ՈՐՊԵՍ ՀԱՏՈՒՑՈՒՄ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԻ

Տոլորս գյուղի բնակիչ 18 ամյա Ներսես Աբոյի Գալստյանը մայիս ամսին համալրեց ՀՀ ՊՆ N զորամասի լավագույն մարտիկների շարքերը: Կարճ ժամանակամիջոցում նա հասցրեց դառնալ հայրենիքին ծառայող բարեխիղճ զինվոր, ինչը վկայում են զորամասի հրամանատար Ս. Հակոբյանի կողմից ուղարկված շնորհակալական նամակները, որի հասցեատերերը զինվորի հարազատներն ու դպրոցի տնօրինությունն են: Զորամասի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում նրանց` շարքային Գալստյանին հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար:
Ներսեսի մայրը` տիկին Արմենուհին, Ներսեսին եւ մյուս 3 զավակներին մեծացրել ու դաստիարակել է առանց ամուսնու, դա էր, թերեւս, պատճառը, որ նամակում գրված տողերը տիկին Արմենուհին կարդաց ուրախության ու տխրության արցունքներն իրար շաղախած. երանի հայրը ողջ լիներ, ինքն էլ տեսներ, թե ինչպիսի որդի ունեն: Նամակում գրված խոսքերը  տիկին Արմենուհու համար որդուն նվիրաբերած տարիների ու անցկացրած դժվարին օրերի հատուցումն էին:
Մենք եւս կիսում ենք Ներսեսի հարազատների ուրախությունը եւ միանում հրամանատարության մաղթանքներին` ասելով` «Քեզ նորանոր հաջողություններ, զինվո՛ր, արժանի ծառայություն եւ բարի վերադարձ»:

Անի ՍԻՄՈՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *