Չեմ իմանըմ` խա ասենք` ի՞նչ ա ըլնելու, չէ ասենք` ի՞նչ ա ըլնելու…

Աշխարհը խառնվել է իրար` դեպքեր, դեպքեր, դեպքեր…իսկ մեր երկրում` դեմքեր, դեմքեր, դեմքեր…մի օր մի գույնի գլխարկ են դնում, մի օր` մի ուրիշ գույնի, մի օր` աջ են, հաջորդ օրը` ձախ, մյուս օրը`  նայած տաք քամին որ կողմից կփչի…
Իսկ գյուղական հոգսաշատ ու միամիտ, պարզ ու անկեղծ իմ շրջապատում` միայն չթաքցված տրտունջ` «էլի ընտրություններ, չպրծանք  էլի », «ես չեմ էլ էթալու, ով ա իմ այո-ին կամ` ոչ-ին նայում», իսկ մարդկանց մի ստվար խումբ էլ, որ իր օրվա ցամաք հացի հետեւից է ընկած, անտարբեր է, հավատը կորցրած, հիասթափված ցանկացած ընտրությունից (նրանց համար հանրաքվեն էլ է ասոցացվում ընտրության հետ):
Շատերն էլ դեռչ գիտեն` «այո ասեն` ինչ ա ըլնելու, ոչ ասեն` ինչ ա ըլնելու», «ի՞նչի համար են այդ փոփոխությունները», ո՞ւմ համար են, երբվա՞ համար են, մի ողջ կյանք ապրել են իրենց ապուպապերի` արդար-ազնիվ` չգրված օրենքներով, կյանքի մնացած մասն էլ էդպես կապրեն, ու կգնան խառնվելու իրենց ապուպապոտ հողին:
Անգեղակոթի գյուղամիջում հավաքված իմ իմաստուն պապիկները, որ ամեն Աստծո օր, ինչպես իրենք են ասում, սկսում են իրենց «ժողովը», միշտ հետևում են լուրերին, ակտիվ քննարկում են քաղաքական յուրաքանչյուր քայլ, տարբեր կարծիքներ արտահայտում «հարկավոր է, որ տնտեսությունը զարգացնեն, որ  մարդիկ լավ ապրեն», հարկավոր է…
Ես էլ իմ չարաճճի կատակն եմ խաղում նրանց գլխին` հարկավոր է մի զույգ կոշիկ…դիմել են ղեկավարին, ասել է` չիք, դե նրանք էլ դիմում են…Սահմանադրությանը:
Ախ, անգեղակոթցի իմ անբախտ-բախտավոր պապեր, ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել…
Աչքի տակով ու ականջի պոչով հետեւում եմ խորշակահար, հոգսատանջ անգեղակոթցի իմ պապիկների խոսք ու զրույցին. «երկրի վիճակը այդ փոփոխություններից հաստատ չի փոխվի»,-ասում է բարի, չորուկ դեմքով մի պապիկ: Նրանից տարբերվելու եւ բանիմաց երեւալու համար իր անառարկելի տեսակետն է հայտնում քաղաքում պաշտոնյա ազգական ունեցող մյուս պապիկը` «եթե  իշխանությունն ասում է, որ պետք են փոփոխություններ, ուրեմն պետք է, մի բան գիտեն»: Նրան առարկում է հայացքը քրքրված, ծռմռված ոտնամաններից չկտրող պապը` «մեզ փոփոխություն պետք չի»: Իրենց համար աննկատ` հարցնում եմ` այնուամենայնիվ` այո՞, թե՞ ոչ… «մենք այլևս եղանակ չենք կարա փոխենք, ջահելները պետք է ճիշտն ու սխալը գտնեն…իսկ մենք միայն կանենք ընենց, ոնց ասեն»,  «…հըլը մինչև ընտրություն բավական ժամանակ ունենք` խորհելու»,-ասացին…
Ախ իմ խորհող-մտածող, էս աշխարհի առ ու ծախից հեռու մնացած անչար պապիկներ, իմ իմաստուն պապիկներ` Անգեղակոթի, ուրիշ եք, ուրիշ, խոսում եք, քննարկում, վիճում, խռովում, բարիշում, հետո ասում` «մի թիմ ենք», «մի տնից չենք, մի հալի ենք»:
Աստված ջան, մեր երկրի ապագայով մտահոգված անգեղակոթցի իմ պապիկներին երկար կյանք տուր, որ իրենց ավանդական` «պապիկների ժողովում» միշտ լավ թեմաներ քննարկվեն:
…Հետո, երբ արեւը թեքվեց, ու նրանց հավաքատեղին զրկվեց բնական ջերմությունից, համ էլ` գոմի-հավ ու ճիվի, ապրանքը ջրելու ժամն էր, պիտի վեր կենային ու ամնեքը գնար իր գործին, հոգսաշատ, հոգնատանջ իմ պապիկները վեր կացան տեղից ու, ինչպես ընդունված է իրենց մեջ, սպասեցին բոլորի կողմից հարգված պապի վերջին խոսքին:
Զգալով իր վրա հառած հայացքները, պապը, քիչ խորհելուց հետո ասաց` Չեմ իմանըմ` խա ասենք` ի՞նչ ա ըլնելու, չէ ասենք` ի՞նչ ա ըլնելու…
Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ
23.11.2015

Մեկ Արձագանքման Չեմ իմանըմ` խա ասենք` ի՞նչ ա ըլնելու, չէ ասենք` ի՞նչ ա ըլնելու… համար

  1. NVARD says:

    … ԱՎԱ՜Ղ… ԷՆՊԻՍԻ ՄԱՐԶՊԵՏ ՉՈՒՆԵՆՔ,ՈՐ ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ ,, ԱՅՈ,, ՉԱՍԵՆ…ԳՈՆԵ ԱՅՍ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀԻՆ ԻՐԵՆՑ ՍՐՏԻ ԽՈՍՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԵՆ…ՉՄՈՌԱՆԱԼՈՎ,ՀԱԶԱՐԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՕՐԻՆԱԿ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ…ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ԵՐԵՎԻ,ՈՐ ՋՐԱՌԱՏ ԱՆԳԵՂԱԿՈԹ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉԻՑ ԽԼԵՑ Ա՛ՅՆ ՈՒ ՀԻՄԱ ԿԱԹԻԼՆԵՐՈՎ ՈՌՈԳՎԱԾ ՀՈՂԵՐԻՑ ՍՏԱՑԱԾ ԲԵՐՔՈՎ ՁՄԵՌ ԵՆ ՄՏՆՈՒՄ…ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԻՏԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵ՞Ն,ՈՐՊԵՍԶԻ ՄՆԱՆ ՆՈՒՅՆ ԼԾԻ ՏԱԿ…ՑԱՎՈՒՄ ԵՄ,ՈՐ ՀՈԳՆԱԾ ՈՒ ՀՈԳՍԱՇԱՏ ԼԻՆԵԼՈՎ,ՈՉ ՈՔ ՉԻ ՆՍՏԵԼՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՐԵՆ ԾԱՆՈԹԱՆԱ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ,ՀԵՏԵՎԱԲԱՐ, ԱՂԵՏԱԼԻ ԱՊԱԳԱՆ ԷԼ ՉՊԱՏԿԵՐԱՑՆԵԼՈՎ ԿՔՎԵԱՐԿԵՆ ՈՒՂԱԿԻ՝Ի ՄԻՋԻ ԱՅԼՅՈՑ…ԵՎ ,ՑԱՎՈՔ,ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ,Ի ՕԳՈՒՏ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԼԾԱԿԻ…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *