ՈՐՊԵՍ ԱՐԱՐՈՂ ՁԵՌՔԻ ՈՒ ՄՏՔԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

1-21

Ապրիլի 1-ին Սիսիանում տեղի ունեցավ «Վի Էյջ Սթոուն» ՍՊ ընկերության` բնական քարերի արդյունահանմամբ եւ մշակությամբ զբաղվող գործարանի վերագործարկման հանդիսությունը, որն իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գործարանի բացման գեղեցիկ եւ տպավորիչ արարողությանը մասնակցեցին նաեւ նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:

Արտադրական ձեռնարկության գործարկման արարողակարգին մասնակցելուց, արտադրամասում շրջելուց, արտադրական գործընթացներին ականատես լինելուց, հաստոցների հզորությանը ծանոթանալուց, թողարկված պատրաստի արտադրանքը տեսնելուց հետո թե՛ երկրի նախագահի ու նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակության անդամների, թե՛ հյուրերի դեմքի արտահայտությունից ու տրամադրությունից կարելի էր կռահել նրանց` ոչ միայն հաճելիորեն զարմացած լինելը, հիացնող տպավորությունը, այլեւ` նման որակի ու ծավալի գործարան տեսնելու անակնկալությունը: Փաստը, սակայն, մնում է փաստ, եւ` շատ խոսում . գործարանը հավակնում է դառնալ սիսիանյան զբաղվածության խնդրի լուծման լուրջ երաշխավորը եւ ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու առաջին ծիծեռնակը:
Գործարանի վերագործարկմանը մասնակցած եւ նրա հզորություններով չափազանց տպավորված հյուրերից շատերի հետ զրուցելով ու նրանց կարծիքներն ու գնահատականները լսելով, կարծում ենք` չափազանցրած չենք լինի, եթե ասենք, ինչպես հավաստում էին նրանք, որ այն պատմական ու երկար սպասված, միաժամանակ` անակնկալ իրադարձություն էր ոչ միայն Սիսիանի, այլեւ` իրենց համար, բայց նաեւ` չափազանց ուրախացնող:
Գործարանի գործարկումը նրանք պատմական համարեցին մի քանի առումով. նախ`  երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ` հերքելով ժողովրդի մեջ տարածված այն մտայնությունը, որ երկրի բարձր ղեկավարությունը մարզեր, ծայրամասային բնակավայրեր այցելում է միայն ընտրությունից ընտրություն:
Երկրորդ կարեւոր իրողությունն այն է, որ ֆինանսատնտեսական այս ճգնաժամային պայմաններում, երբ փակվում են շատ ու շատ արտադրություններ ու ձեռնարկություններ, երբ ճգնաժամային պայմաններում ապրելու ծանր հոգեբանական ընկճվածությունը գրեթե կլանել ու անհեռանկար է դարձրել մարդկանց գոյատեւելու հույսը, բացվում է նման ծավալի ու հզորության, միջազգային չափանիշներով գործարան` հույսի ազդակ դառնալով գործազրկության ճիրաններում առավել խորը հայտնված սիսիանցիների կյանքում:1-22
Նման բարձրաճաշակ եւ միջազգային չափանիշներով արտադրանք թողարկող եւ արտադրություն կազմակերպող գործարանի գործարկումը Սիսիանում իրադարձություն համարվեց նաեւ այն առումով, որ այն կառուցվել է ոչ թե մայրաքաղաքում կամ մերձմայրաքաղաքային որեւէ բնակավայրում, այլեւ` մայրաքաղաքից շատ  հեռու, արտադրական որեւէ լուրջ ձեռնարկություն չունեցող բնակավայրում, որն այսօր հպարտանալու եւ մխիթարվելու շատ քիչ բան ունի, եւ որն այս առումով հատկապես աշխատատեղ ապահովող ձեռնարկության կարիքն ունի:
Այսօրնակ գործարանի առկայության փաստով ինքնին տպավորված էին բոլորը, իսկ Սիսիանի շրջանը եւ քաղաքը տարբեր տարիների ղեկավարած պաշտոնյաները` Հենզել Առաքելյանը, Նորայր Հակոբյանը, Շչորս Դավթյանը, ինչպես նաեւ ծնունդով, արմատներով, գործունեությամբ Սիսիանին անքակտելիորեն կապված բարձրապաշտոն երեւանաբնակ մեր հայրենակիցներ Յուրի Ջավադյանը, Ռոլանդ Ադոնցը, Գագիկ Մկրտումյանը, Գագիկ Ոսկանյանը եւ այլոք այն համարեցին ոչ միայն մեծ ռիսկայնություն, ոչ միայն մեծ ջանքի ու համառ կամքի դրսեւորում, ոչ միայն արարող ձեռքի ու մտքի առհավատչյա, այլեւ` մեծ հայրենասիրություն, սեփական տանը արժանապատիվ ապրելու դրսեւորում, ինչը վերջին տարիներին չափազանց պակասել է Սիսիանում:
Սիսիանի արտադրատնտեսական, հանրային, ինչու չէ, նաեւ` քաղաքական կյանքում ունեցած իր դերով ու նշանակությամբ շատերը գործարանի կառուցումն ու շահագործումը համեմատեցին միայն խորհրդային կարգերի փլուզումից առաջ կառուցված Սիսիանի օդանավակայանի, պանրագործարանի եւ տրիկոտաժի ֆաբրիկայի հետ, իսկ խորհրդային կարգերի փլուզումից հետո` եզակի եւ անհամեմատելի:
Գործարանի վերագործարկման աննախադեպ հանդիսավորությունը, հյուրընկալումի պատշաճ մակարդակը, գործարանն արժանվույնս ներկայացնելու բացառիկ ու բարձրակարգ ճաշակը մեկ անգամ եւս, եւ` ոչ միայն սիսիանյան հանրային կյանքում, առիթ տվեցին խոսել մերօրյա արժեքների ու չափանիշների, դրանց արմատավորման եւ արժեւորման, ինչպես նաեւ` ավանդույթ դարձնելու անհրաժեշտության մասին, քանի որ, որպես այդպիսին, դրանք գրեթե ոչնչացվել էին մեր իրականության մեջ` կասկածի տակ դնելով Սիսիանի` ինտելեկտուալ լինելը:
Հաճելիորեն աչք ու միտք շոյող էր տեսնել Սիսիանի գործող եւ առաջին քաղաքապետերի, այսինքն` ներկա եւ նախորդ իշխանությունների համագործակցությունը` հանուն Սիսիանի, հանուն Սիսիանում տարիներ շարունակ երկրորդ իշխանության անմնացորդ ջանքերով խաթարված ու խեղաթյուրված մարդկային փոխհարաբերությունների ու բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման: Ոգեշնչող է նաեւ հավատալ, որ իշխանափոխությունից հետո Սիսիանում ձեւավորվում է տնտեսական, բարոյական, հոգեբանական, ի վերջո, պարզ-մարդկային փոխհարաբերությունների կուլտուրա, որի հիմքը տարիներ առաջ փորձեց դնել այս գործարանի  տնօրեն, Սիսիանի առաջին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը` բարեկամության, համագործակցության ձեռք առաջարկելով իրեն հաջորդած իշխանությանը, ինչը, ցավոք, չստացվեց ու չընկալվեց, եւ չէր էլ ընկալվելու ինտելեկտների եւ նպատակների անհամատեղելիության պատճառով, ինչից տուժեց միայն Սիսիանը:
…ԵՎ մինչ կառուցելու եւ պահպանելու փոխարեն գրեթե մեկ տասնամյակ շարունակ «կառուցած ու կառուցող» լինելու քողի տակ ավերվում ու թալանվում էր սիսիանյան համանքային սեփականությունը, բոլորի աչքից, բայց` ոչ ուշադրությունից հեռու, քաղաքի նախկին` բանվորական ու արտադրական կոչվող` Շիրակի թաղամասում, լամպերի նախկին գործարանի վաղուց լռած պատերից ներս, քար էր դրվում քարին, հաստոց էր ավելանում հաստոցին, պատ էր ավելանում պատին, ու ծնվում, կառուցվում, ստեղծվում ու արարվում էր հզոր, հանրապետությունում իր տեսակի ու ծավալի մեջ եզակիներից մեկը համարվող բնական քարերի մշակման գործարանը որպես սեփականատիրոջ ստեղծարար, գարծարար ու գործնական, ինտելեկտուալ ու արարող կերպարի այցեքարտ, որպես նրա անընդգրկուն մտքի թռիչքի, բարձր ճաշակի ու լայն մտահորիզոնի, նպատակասլացության ու անկոտրում կամքի վկայություն, նաեւ` որպես տարիներ շարունակ տենդորեն նրա հասցեին հնչած, բայց արհամարհված ու լռության մատնված զրպարտությունների ու բանսարկությունների հուժկու պատասխան: Այն ամենը, ինչ ստեղծեց եւ կարող էր ստեղծել Գառնիկ Հովակիմյանը Սիսիանի համար, ետ ընկավ գրեթե 10 տարով, որից տուժեց միայն Սիսիանը` երկրի ընդհանուր զարգացումներից ետ մնալով գրեթե 10 տարով: Իսկ ժամանակի սրընթաց թռիչքի մեջ, երբ օրն անգամ հսկա ժամանակ է, Սիսիանի 10 տարվա նյութական, տնտեսական, բարոյական, քաղաքական, հոգեբանական կորուստը եւ կորցրածը ետ բերելը, կարծում ենք, քիչ ժամանակ չի պահանջելու: Կարեւորն այն է, սակայն, որ սկիզբն արդեն դրված է. ՀՀ նախագահի սիսիանյան այցին եւ գործարանի գործարկմանը նախորդած 1-2 օրը նշանավորվեց Սիսիանի փողոցներից 9 տարվա ավգյան աղբը մաքրելու եւ սանիտարական տեսքի բերելու գործընթացով, ինչը բավականին լավ ընդունվեց հենց բնակչության շրջանում: ՈՒզում ենք հավատալ, որ նույն ջանադրությամբ ու նախանձախնդրությամբ կզուլալվի նաեւ Սիսիանի հանրային ու համայնքային կյանքը:
Այսօրինակ ու այս ծավալի գործարանի շահագործումը շատերին հասկանալ տվեց նաեւ, որ իրենց մանր-մունր հավակնությունների, Սիսիանի կյանքում ինչ-որ կամ` որեւէ դեր ունենալու պրիմիտիվ մարմաջի արդյունքում որքան է տուժել առավելապես Սիսիանը, եւ չուզենալով անգամ չկարողացան չհաշտվել այն իրողության հետ, որ ժամանակը, ամենազոր եւ ամենակարող ժամանակն է սրբագրում ամեն ինչ եւ ամենքին եւ յուրաքանչյուրին դնում իրեն արժանի տեղը, ինչպես որ, ահավասիկ, դրեց:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

211 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *