ՈՐՊԵՍ ԲՈՂՈՔԻ ԵՎ ԲՈՅԿՈՏԻ ՆՇԱՆ` ԼՔԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԸ

Սիսիանի համայնքի ավագանու` 2008թ.-ի ապրիլի 23-ի նիստի` ՄՊՍԿ-ի առաջին հարկի մոտ 400մք տարածքը սակարկային աճուրդի եղանակով օտարելու որոշումն ընդունելուց հետո Սիսիանի քաղաքագլխի եւ ՄՊՍԿ-ի կոլեկտիվի անդամների «ջուրը սկսեց նույն առվով չհոսել», քանի որ նմանատիպ որոշում ընդունելուց հետո կոլեկտիվի անդամներն իրենց «դավադրորեն եւ նենգորեն» խաբված զգացին: Խնդիրն այն էր, որ բանավոր համաձայնության գալով քաղաքապետի` «տարածքն ավելի լավ պայմաններով վարձակալության տալու» առաջարկին` այն տրամադրվել էր Սիսիանի քաղաքապետի որդուն, որը, ինչպես տարածված խոսակցություններն էին ասում, կազինո-խաղատուն-զվարճանքի կենտրոն էր կառուցում` զանազան պատասխաններով խուսանավելով կենտրոնի հետ վարձակալության պայմանագիր կնքելուց: (Հետագայում, ի դեպ, քաղաքապետի նորանշանակ խորհրդական Վարդան Բալյանը շեշտեց, որ պետք չէ որեւէ բանավոր համաձայնություն հիմք ընդունել, ինչին, մանավանդ` տվյալ պարագայում, համամիտ էին բոլորը: Վարդան Բալյանը ի գիտություն հայտարարեց նաեւ, որ տարածքը 6-7 ամիս զբաղեցրած լինելու վարձավճարները չեն էլ մուծվելու եւ կմուծվեն միայն նոտարի կողմից վավերացված պայմանագրի կնքման պահից հետո):
Կենտրոնի եւ տարածքը տնօրինողի միջեւ վարձակալության պայմանագրի չկնքումը եւ վարձավճարների չվճարումը, պարզվում է, բնավ էլ պատահական չի եղել. նպատակ կար ժամանակ շահել մինչեւ «հրապարակային աճուրդն անցկացնելը եւ այդ աճուրդում քաղաքապետի որդուն հաղթող ճանաչելը»: Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ մանկապատանեկան ուսումնական հաստատությունում «կազինո» կառուցելու անթույլատրելի երեւույթի դեմ ըմբոստացած կոլեկտիվի անդամները պաշտոնական բացատրություն պահանջեցին վերադաս համայնքային կազմակերպությունից` քաղաքապետարանից, պահանջեցին նաեւ իրենց տրամադրել ավագանու կողմից տարածքն աճուրդային սակարկության միջոցով օտարելու մասին պաշտոնական պատասխան: Սիսիանի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյա Վիկտոր Պետրոսյանը կոլեկտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ «Լավրենտ Սարգսյանի անունից պաշտոնապես հերքել է տարածքն օտարելու մասին տեղեկությունը եւ հավաստիացրել, որ վարձակալության պայմանագիրը ստորագրվելու է տնօրինության եւ շինարարություն կատարողի միջեւ` շինարարության ավարտից հետո»: Սակայն կոլեկտիվի անդամներին այս բացատրությունը համոզիչ չի թվացել, որովհետեւ ավագանու շատ անդամներ են հավաստիացրել ավագանու հիշյալ նիստում նման որոշում ընդունելու եւ նիստի արձանագրության տակ իրենց ստորագրությունը դնելու մասին: Հարցն այնպիսի հնչեղություն եւ սրություն է ստացել, որ հասել է ընդհուպ  նախագահական նստավայր, վերահսկիչ պալատի` այդ օրերին Սիսիանում ստուգումներ կատարող հանձնաժողովի անդամներին: Միանգամից ընդհատվել են բուռն թափով ընթացող շինարարական աշխատանքները, կողպվել են «ապագա կազինոյի» մուտքի դռները` սպասելով պատեհ ժամանակների: Եւ այդ պատեհ առիթը չուշացավ, սակայն` ոչ ի նպաստ Սիսիանի քաղաքապետի: Հուլիսի 17-ին հրավիրվել է ավագանու արտահերթ նիստ, որը չեղյալ է համարել 2008թ.-ի ապրիլի 23-ի նիստի` ՄՊՍԿ-ի առաջին հարկի մոտ 400մք տարածքը սակարկային աճուրդի եղանակով օտարելու որոշումը: Այդ դեպքում հարց է ծագում` ինչո՞ւ էր Վիկտոր Պետրոսյանը քաղաքապետի անունից պաշտոնապես հերքել տարածքն օտարելու որոշումը: Եթե նման որոշում կայացել էր, ինչու էին ստում պետական պաշտոնյաները: Մյուս կողմից` եթե նման որոշում չի կայացվել, ի՞նչ որոշում է արտահերթ նիստով չեղյալ համարվել: Իսկ երբ այս մասին հարցրել են Վիկտոր Պետրոսյանին, նա պատասխանել է, որ ինքը դրան տեղյակ չի եղել: Բայց, ինչպես ասում են, այս խմորը շատ ջուր տարավ: Աչքակապությունը, սակայն, սրանով չի ավարտվել. օրերս էլ քաղաքապետի նորանշանակ խորհրդական Վարդան Բալյանը կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ավագանու արտահերթ նիստ չի եղել եւ նման խնդիր չի քննարկվել: Իսկ երբ ավագանու արտահերթ նիստին մասնակցած Հենրիկ Մարտիրոսյանը պնդեց, որ ինքն անձամբ է մասնակցել ավագանու արտահերթ նիստին, հիմա էլ Վարդան Բալյանը ժխտեց` ասելով, որ դա եղել է ոչ թե արտահերթ նիստ, այլ` խորհրդակցություն: Այստեղ էլ, կարծում ենք, միտում կա թաքնված, որովհետեւ ավագանու արտահերթ նիստում որոշում է ընդունվել ՄՊՍԿ-ի ֆինանսական գործունեությունն ուսումնասիրող հանձնախումբ ստեղծել` հետագա գործողությունները այդ հանձնախումբի ստուգումների արդյուքում կատարված եզրակացություններով պայմանավորելու: Սակայն այդ հանձնախումբը չի ստեղծվել, եւ չի կատարվել ավագանու որոշումը, ուստի եւ ոմանց համար նպատակահարմար է ավագանու արտահերթ նիստը քողարկել ինչ որ խորհրդակցությամբ` ավագանու որոշումը չկատարելը շրջանցելու նպատակով: (Ի դեպ, ավագանու շատ անդամներ մեզ եւս հավաստիացրել են, որ արտահերթ նիստում այս հարցերը քննարկվել են): Թե «տունտունիկ» հիշեցնող մանկական ինչ խաղ են խաղում պաշտոնատար անձինք, իրենք կիմանան, որը, բնավ էլ, ՄՊՍԿ-ի կոլեկտիվի անդամներին ետ չի պահում իրենց իրավունքները եւ շահերը պաշտպանելու սկզբունքից:
ՄՊՍԿ-ի կոլեկտիվի անդամների ըմբոստացման այս հանգամանքն, իհարկե, «անհետեւանք» չէր կարող թողնել համայնքի ղեկավարը, մանավանդ որ, առաջիկայում համայնքապետի ընտրություններ են, եւ նա պիտի փորձեր վարչական ինչ-ինչ միջոցներով «կարգի հրավիրել խռովարարներին»` փորձելով նրանց եւ մյուսներին «հիշեցնել գործնականում գոյություն չունեցող համայնքապետի իր գոյության մասին»: Համայնքային ենթակայության մի քանի ղեկավարներ, ուսումնական վարձավճարների գանձումը թերի կատարելու եւ այլ պատճառներով ստացան դիտողություն, նկատողություն, իսկ Հենրիկ Մարտիրոսյանը` խիստ նկատողություն: Սակայն այստեղ էլ քաղաքապետը հուսախաբ եղավ, քանի որ «ֆինանսական պատիժ » կիրառելու մեթոդը բնավ էլ կոլեկտիվին ետ չպահեց անօրինականությունների դեմ իր պայքարից` հարցին տալով նոր հնչեղություն, խնդրի մասին իրազեկելով պետական բազմաթիվ ատյաններ, որոնք հետաքրքրվել եւ ուսումնասիրել են առկա վիճակը, որի մասին համապատասխան եզրակացության պատրաստումը դեռեւս ընթացքի մեջ է:
Սակայն նախընտրական այս թոհուբոհում, ընկնելով ցայտնոտային իրավիճակի մեջ, եւ, հավանաբար Երեւան-Սիսիան ճանապարհի` Բազարչայի շոգախեղդ պերեվալը հաղթահարելու դժվարանց հատվածում ինչ որ «դաբրոներ» կորցնելով` համայնքապետը «սեփական տիրության սահմաններ հասնելիս» ինքն է փորձել դեպքերից առաջ ընկնել եւ անպայման վատ խորհուրդ ստանալով` կատարել իր եզրակացությունը` 2008թ.-ի օգոստոսի 25-ի թիվ 38 կարգադրությամբ Հենրիկ Մարտիրոսյանին ազատելով աշխատանքից: Կարգադրությունը օգոստոսի 27-ին կոլեկտիվին է ներկայացրել նորանշանակ խորհրդականը` անհրաժեշտ համարելով հիշեցնել, որ քաղաքապետը նրան առաջարկել էր նոր, ավելի լավ աշխատանք քաղաքապետարանում, ինչը Հենրիկ Մարտիրոսյանը մերժել էր: Մեկ այլ կարգադրությամբ ՄՊՍԿ-ի նոր տնօրեն է նշանակվել Սասուն Ներսիսյանը:
Հենրիկ Մարտիրոսյանը, որը մինչ այդ հրաժարվել էր նաեւ սեփական դիմումով աշխատանքից ազատվելու առաջարկից, այլեւս անիմաստ համարելով որեւէ փաստաթղթային բացատրություն, հայտարարեց, որ ինքն իր իրավունքները կպաշտպանի դատարանում: Թե նա, թե կոլեկտիվի անդամները գտնում են եւ համոզված են, որ սա «նախընտրական հաշվեհարդար է» իրենց նկատմամբ` տարածքն օտարելու որոշման դեմ իրենց ըմբոստացման պատճառով, առավելապես, որ այդ տարածքը պիտի տնօրիներ Լ. Սարգսյանի որդին:
Բայց այն, ինչ տեղի ունեցավ նորանշանակ տնօրենի` խոսք խնդրելու ժամանակ, անակնկալ էր կարգադրությունները քաղաքապետարանից ՄՊՍԿ բերած աշխատակիցների համար. կոլեկտիվի անդամները, խնդիրը համարելով չլուծված եւ անտեսելով քաղաքապետի խորհրդական Վարդան Բալյանի` «շանտաժ հիշեցնող» խոսքի երանգն ու ոճը եւ նախօրոք հրապարակված «կոռեկտության սահմաններում մնալու» եւ «քաղաքային իշխանությունների այս նախաձեռնությանը դիմադրություն չկազմակերպելու» պաշտոնական սպառնալիքախառն հաղորդագրության «մեծահոգի հորդորը», ի նշան բողոքի ու բոյկոտի, միահամառու եւ միակամ լքեցին տնօրենի աշխատասենյակը` այնտեղ թողնելով միայն քաղաքապետարանի կարկամած եւ շփոթված ներկայացուցիչներին:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *