…ՈՐ ՄԱՔՈՒՐ ԼԻՆԻ ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՆՐԱՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ


Առօրյա հոգս ու խնդիրներով ծանրաբեռ, մտազբաղ ու միշտ աճապարող` անցնում ենք փողոցով, երբեմն չնկատելով մեր կողքի մարդկանց: Գուցե նրանց այնքան շատ ու այնքան հաճախ ենք նույն վայրում հանդիպում, որ թվում է` այդ վայրի, այդ տարածքի անբաժան մասն են, նրա բաղադրիչը` նրան ձուլված ու ներդաշնակ:

Գուցե այդպես է նաեւ 52 ամյա այս կնոջ` Անահիտ Վարդանյանի նկատմամբ, որ ավել-դույլը ձեռքին օրվա տարբեր ժամերին «շրջում է» հրապարակով, Մեծ Վարպետի արձանի շուրջբոլոր, ու մաքրարարի նրա աչքից չի վրիպում հենց նոր նետված պաղպաղակի թուղթը, ծխախոտի տուփը եւ ամենահնարավոր ու անհնարին անկյուններում լցվող արեւածաղկի չրթած սերմերի մնացորդները: Մաքրում է, մաքրում, երբեմն քթի տակ կամ բարձրաձայն տրտնջում, ինքն իրեն կամ մոտով անցնող անցորդին բողոքում, թոնթորում անկարգ-անկանոն անծանոթ ու անհայտ աղտոտողների հասցեին ու նորից շարունակում մաքրել հենց նոր մաքրած տարածքը, հավաքել հենց նոր հավաքած աղբը: Օրը` մի քանի անգամ: Հարցիս, թե` սիրո՞ւմ է իր աշխատանքը, Անահիտն ավելի քան անսպասելի պատասխան է տալիս. դա սիրելո՞ւ աշխատանք է, ուրիշի թափած կեղտն ես մաքրում, ուրիշի անշնորքության հետքերը վերացնում, բայց այդ աշխատանքն է կերակրում իր փոքրիկ ընտանիքը` իրեն ու որդուն: Սիրում է ոչ թե մաքրարարի գործը, այլ` այն աշխատանքը, ինչ ինքն է անում` նվիրված, առանց գլուխ պահելու, հիմա նույնիսկ էս տեսակ աշխատանք գտնելն է դժվար, գոհ է, գոհ: Մենակ ասում է, որ էդ հսկա տարածքը` հրապարակը եւ Վարպետի արձանի շրջակայքը մաքրելու համար ընդամենը 5 հազար դրամ է ստանում, այն դեպքում, երբ դա քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ տեղն է, եւ` ամենաշատ աղտոտվող տեղը եւ ամենաաչքի ընկնող տեղը, որ միշտ մաքուր պիտի պահվի, ինչը ինքն անում է ամենայն պատասխանատվությամբ ու բարեխղճորեն: Մաքրում է տարածքը օրը մի քանի անգամ, չի դժգոհում իր աշխատանքից, քանի որ արժանապատիվ, քրտինքով է վաստակում իր ապրուստի միջոցը: Երիտասարդ կնոջ մեջքը կորացած է, աչքերը` տխրամած, ասում է` նպաստ էլ չի ստանում, որովհետեւ ասել են` աշխատանքով ապահովված է: Ինչ արած: Կարեւորը` աշխատում է, լավ է զգում իրեն, որ հրապարակն ու Սիսական փողոցը իր շնորհիվ, իր ջանքով ու նվիրված աշխատանքով է մաքուր պահվում, երբեմն գնահատում են իր արածը, երբեմն` չէ, բայց կարեւորը, որ տարածքը մաքուր է, ու` իր աշխատանիքի շնորհիվ:
Ընտանիքը կերակրող աշխատանքին նվիրված` Անահիտ Վարդանյանը սրբում է, մաքրում` ինչպես սեփական տունն ու բակը կավլեր, որովհետեւ ուրիշ կերպ, պարզապես, չի կարող…
Մարդիկ անցնում-դառնում են, ինքն իր գործին է` գլուխը կախ, մեջքը` կորացած, դեմքը` դիմակածածկ: Ամաչելուց չէ, որ դեմքը ծածկում է, փոշուց ու կեղտից է պաշտպանվում:
…Առօրյա հոգս ու խնդիրներով ծանրաբեռ, մտազբաղ ու միշտ աճապարող` անցնում ենք փողոցով, հրապարակով, ու «չենք նկատում», որ մի կին` մաքրարար Անահիտը, գլուխը կախ սրբում, մաքրում է, որ… մաքուր լինի մեր ճանապարհը…

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *