ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԼՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2014թ. ապրիլի 26-ին Սյունեցի 200 երիտասարդ ուխտագնացության գնացին մեր արյամբ ազատագրված Հադրութի շրջանի Արաքսավան նորակերտ ավան, որտեղ եկել էինք որպես տեր և հաղթող, եկել էինք որպես այդ հողի պահապան: Ղարաբաղից մեզ էր միացել արցախցի ավելին քան 500 երիտասարդ: Այս ազգանվեր միջոցառումը իրականացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորությամբ: Թող Աստված օրհնի և հաջողի նրանց բոլոր հայրենասիրական գործերը: Հայրենաճանաչության այսպիսի այցերով է ամրանում և սնվում հայրենասիրական ոգին: Այդքան երիտասարդներ, այդքան հավաքական ուժ մի տեղում հավաքված տեսնելը փառահեղ զգացում էր, որը դեռ շատ երկար կսնի իմ հոգին: Այնպիսի ոգևորություն էի ապրում: vorotan28042014-1Մենք ունենք մեր հայրերի պատգամը պահելու և շենացնելու մեր հայրենի ամեն մի եզերքը, և մի եզր էլ Արաքսավանն է, այն էլ՝ շատ կարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող, իսկ մեր հարավային սահմանը անառիկ պահելու համար պետք է գանք այդտեղ, շենացնենք, որ թուրքին ցույց տանք, թե ով է ՀԱՅԸ: ՀԱՅԸ շինարար է, կառուցող, քարից հաց ստեղծող, դարերի փորձությունները դիմակայող: Ես իմ ազգի մի ճյուղն եմ, մի հիմնասյունը, և հայրենիքիս բարեկեցիկ ներկան և հաղթական ապագան նաև իմ հիմնախնդիրն է: Արաքսավան տանող ճանապարնն անցնում էր բազմաթիվ ավերված գյուղերի միջով. «Այստեղով թուրքն է անցել»,-նորից կասեր Վիկտոր Հյուգոն: Ավերված գյուղերում նորաբնակ տներ տեսնելով հիշեցի Վահան Տերյանի խոսքերը. «Որպես փյունիկ կրակից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր»: Եվ իրավ, որտեղ տներ կային, աշխատանքի հոտ էր գալիս, իսկ ավերակներից` արյան: Աշխարհասփյուռ հայ ազգի ջանքերով պատերազմից մինչ այսօր ինչպես որ վերակառուցել ենք Շուշին, Ստեփանակերտը և հարակից այլ բնակավայրեր, այժմ էլ պետք է մեր բոլոր միջոցները ներդնենք vorotan28042014-2Հադրութի շրջանի լքված գյուղերի վերականգնմանը, և առաջինը պետք է սկսենք ծայր հարավում եկեղեցի կառուցելով, իսկ նրա շուրջը երիտասարդ ընտանիքների վերաբնակեցմամբ: Այսօր հազարավոր սիրիահայեր ենթարկվում են նույն թուքի հալածանքներին օտարի հողում, ուստի սատարենք նրանց՝ գան և բնակվեն մեր պապենական հողերում, հողը, որը տարեկան երկու անգամ բերք է տալիս, հողը, որը ոսկուց էլ թանկ է: Հիմա Սյունիքում ամեն գարնան և վաղ աշնան աղոթում ենք, որ ցրտահարություն կամ կարկուտ չլինի, իսկ այդ ամայի հողերում բնությունն այնքան շռայլ է հողագործության համար: Ուստի եկեք ոչ թե ցորեն ներկրենք, այլ՝ Հադրութը դարձնենք համայն հայության ցորենի շտեմարանը: vorotan28042014-3Այնքան տաք է այնտեղ, որ կարող է դառնալ բոլոր մրգերի հայրենիք: Ժամանակն է՝ իմանանք մեր ամեն մի թիզ հողի արժեքը և ըստ արժանվույն գնահատենք մեր պապերի թափած արյունը: Հարգելի պետական այրեր, ոչ թե հարկ ու տուրքով խեղտեք ժողովրդին, ստիպելով արտագաղթել` ջուր լցնելով թշնամու ջրաղացին, այլ՝ ոգևորեք հայրենի ափերից հեռու ապրող մեր հայրենակիցներին գալ և ամրանալ հայրենի հողին, զարգանալ և բազմանալ, թույլ տվեք, որ ժողովուրդը` որպես աշխարհազոր՝ շատանա սահմանամերձ հատվածներում, քանի որ հզոր ընտանիքը հզոր պետության գրավականն է, իսկ մեր պետությունը այսօր պարտավոր է հզոր լինել, որպեսզի դիմակայի աշխարհի հզոր պետությունների քաղաքական շահերին: Ոգևորենք և մեծարենք մեր գիտնականներին, որպեսզի նրանք իրենց հանճարը ներդնեն հայրենիքում, ոչ թե օտարի հողում:

Մարիամ Թորոսյանի
ֆեյսբուքյան գրառումը
28.04.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *