Չուղարկված նամակ

1460109_375856205906020_778453116175804520_nԲարև, հերո՛ս:
Ամեն անգամ ուզում եմ քեզ գրել իմ մտորումների, իմ երազանքների մասին: Գիտեմ, որ դու կհասկանաս ինձ: Համոզված եմ ,որովհետև ես կրում եմ քո անունը: Սիրելի՛ Աղվան, դու կյանքդ չխնայեցիր, որպեսզի հայրենի երկիրդ կանգուն մնա, որպեսզի հայ օջախում լսվի մանկան ճիչը: Դու զոհվեցիր, բայց քո անմար հոգին սավառնում է Սյունյաց չքնաղ լեռնաշխարհում: Ամեն անգամ, երբ տեսնում եմ թևերը բաց սեգ արծիվներին, քեզ եմ տեսնում: Ամեն անգամ, երբ լսում եմ թռչունների երգը, քո խոսքերն եմ լսում: Հիմա կհարցնես, թե որտեղից գիտեմ, թե ի՞նչ էիր մտածում դու ու ի՞նչ էիր ուզում: Կպատասխանեմ, որ դու մեր ընտանիքի մի անդամն ես, որ երբեք չի հեռանում մեր օջախից: Քո խոսքերն անընդհատ հիշում ու հիշեցնում է հայրս, որ երբեք չի հաշտվում քո կորստի հետ: Երբ հայրենի հովերն իմ դեմքին են գգվում, ես հասկանում եմ, որ դա դու ես: Քո բանաստեղծական հոգին ամեն տեղ է՝ ալպիական ծաղկանոցներում, Որոտնագետի փրփրաբաշ ջրերում, հանդ ու չոլում, սեգ սարերում…
Անհուն սերդ արյանդ հետ հողին բաշխեցիր, ու հիմա արյանդ ամեն մի կաթիլը, մի-մի ալ ծաղիկ դարձած, ամեն տարի հողից դուրս է գալիս ու խենթացնում իր բուրմունքով ու գեղեցկությամբ: Համոզված եմ՝ եթե էլի մի կյանք ունենայիր, առանց վարանելու հայրենիքիդ կտայիր: Այնքան բաներ ունեմ քեզ ասելու. խնդրում եմ, գոնե, հայտնվիր իմ երազներում, որ զրուցենք: Ես ուզում եմ լսել քո խորհուրդները, դրանք ինձ ու իմ ընկերներին շատ պետք կգան, քանզի մեր արդար գործը ավարտին չի հասել, քանզի թշնամու դավադիր գնդակը դեռ խոցում է անմեղ սրտեր:
Ես հպարտ եմ, որ կրում եմ քո անունը, խոստանում եմ, որ արժանի կլինեմ քո անվանը ,հայրենին պաշտպանելու քո սուրբ պատգամին:
Սիրով՝ Աղվան Արմենի Կարապետյան
18.11.2014թ

2 մեկնաբանություն Չուղարկված նամակ հոդվածին

  1. ashot nalchajyan says:

    ափսոս,հազար ափսոս Աղվանը,իսկ քեզ տղես կասեմ,էդքան մի սևեռվի էդ մտքի վրա,պատերազմը չի վերջացել,ձեր սերունդին էլ փայ կհասնի,դու ավելի լավ կանես հորիցդ ինչքան կարող ես,շատ բան սովորի,ինքը բարձրակարգ ու պատերազմում մեծ արժանիքներ ունեցած ազատամարտիկ է

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *