ՈՒԺԵՂ ԿԻՆ՝ ՈՒԺԵՂ ԱՇԽԱՐՀ… կամ՝ ԱԶՆՎԱՄՈՐՈՒ՝ ԱԶՆՎԱՑՆՈՂ ՈՒԺԸ

Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքում 2014 թվականին ստեղծվել է ազնվամորու արտադրությամբ զբաղվող կանանց նախաձեռնող խումբ, որի գործունեությունը շրջադարձորեն փոխել է ոչ միայն Աշոտավանի, այլեւ հարակից համայնքների բնակիչների կենսակերպը: Խումբը, ի նշան հաջողությունների, հաղթանակների, ձեռքբերումների, իրեն անվանել է «Վիկտորյա», ստեղծել իր կանոնադրությունը եւ իրականացնում է ազնվամորու բիզնես արտադրություն: Ի՞նչն է խթանել, ի՞նչն է համախմբել այդ կանանց, ինչպես են արել առաջին քայլերը եւ գրանցել առաջին արդյունքները:

Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի մարզի տնտեսական ծրագրերի համակարգող Իրենա Բալայանն ասում է, որ տեղական արժեշղթաների զարգացման ծրագրի շրջանակներում պետք է ուսումնասիրեր Սիսիանի տարածքում առկա զարգացման հեռանկարներ ունեցող արժեշղթաներից մեկ-երկուսը: Ծրագրի հիմնական նպատակը գյուղաբնակ կանանց կարողությունները զարգացնելն ու արտադրանքը շուկա հասցնել էր, այսինքն՝ արտադրության եւ իրացման արժեշղթան զարգացնելը: Բոլոր համայնքներով շրջագայելով՝ հասել է Աշոտավան: Համայնքապետարանում զրույցել է համայնքի բնակիչների հետ, հետաքրքրվել, թե առավելապես ինչով են զբաղվում եւ հեռանկարային ինչ արտադրություն կարելի է հիմնել: Զրույցներից տեղեկացել է, որ գրեթե բոլորի տնամերձերում ազնվամորի կա, եւ շատերը իրենց ընտանիքի հոգսերը հոգում են ազնվամորու մշակությամբ: «Նրանց հարցաթերթիկներ տվեցի եւ խնդրեցի լրացնել ու ներկայացնել,-ասում է Իրենան: -Տասը կին հետաքրքրվել էր ծրագրով, լրացրել հարցաթերթիկները եւ ներկայացրել Վորլդ Վիժնի Սիսիանի տարածքային գրասենյակ: Ինձ համար անակնկալ էր, որովհետեւ ծրագիրը դեռեւս նոր էր, դժվար էր ընկալվում, այն նման չէր նախորդներին, ուստի անակնկալ էր, բայց եւ՝ ուրախացնող»,-պատմում է Իրենան:

Նախաձեռնող կանանց ոգեւորությունից խանդավառված՝ Իրենան կրկին Աշոտավան է գնացել՝ մոտիկից ծանոթանալու ազնվամորու այգիներին: «Դա շատ հեռու էր արտադրություն կոչվելուց,- ասում է Իրենան:- Յուրաքանչյուրն իր տան բակում մի քանի տնկի ուներ, որոնք անխնամ թփուտներ էին: Բայց այդ կանանց ոգեւորությունն այնպես համակեց ինձ, որ սկսեցի ուսումնասիրել ազնվամորու՝ կուլտուրական մշակությունը, ծանոթացա դրա լավագույն մասնագետի՝ Նունե Սարուխանյանի հետ, ու Աշոտավանում ազնվամորու մշակությամբ զբաղվելու որոշումն այլեւս կայացվեց»…

2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին ստեղծվեց խումբը, սկսեցին դասընթացները, 2015-ից շեշտը դրեցին նրանց կարողությունների զարգացմանը: Նունե Սարուխանյանին հրավիրեցին Աշոտավան եւ խմբի անդամներին ուղղորդեցին ազնվամուրու ճիշտ՝ լարա-սյունային համակարգով մշակմանը, որը բարձրացնում է բերքատվությունը, հեշտացնում բերքահավաքը, ավելի արդյունավետ է դարձնում մշակումը:

«Զգացի, որ գործընթացը շատ արագ մեծ հետաքրքություն առաջացրեց կանանց շրջանում, սկզբում օգտագործում էին իրենց տներում եղած լարերը, սյուները: Շատ ոգեւորիչ էր: Ինչը սովորում 13521952_1577244409241765_508838709648120898_nէին դասընթացների ժամանակ, կիրառում էին իրենց այգիներում: Ինձանից պահանջում էին ավելին: Բացի մասնագիտական կարողություններից, սովորում էին նաեւ մարկետինգ, խմբային կառավարում, ֆինանսների հմտություններ, ու խմբով այդ ճանապարհն անցնելով՝ նրանք ավելի մտերմացան միմյանց, ավելի համախմբվեցին, ավելի կապվեցին: Դրսից եկող հյուրերը երբ նրանց տեսնում էին իրենց այգիներում աշխատելիս, առաջարկում էին մասնակցել գյուղատնտեսության զարգացման գրանտային ծրագրերի: Խմբում ընդգրկված կանանց աշխատանքը տեսնելով՝ հարեւանները նույնպես աշխատում էին իրենց այգիներում, զգում, որ համայնքում ինչ-որ մի լավ բան է կատարվում, մի լավ բան է փոխվում: Խմբի անդամները կամաց-կամաց անձից վերածվեցին ֆերմերի»,-ասում է Իրենան:

Երբ այդ ահռելի աշխատանքն արդեն արված էր, խումբը մասնակցել է Ավստրիական զարգացման գործակալության դրամաշնորհային մրցույթին եւ շահել 30 հազար եվրո արժողությամբ ծրագիր, ինչը բեկում է մտցրել խմբի գործունեության մեջ: Դրամաշնորհը հնարավորություն է ընձեռել անցնել ազնվամորու՝ օրգանական մշակությանը: Խմբի անդամներից յուրքանչյուրը հնարավորություն է ստացել 1000 մետր քառ տարածքում կաթիլային եւ լարա-սյունային ոռոգման համակարոգով այգիներ հիմնել: Այս տարի մարտից արդեն սկսում են աշխատանքները, խումբը դրամաշնորհով ձեռք է բերել մինի տրակտոր, այն դառնում է համախմբված կոլեկտիվ, ունեն իրենց արտադրական միջոցները, ունեն բարելավված այգիներ, մյուս տարի գարնանը կունենան հիմնական այգիները:

Ամենաուրախացնողն այն է, որ «Վիկտորյայի» փորձն ու հաջողությունները շատերի համար են օրինակ դարձել, եւ հենց այդ խմբի օրինակով են նոր խմբեր ստեղծվում ոչ միայն Աշոտավանում, այլեւ հարակից՝ Թասիկ, Տոլորս, Բնունիս համայնքներում: Այժմ գործում է եւս 5 խումբ: Բոլոր խմբերում ընդգրկված է 45 կին: «Մեր նպատակն այն է, որ ոչ թե Աշոտավանը դարձնենք ազնվամորու համայնք, այլ՝ տարածաշրջանը: Եվ դրա հավանականությունը շատ մեծ է: Դրան նպաստեց նաեւ անցյալ տարի անցկացված ազնվամորու փառատոնը, որի նպատակն էր ամբողջ տարածաշրջանի ինտեգրումը»:

Երբ ցանկացած արտադրանքի, առավել եւս՝ գյուղատնտեսական, հիմնական խնդիրը իրացումն է, Իրենա Բալայանն ասում է, որ այդ հարցն էլ լուծվում է՝ դարձյալ քաղաքակիրթ եղանակով: Արտադրանքի հիմնական շուկան Արցախն է, գնորդները հենց արտադրողի դռնից են գնում ազնվամորին, եւ արտադրողը շուկա գտնելու ու արտադրանքն իրացնելու կարեւորագույն հոգսից ազատված է: Սեզոնին արտարդրվում է մեկ տոննա ազնվամորի: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացել է բերքատվությունը:

Ինչ խնդիրներ լուծեց ծրագիրը համայնքում մեր հարցմանն ի պատասխան Իրենան ասում է, որ մեկ-երկու խնդիր չի լուծել: Բազմաթիվ խնդիրներ են լուծվել, որ մինչ այդ անհավանական էին համարվում: Ու կարեւորում է զբաղվածության խնդիրը, ընտանիքի՝ եկամտի բարձրացման խնդիրը, չնայած հայ ընտանիքում կինը միշտ իր հարգն ու պատիվն ունի, բայց այդ  դերը նույնպես բարձրացել է, ի վերջո, խմբի անդամներից բացի՝ նաեւ մյուսները սովորեցին արտադրանքը բիզնես դարձնել:

«Իսկ եթե էմոցիոնալ առումով ասեմ, ապա մարդիկ ավելի ակտիվ են դարձել, ավելի եռանդուն, ուզում են իրենց կարողությունները իրացնել: Եթե նախկինում չէին հավատում խմբի հաջողություններին, հիմա ամեն օր գալիս են-դիմում, որ խումբ ձեւովորեն, աշխատեն: Աշոտավանի «Վիկտորյա» խմբի օրինակը, իրոք, օրինակ է դարձել բոլորի համար: Նրանք ուժեղ են, կայացած են, հավատում են, որ հնարավոր է իրենց այգին մշակելով՝ իրենց ընտանիքը պահել: Դա թե իմ, թե խմբի կանանց մեծ հավատի արդյունքն է»,- անթաքույց ուրախությամբ ասում է Իրենան:

Մեր զրույցին միացավ խմբի հիմնադիր անդամներից մեկը՝ Անահիտ Սերոբյանը: «Ապրելով գյուղում՝  նյութական ոչ մի դժվարություն չեմ ունեցել, 13906608_1590869131212626_4616826695130255330_nամուսինս աշխատում է, աշխատել-ստեղծել ենք, մեր ընտանիքը պահել: Բայց ես համարյա խեղդվում էի, ծանր հոգեվիճակ էր, անորոշություն էր: Ամեն ինչ կարող էի, քաղաքի աղջիկ էի, կթություն ունեի, ձեռքի շնորհք, գործել, ասեղնագործել, ազգային ասեղնագործություն, ու այդ ամենը կարող էի օգտագործել, իրացնել, բայց դաշտը չկար, ունեի բոլոր տվյալները, բայց ճանապարհը չգիտեի, ես մոլորված էի եւ հոգեբանորեն, եւ տրամադրությամբ, եւ ինձ նման շատերը, ու ահա գալիս է Իրենը՝ փրկության պես… բերում է նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր մտածողություն, բիզնես մտածողություն, նոր ապրելաձեւ, որ գյուղաբնակ կինն էլ կարող է բիզնեսով զբաղվել»:

Հարցին՝ ի՞նչ տվեց եւ հանուն ինչի՞ էր այն ամենը, ինչին ձգտեցին եւ հասան, Անահիտ Սերոբյանն ասում է՝ «Մեր խմբի կարգախոսն է՝ ուժեղ կին, ուժեղ աշխարհ, եւ դա պատահական չէ: Մենք ոչ թե ուժեղ էինք, այլ ցանկացանք ուժեղ լինել, մենք դրա կարիքը ունեինք, եւ արժանի էինք դրան: Մենք հասանք այդ գիտակցությանը, փոխվեցինք, կրթվեցինք, ինքս գյուղատնտես չեմ, եւ գյուղում ապրելու տարիներին էլ շատ չեմ շփվել հողի հետ, բայց հիմա ավելին գիտեմ, քան գյուղատնտեսական կրթություն ունեցողները: Իմ իմացածը փոխանցում եմ իմ շրջապատին: Ինձ համար այդ աշխատանքը խթանում է ապրել եւ աշխատել հանուն ընտանիքի, հանուն երեխաների, հանուն հայրենիքի, հանուն հայ զինվորի եւ Հայաստանի»: Ապա ավելացնում է, որ որդիները սովորում են Երեւանում, եւ մտարդրություն չունեն ուսումն ավարտելուց հետո գյուղ վերադառնալ: «Բայց կանեմ ամեն ինչ, որ նրանք շահագրգռված լինեն վերադառնալ ծննդավայր՝ շարունակելու այն գեղեցիկ գործը, ընդլայնելու այն բիզնեսը, որ ինքս եմ ստեղծել սիրով, նպատակներով ու լուրջ հեռանկարներով»:

Խմբերում ընդգրկված են 45-60 տարեկան կանայք, սակայն հիմնական նպատակներից է  երիտասարդների ինտեգրումը: Իսկ ի պատասխան տղամարդիկ չե՞ն խանդում իրենց կանանց մեր հարցին՝ Իրենան լայն ժպտում է եւ ասում, որ սկզբում նրանց համար էլ էր անսովոր, մի տեսակ, գուցե եւ՝ անընդունելի, բայց երբ տեսան, համոզվեցին, որ իրենց կանայք էլ են կարողանում հոգալ ընտանիքի խնդիրները, հիմա նույնիսկ իրենք են ընկերանում, օգնում, աջակցում: Կանանց ինքնավստահությունն է բարձրացել, հիմա նրանց ամուսինները ոչ թե ասում են՝ լավ, գնա քեզ համար զբաղվիր, արդեն իրենք են այդ ամենին լուրջ վերաբերվում:

Ինչ հեռանկարներ ունի ծրագիրը հարցին էլ Իրենան պատասխանում է ասելով. «Մեր ծրագիրը հարատեւ չէ, եւ մեր նպատակն է, որ Վորլդ Վիժնի՝ տարածաշրջանում այլեւս գործունեություն չիրականացնելու դեպքում Աշոտավանի «Վիկտորյա» խմբի անդամները դառնան դեպի տեղական շուկա տանող կապը ոչ միայն համայնքում, այլեւ՝ տարածաշրջանում, եւ մեզանից հետո կարողանան իրենք կոորդինացնել համայնքներին, խմբերին, արտադրողներին, շուկայի դերակատարների, մատակարարների, գնորդների հետ կարողանան անմիջական կապ ուենանալ: Հետագայում կոոպերատիվ կդառնան, ասոցիացիա, թե հիմնադրամ, ենթադրում ենք, որ ոչ ֆորմալ համակարգից կդառնան ֆորմալ համակարգ ու կկարողանա ամբողջ տարածաշրջանի արտադրությունը համակարգել»:

Երկամյա գործունեության ընթացքում հոգեբանության, մտածողության մեջ փոփոխություն կատարվե՞լ է մեր հարցին Իրենան միանշանակ չի պատասխանում: Նախ պատմում է խմբի ամենաակտիվ անդամներից մեկի, խմբի ղեկավար Վիկտորյա Խաչատրյանի մասին, վկայակոչում նրա օրինակը, ով հաճախ է ասել, որ ծրագիրը ուժ է տվել իրեն, դարձել ոգեշնչող նպատակ, մտածելու, որ կարող է Ռուսաստանում գտնվող միակ որդուն տուն վերադարձնել, հայրենիք բերել: Չի թաքցնում, որ գյուղի՝ ազնիվ, հողի պես պարզ ու շիտակ այս մարդկանց հետ շփումը փոխել է նաեւ իր մտածողությունն ու հոգեբանությունը: «Այն պարզությունը, շիտակությունը, անկեղծությունը, որ կա այս կանանց մեջ, գյուղական միջավայրում, չես գտնի քաղաքում, ու հավանաբար դա էլ է ազդեցություն ունեցել ծրագրի հաջողության մեջ: Հողի հետ, ծառի, թփի, բնության հետ կապը մարդուն մարդ է պահում: Եթե մինչ այս աշխատանքը երազում էի գնալ երկրից դուրս, շքեղ առանձնատուն ունենալ, հիմա իմ երազանքներն էլ են փոխվել, հիմա երազում եմ ունենալ տուն, ունենալ հող, այգի,  իմ երազանքները փոխվել են դեպի բնությունը: Եթե նրանց հետ այլեւս չաշխատեմ, գիտեմ, որ նրանք իմ հարազատներն են, եւ ուր էլ լինեմ, նրանք կլինեն իմ ընկերները, ովքեր լցրել, հարստացրել են կյանքս»:

Կարո՞ղ ենք ասել, որ գյուղմթերքի արտադրության նոր մշակույթ է ձեւավորվում մեզանում, հարցնում ենք Իրենային:

-Սյունեցիներս արտադրում ենք այնքան, որքան պետք է ընտանիքի կարիքների համար, ու գյուղմթերքի մասին երբեք չենք մտածել որպես լուրջ բիզնեսի: Հիմա այդ մտածելակերպը փոխվում է, այդ կարծրատիպը կոտրվում է: Երբ մարդիկ սկսում են գումար աշխատել, հավատում են իրենք իրենց ու սկսում են մշակության տարածքները ընդլայնել, դրան վերաբերում որպես բիզնեսի: Դա է փոխվում մեզ մոտ: Հիմա մենք ուզում ենք նորարարական փորձ անել, քանի որ Աշոտավանի ազնվամորին տարեկան 2 անգամ է բերք տալիս, բայց ցրտերի պատճառով չի հասցնում աշնան վերջին հասունանալ, դրամաշնորհի շնորհիվ ուզում ենք թունելային տնտեսության միջոցով փորձարկում անել: Հնարավոր է երկարացնել ազնվամորու կյանքը Սյունիքում, եւ այն մրցակցային առավելություն կունենա ամբողջ Հայաստանում:

Ինքնին՝ շատ գեղեցիկ եւ հետաքրքիր էր այս ողջ պատմությունը, ազնվամորու մշակությունն ու արտադրությունը «ազնվացնելը», բայց այս ողջ պատմության ամենասիրուն զգացողությունն այն է, որ իր յուրահատուկ համով, որակով, տեսքով տարբերվող Աշոտավանի ազնվամորու նոր տեսակ են ցանկանում ստեղծել ու ի պատիվ եւ ի սեր ծրագրի համակարգող Իրենա Բալայանի՝ կոչել նրա անունով՝ «Իրենա»…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

 

2 մեկնաբանություն ՈՒԺԵՂ ԿԻՆ՝ ՈՒԺԵՂ ԱՇԽԱՐՀ… կամ՝ ԱԶՆՎԱՄՈՐՈՒ՝ ԱԶՆՎԱՑՆՈՂ ՈՒԺԸ հոդվածին

  1. Սիլվա says:

    Ձեր խմբի գործն արդար է և ազնիվ: Իրականությունն այնքան հրապուրիչ է ներկայացված, որ ձեզ միանալու համար ցանկացողներ շատ կլինեն:

  2. Anahit Serobyan says:

    Ապրես, արևշատություն քեզ Արևհատ հայուհիս.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *