ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ԹԵ՛ ԱՌՈՂՋ, ԹԵ՛ ԳԵՂԵՑԻԿ ՏԵՍՆԵԼ

Շրջապատող մարդկանց, հատկապես` կանանց, առավել գեղեցիկ ու առողջ տեսնելու ցանկությունն է դրդել ատամնաբուժական պոլիկլինիկայի տնօրեն, ատամնաբույժ Արթուր Թունյանին` կենտրոնին կից բացելու նաեւ գեղեցկության սրահ:
Դեռեւս 60-ական թվականներին կառուցված շինության մի հատվածը, որը նախատեսված էր որպես պահեստային մաս, ոչ միայն արդեն չէր ծառայում իր նախնական նպատակին, այլեւ` «փրկության» խնդիր ուներ, ուստի այն թե՛ պահպանել-վերակառուցել-ամրացնելու, թե՛ նոր նպատակների ծառայեցնելու համար ատամնաբուժական կենտրոնի շենքում ստեղծվել է գեղեցկության սրահը: Մեր հարցադրմանը, թե Սիսիան քաղաքում գործող բավականին շատ նմանատիպ սրահները չե՞ն խանգարում իրար, Արթուր Թունյանը պատասխանեց. «Ոչ միայն չեն խանգարում, այլեւ` ամբողջացնում են, որովհետեւ ոչ մի լավ երեւույթ մեկ ուրիշ լավ երեւույթի չի կարող խանգարել, բացի օգնել, լրացնելուց: Ինչ վերաբերում է գեղեցկությանը եւ առողջությանը, դրանք երբեք ավելորդ եւ ավելի չեն լինում»: Արթուր Թունյանը կարեւորեց, որ գեղեցկության եւ առողջության պահպանումը անպայմանորեն պրոֆեսիոնալիզմ են պահանջում, ինչը եւ ունի իրենց կենտրոնը: Նա վկայակոչեց կենտրոնի մատնահարդարի` Լենայի բարձրագույն կրթություն ունենալը, որն աշխատել է Մոսկվայի նմանատիպ սրահներից մեկում: Կանանց ավելի գեղեցիկ եւ հմայիչ դարձնելու` կենտրոնի առաջնային նպատակներից է նաեւ կոսմետոլոգի` պարտադիր բժիշկ լինելը եւ համակողմանի ծառայություն մատուցելու ցանկությունը:
Կենտրոնը թեեւ նոր է, բայց իրենց կանացիությունն ու գեղեցկությունն ամեն ինչից վեր դասող սիսիանցիներն արդեն ունեն իրենց նախընտրած գեղեցկության սրահը, որին, անշուշտ, մեծապես նպաստել է նաեւ սրահի` ատամնաբուժական կենտրոնում գտնվելը եւ առավելապես սիսիանցիների կողմից մեծապես սիրված ու գնահատված Արթուր Թունյանի տնօրինման տակ լինելը:
«Անում ենք եւ անելու ենք ամեն ինչ, որ գեղեցկության սրահ հաճախող մեր կանայք ու աղջիկները ստանան նախ` բարեհաճ, բարեկիրթ վերաբերմունք ու սպասարկում, ապա` յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում ենք անհատական վերաբերմունք, որ առաջին անգամ մեզ մոտ հաճախող այցելուն համոզվի, որ դա իրոք իր ճաշակին ամենահամապատասխանող գեղեցկության սրահն է»:
Հարկ ենք համարում նշել, որ ով գեթ մեկ անգամ առնչվել է Արթուր Թունյան ատամնաբույժի հետ, արդեն որոշակի պատկերացում պիտի կազմի նաեւ նրա ղեկավարման շրջանակներում գործող գեղեցկության սրահի մասին:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *