ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԳՅՈՒՂԻ ԿԻՆԸ ՄԻ ՔԻՉ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊՐԻ

-Տիկի՛ն Մարգարյան, Հացավանի համայնքի ղեկավար աշխատելու այս տարիների ընթացքում որքանո՞վ փոխվեցին կամ` պահպանվեցին Ձեր պատկերացումները կնոջ` համայնքի ղեկավար լինելու մասին:
-Փոխվեցի՛ն: Ես ավելի պատասխանատու դարձա, ավելի հետեւողական: Մյուս կողմից, երբ ներսում ես, իրական խնդիրների հետ ավելի շատ ես առնչվում, համոզվում ես, որ պատկերացումներն ավելին էին, քան` իրական հնարավորությունները:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Որպես համայնքի ղեկավար, կարծում եմ, ես չեմ թերացել: Ծառատունկ ենք կազմակերպել, բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, համայնքի բյուջեով լուսավորություն ենք անցկացրել, վերանորոգվել է դպրոցի 2 դասասենյակ, եւ որպես համայնքային ներդրում` սանհանգույցները նորոգվել են համայնքի միջոցներով,  նորոգել-թարմացրել ենք կենցաղի տունը, բայց համայնքային լուրջ հիմնախնդիրներ լուծելու առումով, ասենք` գազիֆիկացում, մշակույթի տան հիմնանորոգում, ճանապարհների ասֆալտապատում, դպրոցի նոր շենք եւ այլն, ոչ մի համայնք էլ ի զորու չէ ինքն իր միջոցներով իրականացնել: Այստեղ պետական աջակցություն է պետք: Կառավարության` տարածքների համաչափ զարգացումը հույս է ներշնչում համայնքային գլոբալ խնդիրների լուծման առումով:
-Համայնք ղեկավարելու առումով տարբերություն կա՞ համայնքապետը կին է թե` տղամարդ:
-Պատասխանատվության, հետեւողականության տեսակետից` այո՛: Կին համայնքապետն ավելի սրտացավ է, ավելի հետեւողական: Ես, գոնե, իմ պարագայում չեմ հիշում մի դեպք, որ մի խնդրանք ականջի ետեւ գցած լինեմ, մի նախաձեռնություն մինչեւ վերջ հասցրած չլինեմ, համայնքի մի լուման անգամ աննպատակ ծախսած լինեմ: Համոզված եմ, որ իմ համայնքի բոլոր բնակիչներն էլ գիտեն, թե որտեղ է ծախսվում իրենց վճարած հարկն ու տուրքը:
-Որտե՞ղ:
-Լավ տանտիրուհին ինչպե՞ս է տնօրինում իր տան բյուջեն, գիտի` որն է առաջնահերթն ու կարեւորը, գիտի խնայել, մի տեղից վերցնելով` մյուս տեղի խնդիրը լուծել: Համայնքապետարանում ավելորդ ոչ մի հաստիք չեմ պահում: Թույլատրվում է, բայց` չեմ պահում: Չեմ մտածում` մարդկանց խցկեմ մի որեւէ աշխատանքում, որ աշխատավարձ ստանան, ինձ էլ գովեն, ասեն` լավն է, հետո էլ պարտավորված զգան ինձ ընտրելու: Ես աշխատանքի իմ ձեւն եմ դրել. ավելորդ կամ ոչ էական հաստիքներ չպահելով` բավականին գումար է խնայվում, որով էլ համայնքային խնդիրներ ենք լուծում, տարեկան սոցիալապես անապահով 2 ընտանիքի օգնություն ենք հատկացնում: Դա է կարեւո՞րը, թե՞` 1-2 հոգու աշխատավարձ տալը:
-Այս տարիների մեջ ո՞րն եք համարում համայնքում Ձեր ամենամեծ ու կարեւոր ներդրումն ու ձեռքբերումը:
-Խմելու ջրով ապահովումը: Թեեւ այն լուծվել է ոչ համայնքային միջոցներով, այլ` համայնքի բնակիչ Ջիվան Մարգարյանի անձնական եւ անհատական նախաձեռնությամբ «Հայջրմուղ-կոյուղի» ՓԲԸ «Հարավ» մասնաճյուղի ներդրմամբ, բայց դրանով շատ բան է փոխվել գյուղաբնակ մարդու կենցաղում, բարձրացել է նրա կենսամակարդակը, այսօր լվացքի ավտոմատ մեքենան այլեւս երազանք չէ գյուղում, եւ շատերն ունեն, որովհետեւ ջուր ունեն:
-Տիկի՛ն Մարգարյան, Հացավանի համայնք մտնող ճանապարհի երկու կողմերին տնկված ծառերն աճել, մեծացել են, եւ շատերն այն անվանում են Շուշանի ծառեր: Սա գնահատակա՞ն է Ձեզ, թե`…
-Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով ենք կազմակերպել այդ ծառատունկը: Տնկելը քիչ է, խնամել, պահպանել է պետք, եւ մենք դա արել ենք: Եթե այն անվանում են Շուշանի ծառեր, ինչպես Դուք եք ասում, ուրեմն` գնահատական է: Համայնքի բնակիչը գիտի, որ եթե դա համայնքինն է, ուրեմն` իրենն է:
-Առաջիկայում ի՞նչ խնդիրներ եւ ծրագրեր ունեք:
-Երբ նոր էի ընտրվել համայնքապետ, մտածել էի, որ գյուղն անպայման մանկապարտեզ պիտի ունենա, որ գյուղի երեխան էլ ասի` ես էլ եմ մանկապարտեզ գնացել: Համայնքապետարանի շենքում սենյակ նորոգեցինք, կահավորեցինք, որ, գոնե, մի քիչ հետաքրքիր դառնա գյուղի երեխայի առօրյան, բայց երկար պահել չկարողացանք, միջոցներ չկային: Փակվեց: Հիմա պայմանավորվածություն ունենք հարեւան` Աշոտավանի համայնքի  ղեկավարի հետ, որ մեր 5-6 երեխաները հաճախեն այնտեղ գործող մանկապարտեզ: Մենք կհոգանք տեղափոխման հարցը: Կարծում եմ` սա խնդրի լուծման թեկուզ` ժամանակավոր, բայց` գործող տարբերակ է: Կարեւորն այն է, որ չենք հանգստանում «չի լինի» ասելով, այլ` քայլեր ենք ձեռնարկում:
-Ձեր ղեկավարած համայնքի առանձնահատկությունը կամ տարբերությունը ո՞րն է մնացած համայնքներից:
-Այնպես չէ, որ մնացած համայնքներում շատ լավ է կամ` շատ վատ, որ մենք շատ տարբերվենք կամ` քիչ: Այսօր բոլոր համայնքներն էլ գրեթե միանման խնդիրներ ու հոգսեր ունեն: Բայց ինձ, եւ որպես համայնքի ղեկավար եւ ծնունդով Հացավանցի, շատ են տխրեցնում գյուղի տների փակ դռները: Ամռանը բաց է 70 տնից 60-ը, ձմռանը` 40-ը:
-Գյուղատնտեսական տարին ինչպե՞ս սկսեցիք:
-Կառավարության հատկացրած 7 տոննա սերմացուն, դիզվառելիքը նպաստեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի շատ ցանքս կատարվեց` հասնելով 150 հեկտարի: Բայց գյուղացիները մտահոգություն ունեն, որ իրենց ստացած բերքը չեն կարողանալու բարձր գներով վաճառեն: Եթե այդպես եղավ, հազիվ իրենց ծախսը կփակեն: Մինչդեռ, մնացած գյուղմթերքների գների` համեմատաբար  բարձրացումը շատ բանով է օգնել, որ նրանց կենսամակարդակը մի քիչ բարձրանա, եւ ակնակալում են, որ նույնը կլինի հացահատիկի դեպքում: Գյուղը եւ գյուղացին միշտ էլ պետական աջակցության կարիք են ունեցել եւ ունեն:
-Ձեր աշխատանքի բացթողումները որո՞նք են:
-Ցանակացած աշխատանքում կարող ես բացթողում գտնել: Բայց որ ավելի պատասխանատու ես դառնում եւ ավելի շատ ես ցանկանում օգնել քեզ դիմողին, դա անժխտելի է: Կինը, միեւնույն է, մնում է կին: Այսինքն` հոգատար, սրտացավ, կարեկից, հասնող: Մեր համայնքը, եւ, ցանկացած համայնք, որտեղ ղեկավարը կին է, կարծում եմ, այս առումով գտնվում է շահեկան վիճակում: Սակայն, ինչ էլ լինի, միեւնույն է, կինը առանց տղամարդու օգնության եւ աջակցության չի կարող հասնել այն ամենին, ինչի որ հասնում է:  Դրա համար չեմ կարող նաեւ շնորհակալություն չհայտնել բոլոր այն տղամարդկանց, սկսած մարզային իշխանություններից մինչեւ մեր համայնքի բոլոր անդամներին,  ովքեր միշտ օգնել, սատարել, աջակցել են ինձ:
-Ի՞նչ կավելացնեք մեր զրույցին:
-Ուզում եմ, որ գյուղի մարդը, գյուղի կինը մի քիչ լավ ապրի, գյուղի կնոջ հոգսը մի քիչ թեթեւանա, եւ ուզում եմ, որ կառավարության` տարածքների համաչափ զարգացման ծրագիրը մի քիչ շուտ հասնի գյուղ:

Զրույցը վարեց
Անահիտ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *