ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ԴԱՍՆ ՍԿՍՎԱԾ Է

ԱՌՈՂՋ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ ԵՐԵԽԱՆ ԳԻՏԵԼԻՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՈՒՆԵՆԱ


Չնայած նոր ուսումնական տարին աշխուժություն բերող առաջին զանգի ղողանջով, երկար բաժանումից հետո կրկին իրար հանդիպելու խանդավառությամբ նման էր նախորդ բոլոր առաջին զանգերին, այնուամենայնիվ, այն նաեւ իր առանձնահատկություններն ունեցավ. քաղաքում կրթական նոր համակարգ է ստեղծվել` ավագ դպրոցը, հիմնական ու միջնակարգ դպրոցները անցումային փոփոխությունների շրջան են ապրում:
Նոր ուսումնական տարին ինչպես են դիմավորում Սիսիանի թիվ 2 միջն. դպրոցում, ինչ խնդիրներ կան եւ ինչպես են հաղթահարվում դրանք:
Մեր հարցազրույցը դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանի հետ է:

-Պարո՛ն Ազարումյան, հարցազրույցը սկսենք ավանդական հարցով` նախ` ինչպե՞ս փակեցիք նախորդ ուսումնականը:
– Նախորդը դպրոցի համար աչքի ընկավ լուրջ հաջողություններով, եւ մեր դպրոցը, կարծում եմ, մարզի լավագույնների շարքում է: Դպրոցի` 64 շրջանավարտից 48-ն ընդունվել է պետական բուհեր, 10-ը կսովորի հեռակա ուսուցմամբ, մյուսներն ուսումը կշարունակեն միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում: Հանրապետական առարկայական օլիմպիադայից բերել ենք մեկ դիպլոմ, 3 գովասանագիր, ոսկե մեդալի տասնյակ թեկնածուների մեջ այն պահպանել է միայն մեր դպրոցի սան Անի Միխայելյանը: Հիմնական դպրոցն ավարտած 65 աշակերտից 50-ը ուսումը կշարունակի ավագ դպրոցում, 5-ը` միջն. մասնագիտական, դեռեւս կան չկողմնորոշվածներ, որոնց ճակատագրով նույնպես մտահոգ ենք:
– Նոր ուսումնական տարին դիմավորում եք, այսպես ասենք, աշակերտների թվի զգալի «կորստով». 64 շրջանավարտ եւ 65 ավարտող. ի՞նչ անդրադարձ կունենա այն դպրոցի վրա` ուսման մակարդակի անկում, ուսուցիչների կրճատում, դասաժամերի քանակի նվազում…
– 129 աշակերտ հրաժեշտ է տվել դպրոցին, ընդունել ենք 53 առաջին դասարանցի, այն դեռեւս վերջնական թիվ չէ, եւ պարզ կդառնա սեպտեմբերի առաջին տասնօրյակին:
Թեեւ դասարանների թիվը 5-ով նվազել է, պակասել է ժամաքանակը, բայց, մինչեւ դեկտեմբեր ամիսը, ըստ մարզպետարանի հետ պայմանավորվածության, որեւէ ուսուցիչ չի կրճատվի: Ուսուցչի միջին ծանրաբեռնվածությունը կլինի 12 ժամ: Եթե պահպանվեր նրա մեկ դրույքը, 15 ուսուցիչ դուրս պիտի մնար: Նոր ֆինանսական տարվա բյուջեն կազմելիս այս խնդիրը նույնպես պիտի հաշվի առնվի:
– Դեռեւս 2 տարի էլ միջնակարգ դպրոցը կգործի, մինչեւ շրջանավարտներն ավարտեն, հնարավո՞ր է պահպանել նաեւ միջնակարգ դպրոցը:
– Սա պետական քաղաքականություն է, եթե պետությունը գտնի, որ հակակշիռ է պետք ավագ դպրոցին, թող պահի, բայց որ դրա անհրաժեշտությունը կա, դա այդպես է: Ինչ անի ավագ դպրոց, բուհ, քոլեջ չգնացող աշակերտը, եթե արհեստագործական ուսումնական հաստատություններ էլ չկան, գոնե` միջնակարգ դպրոցը կավարտեն:
– Ավագ դպրոցը միանշանակ չի ընդունվում, Դուք ի՞նչ կարծիքի եք:
– Բոլոնյան ծրագիրը արտակարգ ծրագիր է, բայց Հայաստանը դրան դեռ պատրաստ չէ: Ավագ դպրոցը լուրջ հասկացություն է, ու այն մեկ դպրոցի մենաշնորհը չէ, այն քաղաքի լավագույն աշակերտների դպրոցն է: Ես մեր դպրոցի աշակերտներին, ավագ դպրոց ճանապարհելիս, խոստացել եմ, որ ամեն շաբաթ գնալու եմ իրենց մոտ, հետաքրքրվելու եմ նրանց ուսմամբ եւ վարքի փոփոխությամբ: Դա իմ պարտքն է, որովհետեւ այդ երեխաներին 9 տարի մենք ենք ուսուցանել եւ պարտավոր ենք անտարբեր չլինել նրանց հետագա ճակատագրի հանդեպ:
– Չե՞ք վստահում նոր դպրոցին:
– Խնդիրը դրա մեջ չէ: Դպրոցից դպրոց տեղափոխությունը շատերի համար գուցե հոգեբանական լարվածություն առաջացնի, նրանց պետք է օգնել` այդ հոգեվիճակը հեշտ եւ արագ հաղթահարելու: Իսկ դպրոցը ոչ ծնողինն է, ոչ` ուսուցչինը, ոչ` իմը, դպրոցը աշակերտինն է:
– Կարո՞ղ էր Ձեր դպրոցը դառնալ ավագ դպրոց:
– Ավագ դպրոց կարելի է ամեն տեղ կազմակերպել: Մեր դպրոցն էլ կարող էր. եւ շենքային պայմաններն են բավարար, եւ գյուղակադեմիան է այստեղ տեղակայված, եւ դպրոցը բազային կարող էր լինել ակադեմիայի համար: Խնդիրը ո՛չ համազգեստի, ո՛չ դպրոցական շենքի գտնվելու տեղի կամ վայրի մեջ չէ, այլ` ծնողների վստահությունը շահելու: Նաեւ` աշակերտների: Հիմնական դպրոցն ավարտած մեր 65 աշակերտից 20-ը կարմիր վկայականներ են ստացել: Եթե ես լինեի ավագ դպրոցի տնօրեն, նույն այդ դասարանի դասղեկին եւ ուսուցչին կհրավիրեի ավագ դպրոց` այդ դասարանի հետ հետագայում եւս աշխատելու, որովհետեւ, բացի այն, որ նրանք շատ հմուտ մանկավարժներ են, արդեն միմյանց լավ են ճանաչում, իրար գիտեն, եւ հոգեբանական դժվարություններ չեն լինի նոր միջավայրում, աշակերտները չեն բարդութավորվի, 9-րդ դասարանի աշակերտը, որը սեռահասունացման բարդ պրոցես է ապրում, զերծ կմնա նոր միջավայրի հոգեբանական լարվածությունից ու հեշտ կհարմարվի: Իսկ եթե նոր ուսուցիչը, որը չգիտի աշակերտին, սկսի փնովել նրա դպրոցը, նրա դաս տված ուսուցչին, ինչը չեմ բացառում, քանի որ դպրոցների միջեւ նաեւ մրցակցային նախանձ կա, աշակերտը կհիասթափվի, բայց այլեւս նախկին դպրոց վերադառնալու ետադարձ ճանապարհ չունի: Սա է, կարծում եմ, կարեւոր հարցը, ոչ թե` դպրոցը մեծ է կամ` փոքր, քաղաքի կենտրոնում է, թե` ծայրամասում: Եթե ավագ դպրոցի աշակերտի համար այն կենտրոն է, 6 տարեկան առաջինցո՞ւ համար կենտրոնը որն է: Եվ նաեւ` ի՞նչ է նշանակում մեծ կամ փոքր դպրոց. կա դպրոց, մեծ է, թե` փոքր, կարեւոր չէ, կորեւորը ներսում աշխատող եւ սովորող մարդն է ու թե նա ինչքանով է իր առաքելությունը կատարում: Ասենք` Արեւիսի դպրոցը շատ փոքր է, փոքր դպրոցում սովորելը կամ աշխատելը դատապարտվածությո՞ւն է,  եւ քի՞չ են քաղաքի դպրոցների այն ուսուցիչները, որ հենց գյուղական փոքր դպրոցներով են անցել, դարձել հմուտ եւ փորձառու: Կարեւորը, դպրոցի պարագայում, լինի` ավագ, հիմնական, թե` միջնակարգ, մեծ, թե` փոքր, վստահությունն է դպրոցի եւ ուսուցչի նկատմամբ: Փոքր ասացինք, որ այսօր գյուղական համայնքների շատ դպրոցներում այլեւս երեխա չի մնացել, իսկ եթե համայնքում դպրոց չկա, նշանակում է` գյուղ չկա:
– Ինչպե՞ս է դրված սերնդափոխության հարցը դպրոցում, եւ կա՞ նման խնդիր:
– Առայժմ` ոչ, չնայած դրա անհրաժեշտությունը կա: Կոլեկտիվը ծերանում է, եւ 4-5 տարի հետո սերնդափոխություն պիտի կատարվի: Ներքին մեխանիզմ կա մշակված մեր դպրոցում. փորձաշրջանի կարգով, կամավորության սկզբունքով եւ առանց վարձատրության աշխատում են համակարգչային կենտրոնում, շփվում դպրոցի, աշակերտների հետ, ծանոթանում դպրոցի աշխատանքներին, եւ, անհրաժեշտության դեպքում, հենց այդ փորձաշրջանն անցած կադրերին ենք ընդգրկում մանկավարժական կոլեկտիվ:
– Ի՞նչ հիմնախնդիրներ կան դպրոցում:
– Շենքը հիմնականում վերանորոգված է, սանիտարական նորոգումներ ենք կատարել, բակի վիճակը բարվոք չէ, եւ միջոցներ ենք փնտրում այն բարեկարգելու: Քանի որ դպրոցը ֆինանսավորվում է աշակերտ-թվով, աշակերտների թվի նվազման հետեւանքով կնվազի նաեւ դպրոցի ֆինանսավորումը, սակայն դպրոցի ծավալները պահպանվել են, ուստի կառաջանա նաեւ դպրոցը պահել-պահպանելու, ջեռուցելու խնդիրը: Այս տարի նույնպես կգործի երկարօրյան, անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ` հնարավոր է նաեւ առանց հովանավորի: Դժվար երեխաների հետ ենք լուրջ աշխատում, ամեն երեխայի մեջ էլ լավ բան կա, պիտի կարողանալ այն գտնել եւ դրանով ազդեցություն ունենալ նրա վար: Մեր դպրոցի համար եւ կոնկրետ ինձ համար սկզբունք է այն, որ` կարեւորը  գիտելիքով հարուստ երեխան չէ, ոչ էլ` բարձր միավորներով եւ անվճար բժշկական կամ այլ բուհ ընդունվելը, այլ` առողջ եւ դաստիարակված երեխան, եւ այդ դեպքում գիտելիք ստանալու ցանկություն նա անպայման կունենա: Կարեւոր է նաեւ պետության համար լավ մարդ դաստիարակելը, եւ որ ամեն աշակերտ դպրոցից դուրս գալուց հետո միշտ ցանկություն ունենա նորից դպրոց գնալու…

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *