Ուսանողուհիներն այցելեցին Աղիտուի հոսպիտալում բուժվող զինվորներին

Սիսիանի պետական քոլեջի տնօրինության նախաձեռնությամբ քոլեջի քույրական գործ բաժնի ուսանողուհիները զինղեկ Վարդան Ավագյանի ղեկավարությամբ այցելեցին թշնամու` ապրիլյան դիվերսիայի հետեւանքով վիրավորված եւ Զանգեզուրի կայազորի Աղիտուի հոսպիտալում բուժում ստացող 13 զինծառայողներին: Նրանք հիգենայի պարագաների հետ միասին հայրենիքի սահմանները պաշտպանած իրենց հասակակիցներին բերել էին նաեւ բոլորի անսահման երախտագիտությունը, շնորհակալությունը եւ հպարտությունը` ցուցաբերած հայրենասիրության, մարտական անկոտրուն կամքի եւ հերոսական ծառայության համար:
Քոլեջի ուսանողուհի Սոնա Մարգարյանը նշեց, որ թեեւ ինքը բանակում ծառայող եղբայր չունի, բայց բոլորին համարում է իր եղբայրները, եւ աղոթել է նրանց համար: Այժմ էլ հպարտանում է հայրենիքի իսկական զինվորի` նրանց կերպարով ու կեցվածքով: Բոլորի անունից շնորհակալություն հայտնելով հայրենիքի սահմանները քաջաբար պաշտպանելու համար` Սոնան նրանց մաղթեց արագ ապաքինում եւ բարի վերադարձ մարտական դիրքեր:
Զինվորները պատասխանեցին ուսանողուհիներին հետաքրքրող հարցերին: Բոլոր պատասխաններում առկա էր անկախության սերնդի ոգին, քաջության ու խիզախումի պատրաստ լինելու զգացումը հանուն հայրենիքի եւ հայրենի հողի:DSC04058
Իսկ Թեւոսը նշեց, որ քաղաքացիական կյանքում բոլորովին այլ է, կոնկրետ իրավիճակում դու կարողանում ես քեզ դրսեւորել հենց այդ իրավիճակից ելնելով: Դու մտածում ես միայն, որ դիմացդ թշնամի է, իսկ թիկունքում` հարազատներդ են, քո ընտանիքն է, քո հողն է, եւ դու կոչված ես պաշտպանել դրանք, քանի որ դու զինվոր ես…
Զինվորները հպարտությամբ ասացին, որ իրենց հետ բուժվում էր նաեւ թշնամու տանկը խփած իրենց մարտական ընկերը, ով արդեն ապաքինվել է եւ վերադարձել ծնողական խնամքի: Ապա անթաքույց ուրախությամբ ցույց տվեցին եւս մեկ զինվորի` ասելով` Հարութն էլ թուրք է խփել…
Ծնունդով Երեւանից 20 ամյա Հարություն Բադալյանը (նկարում` աջից առաջինը) ՀՀ Ագրարային համալսարանի առաջին կուրսի ուսանող է: Մեզ հետ զրույցում ասաց, որ տանկ չի խփել, բայց 3 թուրք է խփել, եւ դրա համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի մեդալով: Ի պատասխան մեր` ինչ զգացողություն է պետական բարձր պարգեւի արժանանալը հարցին Հարությունն ասաց` «Շատ ուրախ ես, որ քեզ չեն մոռանում, քեզ գնահատում են, բայց ուրախությունս լիարժեք չէր, քանի որ կորցրել էի մարտական շատ ընկերներիս: Թեկուզ մեկ կորուստն էլ շատ է մեզ համար, բայց ես շատ ընկերներ կորցրեցի: Սակայն մխիթարվում եմ, որ զոհված ընկերներիս վրեժը կարողացա լուծել»,- ապա նշեց, որ շատ քիչ ժամանակ է մնացել իր ծառայության ավարտին: Ապաքինվելուց հետո անպայման կգնա իր զորամաս, հրաժեշտ կտա ընկերներին եւ նրանց կփոխանցի այն մեծ սերը, այն ջերմությունը, այն անսահման հույսերը, որ ժողովուրդը կապում է իր զինվորի հետ:
«ՈՐՈՏԱՆ»
25. 04. 2016

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *