Ուսուցչի տոնը` Գորայքի դպրոցում. ՏԱՐՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐՆ ԵՆ ՈՒՍՈՒՑՉԻՆԸ…

DSC07104

Ուղղակի այդ բոլոր-բոլոր օրերը եկել-խտացել են օրացուցային մեկ օրվա` հոկտեմբերի հինգի մեջ` միանգամից հորդելու որպես խոնարհում, որպես երախտագիտություն, որպես շնորհակալություն, որպես ակնածանք ու գնահատական: Ու սրտաբուխ է խոնարհումը, ու անկեղծ է շնորհակալությունը, ու ափեափ է ակնածանքը: Ու յուրքանչյուր ոք որքան իր ծնողի, իր ընտանիքի արգասիքն ու արդյունքն է, նույնքան` իր դպրոցի, իր ուսուցչի կռած-կերտած կոփածոն: Եւ ինչպիսի խոսքեր էլ հնչեն, ինչքան էլ հնչեն, դարձյալ քիչ է այն հսկայածավալ ավանդի դիմաց, այն սիրո եւ գորովի հանդեպ, այն դասի ու պատգամի առջեւ, որ ուսուցիչն է տալիս իր սանին, իր աշակերտին, սերնդին, սույնով նաեւ` երկրին ու պետությանը:

Ուսուցչի տոնը սիրո եւ երախտագիտության իսկական շքահանդեսի վերածվեց Գորայքի հիմնական դպրոցում: Տոնը առիթ դարձնելով` դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հնչեցրեցին պարտքի եւ պատասխանատվության, միմյանցով ապրելու եւ միմյանց ապրեցնելու սրտաբուխ խոսքեր, որ, գուցե, ուրիշ ժամանակներում կկաշկանդվեն բարձրաձայն ասել միմյանց…

Ուսուցչի օրը Գորայքի դպրոցում տոնական լինելուց զատ` նաեւ խռովահույզ էր. մեծարանքով, գնահատանքով վաստակած հանգստի ճանապարհեցին դպրոցի սյուներից մեկին` ուսուցչուհի Անահիտ Հովակիմյանին, ով իր կյանքի ավելի քան 45 տարին անց է կացրեր այս դպրոցի պատերից ներս, ով իր հոգու անտարողունակ, անչափելի սերն ու գորովն է տվել սաներին, ով 27 տարի իր ուսերին է կրել նաեւ ուսումնական մասի վարիչի պարտականությունները:DSC07105

Տոնի կապակցությամբ շնորհավորելով ուսուցիչներին` դպրոցի տնօրեն Մարտուն Թադեւոսյանը նշեց, որ այն կամաց-կամաց մեզանում ավելի մեծ մասսայականություն է վայելում, եւ ուսուցչի տոնին սպասում են այն հույզով, այն ապրումներով, ինչպես` Ամանորին, Մարտի 8-ին: «Ուսուցչի աշխատանքը ոչ թե սովորական աշխատանք է, այլ ի վերուստ տրված կոչում, եւ տրված է ոչ բոլորին, այլ միայն նրանց, ովքեր հոգով ու սրտով են ուսուցիչ»,-ասաց տնօրենը` հավելելով, որ հենց իրենք են մեր պետության վաղվա օրը կերտողները: Տնօրենը շնորհավորեց նաեւ այն ուսուցիչներին, ովքեր նոր ուսումնական տարում առաջին անգամն են ոտք դրել Գորայքի միջնակարգ դպրոց` հորդորելով յուրացնել եւ պահպանել այն գեղեցիկ ավանդույթները, որ կան դպրոցում, ցանկացավ, որ նորերը դառնան ավագների գործի շարունակողը` ապրելով ուսուցիչ լինելու վեհ զգացողությունը:

Դպրոցի տնօրենն այնուհետեւ խոսեց օրվա ամենհուզիչ պահի` վաստակաշատ ուսուցիչ Անահիտ Հովակիմյանին վաստակած հանգստի ճանապարհելու մասին` խորին երախտագիտություն հայտնելով դպրոցի ողջ կոլեկտիվի, աշակերտների, ծնողների, համագյուղացիների եւ իր անունից թե որպես նրա աշակերտ, թե որպես ղեկավար: «Ես չգիտեմ` Ձեր ճերմակ մազերից ես մեկը սպիտակեցրել եմ թե` չէ, բայց եթե սպիտակեցրել եմ, ուզում եմ ներողություն խնդրել, սակայն համոզված եմ, որ Ձեր սաները Ձեզ ավելի շատ ուրախ եւ երջանիկ պահեր են պարգեւել»: Ապա տնօրենը շնորհակալություն հայտնեց նաեւ այն տարիների համար, որ միասին աշխատել են որպես գործընկերներ, եւ, կրտսերի նրբանկատությամբ ասաց, որ վաստակած հանգստի անցնելուց հետո էլ միշտ ունենալու են Հովակիմյան ուսուցչի եւ գործընկերոջ կարիքը, զգալու են նրա օգնության եւ աջակցության անհար22278861_1179098998901367_1154982842_nժեշտությունը:

Ուսուցչի տոնը հայրենի գյուղի եւ սիրելի դպրոցի ուսուցիչների հետ նշելը եւ նրանց մասնագիտական տոնը շնորհավորելը իր համար մեծ երջանկություն համարեց ՀՀ ԳԿ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Խոսելով մեր հասարակության մեջ ուսուցչի տեղի եւ դերի կարեւորության մասին` մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի եւ երկարամյա մանկավարժական գործունեության համար Մանկուկ Մկրտչյանը Գորայքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Անահիտ Հովակիմյանին հանձնեց ՀՀ ԿԳ նախարարության պատվոգիրը:

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի արհմիությունների կոմիտեի նախագահ Խաչիկ Խաչումյանը իր շնորհավորանքի խոսքում նշեց, որ Գորայքի դպրոցը ոչ միայն տարածաշրջանի, այլեւ` մարզի լավագույն դպրոցներից մեկն է, եւ դա համարեց կոլեկտիվի մեծ ջանքերի արդյունքը, ապա նշեց, որ երկարամյա անբասիր աշխատանքի համար արհմիությունների հանրապետական կոմիտեի կողմից Անահիտ Հովակիմյանն արժանացել է պատվոգրի եւ նվերի:

Առավել հուզիչ էր կյանքի լավագույն տարիները միասին նույն գյուղում եւ նույն դպրոցում անցկացրած ու մանկավարժի` նույն պատվաբեր եւ պատասխանատու ճանապարհը գրեթե միաժամանակ անցած կոլեգայի` Ֆլորա Ամիրջանյանի շնորհավորանքի խոսքը, ով թեեւ 30 տարուց ավելի է` ինչ Գորայքում չի ապրում, բայց իրեն միշտ համարում է բազարչայցի…

Գորայքի դպրոցում վաստակաշատ մանկավարժներին 22290313_1179099085568025_2065424633_nփոխարինելու են գալիս արժանավորները: Վկան` ֆիզիկայի երիտասարդ ուսուցչուհի Քրիստինա Մկրտումյանի խոսքը, ով չշտապեց իրեն համարել նրանցից մեկը, քանի որ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, սակայն խորին շնորհակալություն հայտնեց այն ամենի համար, ինչ ունի, եւ ինչ իրեն տվել են իր ուսուցիչները: «Ուզում եմ, որ մի օր էլ ինձ պես, մեկը ինձ համար, այս նույն հուզմունքնով, ինձ ասի` շնորհակալություն: Նոր այդ ժամանակ ես կհամարեմ, որ ձեզանից մեկն եմ: Հավատում եմ, որ մեր սերունդը, որ եկել է ձեզ փոխարինելու, լինելու է ձեզ արժանի սերունդ, հավատում եմ, որովհետեւ դուք եք մեզ կրթել»,-նշեց նա:

Մեծ ջանք պահանջվեց վաստակաշատ ուսուցիչ Անահիտ Հովակիմյանից` թաքցնելու հուզմունքն ու հոգու խռովքը, ով 45 տարի աշխատել է նույն դպրոցում, նույն կոլեկտիվի հետ: «Մանկավարժությունը եղել է իմ տարերքը, առանց մանկավարժության, առանց դաս բացատրելու, առանց երեխաների հետ առնչվելու ես կյանքս չեմ պատկերացրել: Մայիս ամսից ինձ տրամադրել եմ, որ էլ չեմ աշխատելու, կարողացա ուժ գտնել իմ մեջ, ինքս ինձ համոզեցի, որ մի օր չպետք է աշխատեմ, բայց երբ հանկարծ պատկերացնում եմ, թե մի օր այլեւս դպրոց չեմ գնալու, էլեկտրական հոսանքը շամփրում է ուղեղս, սակայն` ինչ արած, պետք է գնալ, որ երիտասարդները գան փոխարինելու»,-ասաց Անահիտ Հովակիմյանը` շնորհակալություն հայտնելով դպրոցին, կոլեկտիվին, աշակերտներին: «Խոնարհվում եմ իմ կոլեկտիվի, տնօրենի առջեւ: Ինչպես երախաները խոնարհվեցին իմ առջեւ, այնպես էլ ես եմ խոնարհվում ձեր առջեւ` ինձ այսպես մեծարելու, այսպես ճանապարհելու եւ այսպես հրաժեշտ տալու համար: Կյանքում երջանկության պահեր, աշխատանքային հաջողություններ շատ եմ ունեցել, բայց այսօրվա երջանկության պահը իմ կյանքի ամենաաստեղային պահն է, թեկուզ լքում եմ իմ աշխատավայրը, իմ սիրելի սաներին, որոնց սիրում եմ անսահման, բայց պահը եկել է, որ պիտի հրաժեշտ տամ»,-ասաց նա, չմոռանալով իր մեծ խոնահումը հայտնել սահմանին կանգնած 18-19-ամա պատանուն, քանի որ երկիրը ուսուցիչն է, երկիրը դպրոցն է, երկիրը նաեւ սահմանին կանգնած զինվորն է…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

1,614 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *