ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՍՏԱՐԱՆԻՑ` ԶՈՐԱՄԱՍ

Մանվել Քարամյանը սովորում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտության բաժնում: Սակայն 6 ամիս առաջ հրաժեշտ տվեց կուրսեցիներին եւ հարազատ լսարանին ու համալրեց հայոց բանակի շարքերը` կատարելու իր նվիրական պարտքը հայրենիքի հանդեպ: Համեստ ու բարի տղան, ինչպես նրան ճանաչում էին շրջապատում, չփոխվեց նաեւ ծառայության մեջ, եւ ծառայությունից շատ չանցած` ուրախանալու առիթ պարգեւեց նաեւ ծնողներին ու հարազատներին:  ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամասից Մանվել Քարամյանի ծնողները ստացան զորամասի հրամանատար փոխգնդապետ Ա. Աղաջանյանի եւ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Կ. Աբրահամյանի ստորագրությամբ  շնորհակալական նամակ, որտեղ մասնավորապես գրված է. «…Որպես հայրենիքի օրինակելի զինվոր Մանվել Քարամյանը կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է ծառայում համածառայակիցների համար: Անկասկած, հայրենիքի արժանի զինվորի դաստիարակության գործում Ձեր ունեցած ներդրումն ամենամեծն է: Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` Հայրենիքին նվիրված պաշտպան դսատիարակելու համար»:
Շնորհակալական այս նամակը մեզ հանձնեց Մանվելի հարազատներից մեկը` ինքը նույնպես չթաքցնելով ուրախությունը:
Մենք էլ ենք ուրախանում, որ սիսիանցիների մեջ ամուր նստած է զինվորն ու հայրենիքի պաշտպանը` ինչ ժամանակներ էլ որ լինեն…

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *