ամեն մեկն իր հոգում մի լուսավոր բան տանելու է»:

Խոսելով հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունների համախմբվածության, միասնականության մասին, Ս. Խաչատրյանն ասաց՝ «Մեր պատմությունը ցույց է տվել, որ ինչքան հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունները միասնական են եղել, այնքան մեր ազգը դրանից ունեցել է հաջողություններ, իսկ երբ տարանջատվել են, չեմ կարծում, որ հաջողություններ լինեն: Մեր ժողովրդի պատմությունը «հարուստ է» նման օրինակներով»:

Այսօրինակ միջոցառումները կարեւոր համարեց նաեւ մեր ազգը եւ հայ առաքելական եկեղեցին պառակտելու փորձեր անող աղանդների դեմ պայքարում, քանի որ ինքը՝ Որոտնեցին մեծ պայքար է տարել աղանդների դեմ եւ հաղթել:

Լծենի հիմնական դպրոցի տնօրեն, պատմաբան Կարապետ Ամիրյանը ի մասնավորի նշեց, որ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում շատ կարեւոր են մեր ազգի երեւելիների, ազգային մեծերի հոբելյանների՝ հավուր պատշաճի նշելը, քանի որ նրանցից յուրաքանչյուրի կյանքը ինքնին հարենասիրության, հայրենանվիրումի վսեմաշուք մի դաս է, պատվիրան եւ պատգամ: «Գրեթե ամեն օր անցնում-դառնում ենք վանքի մոտով, խաչակնքում, ապավինում նրա զորությանը, զորացնում մեր հավատքը: Իսկ սեփական ժողովրդի պատմության մեջ անմահանալ եւ հարատեւել ամնեքին չէ, որ տրված է: Հովհան Որոտնեցու 700 ամյակը նշելը մեր մեծ պատմության մի խոսուն դասն է»:

Թե օրվա խորհրդից ով ինչ տարավ իր հոգում, յուրաքանչյուրն ինքը թող պատասխանի այս հարցին, բայց որ վանքի պատերը եւ սուրբ խորանը կրկին աստվածային խորհուրդով վերապրեցին ի վերուստ տրված իրենց իմաստը, ապացույցը կամարների տակ տարածված աստվածահաճ աղոթքը, մոմալույսն ու մոմաբույրն էին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

29.01.2015

 

Մեկ Արձագանքման ՈՐՈՏՆԱՎԱՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒ 700 ԱՄՅԱԿԸ համար

  1. Павел Саркисян says:

    Мец цанкутямб ев сиров кмаснакцеи айд мец ев патмакан миджоцарманы им папекан цнндавайрум.
    Аида Хачатрян (Саргсян )

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *