ՈՐ ՍԻՍԻԱՆ ԱՍԵԼՈՎ` ՉՀԻՇԵՆ… «ԷՆ ՑՈՒՐՏ ՏԵՂԸ»

Untitled-112121

Հարցազրույց «Բասեն» հյուրանոցային համալիրի մենեջեր Հասմիկ Ասատրյան-Ազոյանի հետ

-Տիկին Հասմիկ, վերջերս, որպես երիտասարդ կին գործարար, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պատվոգիր ստացար:
-ՀՀ վարչապետին կից գործող կանանց խորհուրդը արդեն երկրորդ տարին է` իրականացնում է նման մրցանակաբաշխություն` կանանց շրջանում բիզնեսը խրախուսելու եւ զարգացնելու նպատակով: Ընդ որում, այն անցկացվում է  Երեւան քաղաքի եւ մարզերի գործարար կանանց համար առանձին-առանձին, քանի որ, բնականաբար, տարբեր են նաեւ Երեւանի եւ մարզերի գործարար հնարավորությունները: Մարզերի` մոտ 140 մասնակցի մեջ ընտրվել է 6 կին` տարբեր անվանակարգերում, ու երիտասարդ գործարար կին պատվոգրին արժանացել եմ ես:
-Ի՞նչ էր դա քեզ համար:
-Մրցույթին մասնակցել եմ` որեւէ ակնկալիք չունենալով: Եթե չշահեի, վատ չէի զգա, բայց շատ լավ է, որ գնահատվել եմ: Մինչ այդ եթե  բիզնեսում մտածում էի իմ ընտանիքի, Սիսիանին ինչ-որ բան տալու մասին, հիմա մտածում եմ նաեւ, որ պետությունն էլ է ուշադրություն դարձնում հյուրանոցային բիզնեսը զարգացնելուն` կապված տուրիզմի զարգացման հետ, եւ ավելի պարտավորված եմ ինձ զգում:
Եթե մինչ այդ իմ սկզբունքը եղել է այն, որ մեր հյուրերը «Բասենից», ինձանից, Սիսիանից հեռանան գոհացած ու տպավորված, հիմա դրան ավելացել է նաեւ մեր երկրից, մեր պետությունից, Հայաստանից նույնպես գոհացած ու տպավորված հեռանալու հանգամանքը, ինչը ամենամեծ երաշխիքն է հաջորդ այցերի:
-Տուրիզմը եւ հյուրանոցային բիզնեսը, ինչպես ասացիր, շաղկապված են իրար: Այդ առումով Սիսիանը գրավիչ է՞:
-Սիսիանն ինքն իրենով, իր պատմական, մշակութային հարստությամբ, բնությամբ արդեն գրավիչ է: Բայց Սիսիանը շատ հաճախ դուրս է մնում տուրիստական երթուղիներից` լավ ներկայացված չլինելու, ինֆրակառուցվածքների` զարգացած չլինելու, ճանապարհների վատ վիճակի եւ այլ պատճառներով: Բայց, համագործակցելով տուրիստական կազմակերպությունների հետ, կարողացել ենք հաղթահարել շատ կարծրատիպեր, եւ Սիսիանը նույնպես ներգրավվել տուրիստական երթուղիներում:
-Ինչպե՞ս, ի՞նչը կարող է առավել գրավիչ լինել Սիսիանում տուրիստի համար:
-Ես երկար եմ մտածել դրա շուրջ` իմ ծրագրերը կազմելիս: Եթե Վայոց Ձորը գրավիչ է թեկուզ միայն իր ձորերով, եթե Գորիսը արդեն տուրիստական բրենդ է, Սիսիանը տուրիստների մեջ ասոցացվում է «էն ցուրտ տեղը» արտահայտության հետ: Ու որպիսի Սիսիան էլ գան, պիտի նախ շատ ինքնատիպ լինի նրանց մատուցվող տուրիստական քարտեզն ու սպասարկումը, որովհետեւ Սիսիան մտնող տուրիստը մինչեւ սիսիանցու հետ անձամբ չի շփվում, Սիսիանը չի սիրում:
Սա շատ բարդ հոգեբանական գործոն է, որ պիտի հաղթահարվի: Իսկ դա դժվարին աշխատանք  է:
Մենք գտանք տուրիստին Սիսիան բերելու «բանալին»` հոգու ջերմությամբ` դեպի էքստրեմալ տուրիզմ, որի հնարավորությունները Սիսիանում ոչ միայն բացառիկ են, այլեւ` շատ:
Ուխտասար գնացող տուրիստը, իսկապես, էքստրեմալ աշխարհագրական տարածք է հաղթահարում, հաղորդակցվում է պատմական եւ մշակութային մեծ հարստության` ժայռապատկերների հետ, տեսնում է եզակի` քարե լիճը, հանդիպում կյանքում երբեւէ չտեսած բուսական, կենդանական աշխարհի հետ, ու… խենթանում: Մարդը ինչքան հեռացել է բնությունից, հիմա նույնքան ձգտում է դեպի բնությունը, բնականը, էքրեմալը…
Նույն զգացողությունն է առաջացնում Շաքեի ջրվեժը, Որոտնավանքը: Դեռեւս չբացահայտած  էքտրեմալ այլ ուղղություններ էլ կան, որոնց գործարկման վրա աշխատում ենք:
-Տիկին Հասմիկ, բայց, իմ կարծիքով, բիզնեսը` ընդհանրապես, հյուրանոցային եւ տուրիստական բիզնեսը` մասնավորապես, «դաժան» միջավայր է կնոջ համար: Ինչպե՞ս ես հաղթահարում դա:
-Այդպես չեմ վերաբերում բիզնես ասվածին: Բարդություններ, իհարկե, կան, բայց` դաժան չեն: Այն դիտում եմ որպես առողջ մրցակցություն: Աշխատանքը պիտի բալանսավորես: Եթե համընթաց չեղար տվյալ օրվա պահանջների հետ, ոչ մեկին մի մեղադրիր:
Հետաքրքիր է եւ այն, որ այդ «դաժան» մրցակցությունը չկա ոչ միայն Սիսիան-Գորիս միջակայքում, այլեւ` Սիսիանի` հյուրանոցային բիզնեսով զբաղվող գործարարների միջեւ: Ընդահակառակը: Անում ենք ամեն ինչ` միմյանց օգտակար լինելու համար: Ի վերջո, բիզնեից բացի`  դու նաեւ քո հայրենիքը, քո երկիրը, քո քաղաքն ես ներկայացնում:
-Կոնկրետ քո անհատական նկարագրով պայմանավորվա՞ծ է «Բասենի» այսօրվա հաջողությունը:
-Թող անհամեստ չլինեմ, կարծում եմ, այո: Լեզուների իմացությունը, անհատական մոտեցումն ու վերաբերմունքը նույնպես շատ կարեւոր են: Եվ այստեղ փող աշխատելը չէ գերխնդիրը:
-Ի՞նչ ակնկալիքներ ունես:
-Ակնկալիքները շատ են եւ նեղ` բիզնեսի առումով, եւ Սիսիանի անունը, ինչպես Գորիսն է, տուրիստական բրենդ դարձնելու առումով: Հյուրանոցային-տուրիստական բիզնեսի զարգացումը անպայմանորեն նպաստում է նաեւ քաղաքի տնտեսական զարգացմանը:
Յուրաքանչյուր գործարար նախ պետք է ունենա պետական, հայրենասիրական մտածողություն, հետո նոր կարողանա առողջ կերպով բիզնես վարել:

Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ
18․04․2013թ․

 

305 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *