ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԶԸ

ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության եւ Հայաստանի Ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում բացված բացառիկ եւ ինքնատիպ` «Չինաստանի ազգային փոքրամասնությունների տարազ» ցուցահանդեսը առիթ տվեց մեկ անգամ եւս կրկնելու այն հայտնի ճշմարտությունը, որ ինչքան գնահատես օտար մշակույթն ու արվեստը, այնքան կգնահատես քո ազգայինը:

Թեեւ հայ-չինական առեւտրա-մշակութային կապերը ձգվում են մինչեւ դարերի խորքը,  Չինաստանն այսքան մոտիկ եւ այսքան շոշափելի գուցե եւ չէր եղել մեզ համար, որքան որ այս ցուցահանդեսով, ուր ներկայացված էին չինական 56 էթնիկ փոքրամասնությունների տարազը եւ մշակույթը բնորոշող 12 այլ ցուցանմուշներ: Հայաստանում եւ Սիսիանում նմանօրինակ ցուցահանդեսի բացումը, ինչպես նշեց Ազգային պատկերասրահի` գիտական գծով փոխտնօրեն, արվեստաբան Հասմիկ Հարությունյանը, մի քանի նպատակ է հետապնդում. նախ` դա չինական մշակույթը խորհրդանշող երկրորդ, բնույթով` առաջին ցուցահանդեսն է Հայաստանում, որը ճանաչողական նշանակություն ունի հասկանալու այն երկիրը, որի հետ դիվանագիտական, առեւտրատնտեսական եւ մշակութային կապեր է հաստատել մեր երկիրը, երկրորդ` երիտասարդ սերնդին հնարավորություն տալ տեսնելու, հասկանալու եւ վերցնելու այն հնարավորը, ինչն իրեն օգտակար կլինի: Պատահական չէ, որ 18-րդ դարից սկսած` Եվրոպան մեծ ազդեցություն է կրում չինական եւ ճապոնական մշակութային տարրերից: Իսկ խորքում, ինչպես ավելացրեց արվեստաբանը, ցուցահանդեսը նաեւ կրթական նպատակ ուներ` հաղթահարելու «իմ ինչին է պետք չինական տարազը» մտածելակերպը եւ մի քիչ նեղություն պատճառել ինքն իրեն` դուրս գալու ծուլության, նստակեցության, հարմարվողականության հոգեբանությունից եւ ակտիվություն հաղորդել սեփական առօրյային:
«Չինաստանի ազգային փոքրամասնությունների տարազ» ցուցահանդեսի նպատակներից մեկն էլ այն էր, որ, ինչպես նշեց արվեստաբանը, իրազեկի մեզ` հայերիս, որ բազմամիլիոնանոց Չինաստանը էթնիկ միատարր պետություն չէ, այնտեղ ապրում են 56 էթնիկ փոքրամասնություններ` պահպանելով իրենց էթնիկ առանձնահատկությունները:
Չինաստանը բացահայտումների երկիր է: Այն մետաքսի, ճենապակու, թղթի, տպագրության, վառոդի եւ շատ այլ համամարդկային գյուտերի հայրենիքն է: Ազգային տարազը նրան բացահայտելու, ճանաչելու եւ ընկալելու եւս մի հնարավորություն է` հասկանալու նրա կենսափիլիսոփայությունը, կենցաղը, մտածելակերպը, պատմությունը:
Ցուցահանդեսը, իրոք, բացառիկ է եւ հետաքրքիր: 22 ամյա Լիլիթ Գրիգորյանը, որ ամենայն հետաքրքրությամբ էր դիտում ցուցանմուշները, ասաց, որ դրանք իր վրա մեծ տպավորություն թողեցին, թեեւ ընդգծված ազգային են, բայց կարծես ժամանակակից լինեն եւ ինքը հաճույքով դրանք կհագներ` ձեւափոխելով իր ճաշակով:
Նկարչուհի դիզայներ Զարա Գասպարյանն ասաց, որ ամեն մի տարազ կարծես մի աշխարհ լինի, զգեստները հարուստ են, գունագեղ, բազմաթիվ տարրերով հագեցած, բայց ոչինչ ավելորդ չէ եւ այդքանով հանդերձ` չափազանց թեթեւ: Տարազից կարելի է հասկանալ, թե այս ժողովուրդն ինչքան մեծ տեղ եւ նշանակություն է տվել դրան: «Կիրառական արվեստի մեծ պաշար ունեն այս զգեստները, որոնք սիրով կհագնեի»,- ավելացրեց նա:
Որպես եզրափակում հավելենք միայն թե, որքան լուրջ եւ հարգալից է Չինական դեսպանատունը վերաբերում իր ազգային արժեքներին, նույնքան` օտարների, ինչը, կարծում ենք, երկուստեք շփումների եւ հարստացման գրավականն է եւ արժանի հարգանքի:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *