ՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ ՈՒ…

ՕՐՕՐՈՑԱՅԻՆ


Աշխարհն այսօր տագնապների մեջ է. պատերազմի արհավիրքն ամեն վայրկյան կախված է օդում` աշխարհի որ անկյունում էլ լինի: Աշխարհի խաղաղությունը հիմա շատ փխրուն է ու դյուրաբեկ: Իսկ տարածաշրջաններ էլ կան, ուր բնակչությունն ապրում է պատերազմի եւ խաղաղության միջանկյալում:
Հակամարտող տարածաշրջաններից է նաեւ Կովկասը, մասնավորաբար` Հարավային Կովկասը: Հակամարտություններին դեմ են մարդիկ, աշխատող, ստեղծող, ստեղծագործող մարդիկ, հատկապես` կանայք, ովքեր իրենց սերը, ջանքը, աշխատանքը ծառայեցնում են հակամարտությունների վերացմանը, եւ աշխարհին խաղաղություն են ցանկանում, իրենց տարածաշրջանին` անկրակոց առավոտներ ու խաղաղ մայրամուտներ եւ փորձում են իրենց ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության կառուցման ու ամրապնդման գործընթացին:
Այս գաղափարին է միտված նաեւ «Հարավային Կովկասում խաղաղության կառուցման համար կանանց հնարավորությունների հզորացում» տարածաշրջանային եռամյա ծրագիրը, որի նպատակը խաղաղության կառուցման գործընթացում կանանց դերի բարձրացումն է, նրանց ակտիվացումն ու ինքնավստահության մեծացումը, ինչը խրախուսում է նաեւ  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձեւը: Ծրագիրը ներառում է Հարավային Կովկասի երկրները եւ միաժամանակ անցկացվում Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում` ընդգրկելով հակամարտության մեջ գտնվող 20 համայնք, որից 4-ը` Հայաստանում: Հայաստանի այդ համայնքներն են Խաչիկը, Գորիսը, Կոռնիձորը եւ Սիսիանը: Ծրագրի գլխավոր գործընկերն է «CARE INTERNATIONAL ԿՈՎԿԱՍՈՒՄ» կազմակերպությունը: Հայաստանում այն իրականացվում է «Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի հայկական կոմիտե» ՀԿ-ի կողմից, ֆինանսավորվում է Եվրամիության եւ Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից:

Սիսիանի համայնքում ստեղծվել է հակամարտող երկրների կանանց` Սիսիանի նախաձեռնող խումբ, որը փորձում է կովկասյան փխրուն խաղաղության ամրապնդմանը նպաստելուն ծառայեցնել նաեւ սիսիանցի կնոջ ջանքն ու աշխատանքը: Այն կնոջ, որը ինքը արցախյան պատերազմի ողջ ծանրությունն ու դժվարությունն է կրել իր ուսերին` դառնալով ռազմաճակատում իր երկրի ու իր արժանապատվությունը պահող հայ տղամարդու թեւ ու թիկունքը ու մնացել տոկուն, մնացել ուժեղ, մնացել հայ` պահպանելով նաեւ կանացիությունն ու ստեղծագործ էությունը:
Հակամարտող երկրներում խաղաղության կառոււցման համար կանանց հնարավորությունների հզորացման առաջին քայլերից մեկը Սիսիանի կանանց նախաձեռնող խմբի կողմից հոկտեմբերի 8-ին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում բացված «Դաղծի ծաղիկ» խորագիրը կրող ցուցահանդեսն էր, որին իրենց ձեռքի աշխատանքներով մասնակցեցին 2 տասնյակից ավելի ստեղծագործող կանայք եւ աղջիկներ, նաեւ` դպրոցահասակ երեխաներ, ինչը, թերեւս, ցուցահանդեսի ամենամեծ անակնկալներից ու ձեռքբերումներից էր: Ասել կուզե, որ ստեղծագործելու, արարելու, ստեղծելու, տղամարդու կողքին եւ նրան հավասար լինելու կնոջ առաքելությունը փոխանցվում է եկող սերնդին, որը, տա աստված, ապրի ու ստեղծագործի հակամարտություններից զերծ ու խաղաղ աշխարհում ու կատարի միայն ի վերուստ կնոջը տրված առաքելությունը:
Ցուցահանդեսի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ, լինելով առաջինը իր տեսակի մեջ, այն դուրս էր եկել սիսիանյան շրջանակներից, քանի որ նրան իրենց ձեռքի աշխատանքներով մասնակցեցին նաեւ Բռնակոթ, Աշոտավան, Շաքե համայնքների ստեղծագործող կանայք եւ աղջիկներ ու դպրոցականներ:
Ձեռագործ աշխատանքների այս ինքնատիպ ցուցահանդեսն առանձնացավ նաեւ նրանով, որ շատ շատերն իրենց ստեղծագործական կյանքի ընթացքում առաջին անգամը մասնակցեցին մնան ցուցահանդեսի, թեեւ միշտ ցգացել են դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Սակայն, ինչպես նրանցից շատերն էին ասում, մնան առիթ ու հնարավորություն չեն ունեցել եւ, որպես ստեղծագործ անհատներ, փակվել են իրենց տան պատերի ներսում` մնալով անհայտ ու անծանոթ հանրությանը:2010_105
Ինչպես նշեց ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը` նախաձեռնող խմբի ակտիվիստ Գայանե Սիմոնյանը, ցուցահանդեսի նպատակը ոչ թե ձեռարվեստի կամ ձեռքի աշխատանքների գլուխգործոցներ ցուցադրելն էր, այլ` սիսիանցի ստեղծագործող կնոջը տարածաշրջանում ընթացող տնտեսական, քաղաքական, մշակութային ինտեգրացիոն գործընթացներին մասնակից դարձնելն է, խաղաղության կայունացման գործում կնոջ դերի բարձրացումը եւ, ինչու չէ, նաեւ սեփական ընտանիքին օգտակար լինելով` հանրությանը նույնպես պիտանի լինելու զգացողության մեծացումը, որովհետեւ այն, ինչ ընտանիքի եւ հանրության համար կարող է անել եւ անում է կինը, արդեն քաջություն եւ սխրանք է:
Ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսի մասնակիցներից շատերն ինքնուս են, շատերը` չեն աշխատում, ոմանք նաեւ աշխատում են, սակայն բոլորին միավորում է կին եւ ստեղծագործող լինելու իրողությունը եւ այն հանգամանքը, որ, լինելով բազմազբաղ, հոգսաշատ, իրենց ուսերին կրելով տան, ընտանիքի խնամքը, նրանք չեն կորցրել իրենց հոգու ստեղծագործ կրակները եւ այդ ամենին զուգահեռ ու համընթաց` կարողացել ու կարողանում են գեղեցիկ գործել, նկարել, թխել, հյուսել, ստեղծել, ձեւավորել` այդպես գեղեցկացնելով եւ գունավորելով նաեւ իրենց կյանքը, լցնելով ու հարստացնելով իրենց ժամանակը, այդպես նաեւ ինքնադրսեւորվել որպես անհատականություն, որպես էություն:
2010_103Գայանե Մարգարյանը 3 դուստրերի մայր է: Սոցիալական դժվարությունների առաջ չի ընկրկել, չի տրտնջացել: Օժտված լինելով նկարելու, ստեղծագործելու շնորհներով, կարել է ու գործել, երբեմն` վաճառել իր ձեռքի աշխատանքները, ընդունել է պատվերներ  եւ գոհացրել անգամ ամենաքմահաճ պատվիրատուին, որովհետեւ ինչ որ արել է, արել է սիրով եւ ստեղծագործ մարդու պատվախնդրությամբ: Սիրով էլ մասնակցեց այս ցուցահանդեսին` այն համարելով տոն, քանի որ սիսիանցի ստեղծագործող կանայք իրենց հոգու մասնիկները դուրս են հանել իրենց տներից` ներկայանալու հանրությանը: «Հենց մեր կանայք են , որ պատերազմի տարիներին գուլպա գործելով կանգնեցին իրենց ամուսինների թիկունքին: Կինը պարապ չի կարող նստել եւ դրա իրավունքն էլ չունի: Թող գործեն, ցուցադրեն, ցուցադրվեն, վաճառեն, սեղան պատրաստելն անգամ արվեստ դարձնեն: Ամեն ինչի մեջ ճաշակ, գույն, երանգ, հետաքրքրություն կա: Թող համալսարաններում սովորեն կամ չսովորեն, բայց կին եւ մայր լինել պարտավոր են: Թող տղամարդիկ իրենց տղաներին ռազմական գործ սովորեցնեն, մուրճ բռնել ու մեխ խփել սովորեցնեն, իսկ կանայք` հյուսել, կարել, տնտեսություն կազմակերպել սովորեցնեն իրենց դուստրերին: Ուրախ եմ ցուցահանդեսին մասնակցելու համար: Իրար ճանաչեցինք, իրարից թեկուզ մեկ բան սովորեցինք, շփվեցինք: Դա արդեն ձեռքբերում է»,- ասաց Գայանե Մարգարյանը: Նրա հետ ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ դուստրը` շնորհաշատ Օվսաննան, որը եզակի ու նոր ոճ էր բերել  ցուցահանդես եւ, ընդհանրապես, սիսիանյան ստեղծագործական միջավայր: Նրա` բատիկայի` նկարազարդում հագուստի վրա ձեռքի աշխատանքները մեծ հետաքրքրություն առաջացրեցին, եւ հենց ցուցահանդեսի հյուրերից` ծրագրի ղեկավար Էնթընին գնեց Օվսաննայի աշխատնաքը Իտալիայում բնակվող կնոջը նվեր տանելու համար: Դա արդեն գնահատական է թե՛ ցուցահանդեսին, թե՛ մասնակցին:
Նման ցուցահանդեսի մասնակցելը, թերեւս, նորություն չէր Արմինե Խաչատրյանի եւ Ամալյա Դանիելյանի համար, նրանց արդեն ճանաչում են սիսիանյան ձեռարվեստի շրջանակներում, իսկ ահա Նելլի Սարգսյանի համար այն հաճելի նորություն էր: Նելլին չի աշխատում, բայց եւ չի սահմանափակվում միայն երեխաների խնամքով: Թեեւ աշխատանք է փնտրում, բայց կարողացել է գտնել նաեւ իր ինքնաարտահայտման, ինքնադրսեւորման ձեւը. ստեղծագործում է յուրովի, ինքնուսույց է, մտքի եւ երեւակայության արդյունքում «ծառեր» է ստեղծում` բնական ծառի ճյուղերից եւ գունավոր ապակիներից: Քանի որ, իր կարծիքով, ծառը ընտանիքի խորհրդանիշն է, ինքն այդ խորհրդանիշով ավելի է ընդգծում ընտանիքի կարեւորությունը, դերը, արժեքը, միաժամանակ` ընտանիքը նույնպես ստեղծագործություն  եւ ստեղծագործելու անսպառ եւ ոգեշնչող աղբյուր համարելով: Ցուցահանդեսին մասնակցությունը կարեւորում է ճիշտ գնահատվելու, այդ ոճի մեջ ճանաչվելու եւ հանրությանը ճանաչելի դառնալու ակնկալիքով:
«Երբեք այսքան «համեղ» ցուցահանդեսի չենք մասնակցել»,- ասացին ցուցահանդեսի թե՛ կազմակերպիչները, թե՛ մասնակիցները, թե՛ այցելուները` նկատի ունենալով ճոխ ու ախորժաբեր, գեղեցիկ ու նրբաճաշակ հյուրասիրության սեղանը, ուր անձեռոցիկներն անգամ «արվեստի» նմուշներ էին, ուր ձմերուկը լոկ ձմերուկ չէր, այլ` կոկոն քրիզանթեմ, ուր սեխը  լոկ սեխ չէր, այլ` ծաղկած «ջրաշուշան», ուր բանանը միայն բանան չէր, այլ` ջրից դուրս ցատկող «դելֆին», իսկ խաղողը միայն խաղող չէր, այլ` «բանան-դելֆինի» բերանում հայտնված «ջրագնդակ», եւ այս խայտաբղետ սննդային շքահանդեսի հեղինակը փխրուն մի տանտիրուհի է` Գոհար Թարվերդյանը, որն իր գեղեցիկ արվեստի գաղտնիքները սովորեցնում է Սիսիանի ՄՊՍԿ-ի իր սաներին: «Սեղանի ձեւավորումը կատարված է այնպես, որ սեղանի բարիքներից օգտվելը եւ հեշտ լինի, եւ հաճելի, եւ` նորություն: Իմ խնդիրը ճաշակելիքը գեղեցիկ, աչք շոյող, համ ու հոտով ներկայացնելն է, որ ուտելը նույնպես արվեստ դառնա, ուտելիքը միայն ուտելիք չընկալվի, այլ` համ, հոտ, գեղեցկություն, հարմարավետություն, նորություն»,- ասում է Գոհար Թարվերդյանը:
Այն, ինչ ստեղծում է կինը, արդեն ստեղծագործություն է` սկսած արարիչ լինելու իր առաքելությունից: Թիվ 13 օժանդակ գիշերօթիկ դպրոցի` այժմ արդեն նախկին ուսուցչուհի Մարիամ Նազարյանը գոբելեններ է գործում, Երեւանում ցուցադրվել է, բայց, այ, Սիսիանում` ոչ, դրա համար կարեւորում է նաեւ այստեղ ցուցադրվելը: Վերջերս էլ կորցրել է աշխատանքը, մի քիչ հուսահատվել, բայց լսելով նման ցուցահանդես կազմակերպելու լուրը, վերագտել է ստեղծագործական տրամադրությունը եւ ավարտին հասցրել շատ արդիական թեմայով իր աշխատանքը` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի գոբելենը` խաչը գմբեթին: Երազում է խումբ հավաքել, երեխաներին փոխանցել իր արվեստի գաղտնիքները եւ ակնկալում է, որ այս ցուցահանդեսը մնան շանս կտա:2010_104
Ինքնատիպ աշխատանքներով ներկայացան Լուսիկ Կիրակոսյանը, Ռոզալիա Մանուկյանը, Ալինա Աղաբեկյանը Բռնակոթի իր սաներով, դպրոցական Աննա Բաբաջանյանը, Աշոտավանից` Սվետա Հովսեփյանը, Լուսինե Բաբայանը, Աստղիկ Գեւորգյանը, Լուսինե Սարգսյանը, մանրանկարչուհի Լիլիթ Վարդանյանը, մայր ու դուստր Մարիետան ու Թամարան` Շաքեից եւ շաքեցի շնորհալի դպրոցականները, Մետաքսյա Սիմոնյանն ու Անուշ Հակոբջանյանը: Իսկ Լալա Խաչատրյանի ձեռագործներից շատերը նույնպես տեղում գնորդներ գտան: Դա նորություն չէ Լալայի համար, քանի որ 18 տարեկանից նա արդեն վաճառում է իր աշխատանքները եւ ոչ` սոցիալական պայմաններից դրդված: Պարզապես նրա համար շատ հաճելի գնահատական է, որ փողոցով անցնող շատ Սիսիանցի կանանց եւ հատկապես երեխաների հագին տեսնում է իր ձեռքի արգասիքը:
Արգինե Սահակյանն էլ է իր զգեստները, իր զարդերը ինքը կարում, պատրաստում եւ կրում ու շատ է սիրում բազմազանություն, ինքնատիպություն, միաժամանակ` հայեցիություն եւ երազում է սիսիանյան ավանդական հարսանեկան ծես կազմակերպելու մասին` հենց ցուցահանդեսի մասնակից կանանց ջանքերով ու մասնակցությամբ եւ հավատում, որ այս ծրագրի շրջանակներում մի օր էլ դա է իրականություն դառնալու:
Ինչ խոսք, ցուցահանդեսը կայացավ եւ ծառայեց իր նպատակին: Դա հավաստեցին թե՛ մասնակիցները, թե՛ կազմակերպիչները, թե՛ ծրագրի ղեկավարները: Ծրագրի երեւանյան գրասենյակի աշխատակից Խաթուն Ատիկյանը գոհունակություն հայտնեց նման կարող թիմ ստեղծելու համար, հույս հայտնելով, որ այն նոր լիցքեր կհաղորդի բոլոր կողմերին էլ եւ հավատացած է, որ ցուցահանդեսի մասնակիցներն արդեն փայփայում են հաջորդ ցուցահանդեսին մասնակցելու հույսը ու հորդորեց չսառեցնել ոգեւորության այն ալիքը, որն այդպես խանդավառել է բոլորին:
Ծրագրի եվրոպացի ղեկավար Էնթընին տպավորությունների մատյանում գրառեց, որ գերազանցվեցին իր բոլոր սպասումները, իսկ այն, ինչ որոշում է իրագործել կինը, հասնում է դրան, քանի որ նրա որոշածն արդեն մտովի իրողություն է:
Հակամարտող երկրի կինը ուզում է, որ խաղաղությունը ոչ թե փխրուն, այլ` ամուր լինի` իր ոգու նման, աշխարհը սիրառատ լինի ու սիրաշատ` իր սրտի նման, ու աշխարհի խաղաղության կառուցմանը դնում է իր սրտից` բեկոր, իր սիրուց` մասնիկ, իր ձեռքից` շնորհք, իր մտքից` լույս, որ աշխարհում միայն խաղաղություն լինի ու …օրօրոցային…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *