ՈւՐԱԽԱԼԻ Է, ՈՐ ՔԱՐԻ ՎՐԱ ՔԱՐ Է ԴՐՎՈւՄ…

DSC06812

Սիսիանի մշակույթի տան դիմահայաց մայթին գտնվող աղբյուր-հուշարձանը քաղաքի գեղեցիկ եւ ինքնատիպ կառույցներից մեկն է, որն ամբողջացնում է կենտրոնական հատվածի ճարտարապետական դիմագիծը: Երկար տարիներ, սակայն, զրկված լինելով ուշադրությունից, թափվել են աղբյուր-հուշարձանի քարերը, քանդվել է հատակը, քայքայվել ու փտել են խողովակները, ճահճացել էր շրջակայքը, իսկ ցայտաղբյուրներին մոտենալ-ջուր խմելը դարձել էր մեծ փորձություն: «Աղբյուր-հուշարձանի վերանորոգումը համարեցինք մեր կարեւոր պարտականություններից մեկը,-ասաց Սիսիանի կոմունալ տնտեսության պետ Գարեգին Բաղդասարյանը: -Առանձնապես մեծ գումարներ եւ մեծ ջանքեր չպահանջվեցին տարիներով անուշադրության մատնված, անհրապույր ու քանդված հուշաղբյուրը վերանորոգելու համար: Պետք էր ընդամենը՝ սրտացավություն, հետեւողականություն, մեր քաղաքը ավելի գեղեցիկ ու բարեկարգ տեսնելու ցանկություն, եւ ահա երկու-երեք օրից այն ամբողջությամբ նոր տեսք կստանա»: Գարեգին Բաղդասարյանը նշեց, որ վերանորոգվում է աստիճանավանդակը, սալարկվում է հուշաղբյուրի հատակը, փոխվել են խողովակները, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, կանխվել է տարածքի հետագա ճահճացումը: Կոմունալ տնտեսության պետը հավելեց, որ աջակցել է նաեւ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, այլապես միայն իրենց ուժերով հնարավոր չէր իրականացնել հուշաղբյուրի վերանորոգումը: Նա նշեց նաեւ, որ անցուդարձողները ողջունում են, բարի խոսքեր ասում, ուրախանում, որ քար է դրվում քարին, որ քանդվածն ու ավերվածը վերականգնվում է: Միաժամանակ հորդորեց համաքաղաքացներին պահպանել սարքածը, չաղտոտել շրջակայքը, որ բոլորիս սիրելի Սիսիանը գեղեցիկ ու մաքուր լինի:

Աշխղեկ Մերուժան Մուրադյանը հավելեց, որ հուշաղբյուրը գտնվում է գեղեցիկ տեսք ունեցող մշակույթի տան մոտ, բանուկ հատվածում, ուր անցուդարձը մեծ է, եւ մշակույթի տան շրջակայքը նույնպես պետք է գեղեցիկ լինի՝ ամբողջացնելու քաղաքի կենտրոնի ճարտարապետական տեսքը:

«Որոտան»

 

2,070 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *