ՈՐՈՏՆԱՎԱՆՔՈՒՄ ՈՒԽՏԻ ՕՐ ԷՐ…

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է մեծագույն հայրապետներ Հովհան Երուսաղեմացի, Հովհան Օձնեցի, Հովհան Որոտնեցի եւ Գրիգոր Տաթեւացի սրբերի տոնը: Ի նշանավորումն տոնի՝ Որոտնավանքի հնադարյա, բայց՝ խնկաբույրի ու աղոթքի կարոտ կամարների ներքո մատուցվեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին ուխատավորներ Էջմիածնից, Հոկտեմբերյանից, Երեւանից, Սիսիանի տարածաշրջանի տարբեր բնակավայրերից: Սուրբ Պատարագը մատուցվեց Մայր աթոռի միաբան հայր Մինասի հանդիսապետությամբ եւ Սիսիանի ու Դարբասի հոգեւոր հովիվներ Տեր-Պարգեւի եւ Տեր-Ընծայի ներկայությամբ: Պատարագին մասնակցեց Դարբասի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մանկական երգչախումը:
Ուխտագնացությունը կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիրակության կենտրոնի նախաձեռնությամբ: Կնետրոնի աշխատակից Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը նշեց, որ տարիներ առաջ այստեղ եղել է որպես ճեմարանի սան, բայց հիմա այստեղ է որպես Մայր Աթոռի միաբան: DSC05455«Այսօր ուխտավորաբար եկել ենք Սյունյաց աշխարհ՝ մասնակցելու այդ մեծագույն հայրապետների եւ վարդապետների տոնին մատուցվող պատարագի վեհաշուք խորհրդին: Այսօր տոնն է եկեղեցու այն սուրբ հայրապետների, որոնց բարեխոսությունը հրավիրում է մեզ դառնալու մեկ ընտանիք, դառնալու Հիսուսի հետեւորդներ, սիրո հետեւորդներ, սիրո, ներման եւ այն մեծագույն շնորհների, որ աստված տալիս է յուրաքանչյուրին: Ամեն անգամ վարդապետների սրբազան մասունքներին մոտենալը մեզ դարձնում է դեպի Հիսուսի հետեւորդությունը՝ հիշեցնելու մեր ուխտը, որ մենք հայ քրիստոնյա ենք, որ հայ քրիստոնյան տարբերվում է, որ այլ տեղ չունենք փնտրելու երկնքի արքայությունը, քան՝ մեր մեջ, որ է մեր առաքելական սուրբ եղեղեցին»:
Խոսելով Որոտնավանքի մասին՝ Դավիթ սարկավագն ասաց, որ մեզ համար Որոտնավանքն այն մեծագույն սրբավայրերից մեկն է, որը իր ծաղկման եւ դպրության շենացումը գտավ վարդապետ սուրբ Հովհան Որոտնեցու ռաբունապետության կամ՝ վանահայրության օրոք, երբ այստեղ գործեցին բազմաթիվ վանական միաբաններ եւ վարդապետներ, որոնց գլուխը հետո պիտի դառնար իր երանելի հոգեւոր զավակը՝ տիեզերափառ Գրիգոր Տաթեւացին, ով DSC05516Ապրակույնաց վանքից հետո հիմնադրեց Տաթեւի համալսարանը:
«Մեր ուխտն այսօր նվիրված է հայ վանական կյանքի վերականգնմանը Որոտնավանքում»,-ասաց Դավիթ սարկավագը, հավելելով, որ հայ դպրության տիեզերափառ այս տաճարում պիտի վերստին վերականգնվի հագեւոր կյանքը, ամեն օր այս կամարների տակ լինի սաղմոսասացություն, հնչեն շարականն ու պատարագը, տարածվի խնկաբույրն ու աղթոքը, այս ուխտը թող դառնա Որոտնավանքի, կամ՝ Վաղատինավանքի նորոգման, նրա վերաբացվելու եւ վանական կյանքի ընթացքը իրագործելու ուխտ:
Էջմիածնից ժամանած ուխտավոր Լիլիթն ասաց, որ առաջին անգամն է Որոտնավանքում, շատ տպավորված է եւ մեծ ներշնչանքով ու հավատքով մասնակցեց պատարագին: «Երբ մտածում ես, որ ժամանակին այստեղ քայլել են Հովհան Որոտնեցու եւ Գրիգոր Տաթեւացու նման սրբերը, ու այստեղ նրանց ներկայությունը կա այս ամենի մեջ, քեզ շատ փոքր ես զգում նրանց հանդեպ: Բայց երբ այդ ժառանգությունը փոխանցվում է քեզ, դու էլ, որպես նրանց հետնորդ, պարտավոր ես այն կրել ու փոխանցել հաջորդ սերունդներին»,-ասում է Լիլիթը, նշելով, որ Որոտնավանքից հետո ուխտագնացությունը կշարունակեն դեպի Տաթեւ:
«Որոտան»

Մեկ Արձագանքման ՈՐՈՏՆԱՎԱՆՔՈՒՄ ՈՒԽՏԻ ՕՐ ԷՐ… համար

  1. Vladik Lernashenci says:

    surb gorc e vorin petq e hetevi amen mi hay.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *