ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԸ

Սիսիանի քաղաքային պանթեոնում զինվորի հուղարկավորության մասնակից չէինք եղել զինադադարից ի վեր: Բայց երբ 2015 թ-ի հունվարի 28-ին Մատաղիսի դիրքերում դիպուկահարի գնդակից զոհված 19-ամյա Կարեն Գալստյանը հուղարկավորվեց այնտեղ, բոլորի միտքը մեկն էր՝  վերջինը լինի… Սակայն Կարենը վերջինը չէր… 2015-ի դեկտեմբերի 4-ին իր զինվորական պարտականությունները կատարելիս հայ-ադրբեջանական դիվերսիոն գործողությունների ժամանակ թշնամու դավադիր գնդակից զոհված ժամկետային զինծառայող 20-ամյա Էրիկ Գրիգորյանի աճյունը նույնպես ամփոփվեց այնտեղ… Ու հայրենի հողը նրանցով հարստացավ… ու, ցավոք, հայրենիքի ծառը կրկին զինվորի արյամբ ջրվեց, որ վերընձյուղվի-ծաղկակալի ու պտղաբերի սերը՝ առ հայրենիք… Ապրիլյան քառօրյա հերոսամարտը նոր զոհերով «հարստացրեց» սրբատեղի դարձած պանթեոնը՝ հիշատակի ու խնկարկումի նոր օր ավելացնելով մեր հերոսամարտի տարեգրության մեջ… Հնօրյա հերոսների կողքին այնտեղ իրենց հավերժական հերոսացումն են ապրում նորօրյա նահատակները՝ Մայիս Միրզոյանը, Արմեն Բերգլարյանը, Եղիշե Նիկալյանը, Սեդրակ Ասրյանը, Սերգեյ Դանղյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Կարո Համբարձումյանը, Արմեն Հովհաննիսյանը:

Օգոստոսի 20-ին մարդաշատ էր պանթեոնում: Բարեբախտաբար՝ ուրիշ մարդաշատություն էր. պանթեոնի ողջ տարածքի մաքրման, բարեկարգման, քառօրյա պատերազմի նահատակների տապանաքարերի տեղադրման աշխատանքներն էին կատարվում: Շատ էին հատկապես զինվորականները, եւ ուրիշ զգացում էր՝ հույզի, ցավի, ափսոսանքի հետ երախտապարտության զգացումն էր, որ համակել էր բոլորին…

Ազատամարտիկների հետ աշխատանքներին մասնակցում էին նաեւ Սիսիանի զորամասի զինվորականները՝ հրամանատար Սմբատ Գրիգորյանի ղեկավարությամբ:

Արդեն մեկ տարուց ավելի Սիսիանի զորամասում իր զինվորականDSC04675 պարքը կատարող գավառցի Սիրակ Ղռոյանն ասաց, որ պատիվ է իր համար այսօր գտնվել պանթեոնում եւ մասնակցել բարեկարգման աշխատանքներին, որով իրենք էլ իրենց հարգանքի տուրքն ենք մատուցում ապրիլյան պատերազմի զոհերին: «Մենք նրանց գործը շարունակողն ենք եւ, անհրաժեշտության դեպքում, մենք նույնպես գնալու ենք առաջնագիծ, իսկ սա մեր ծառայության մի մասնիկն է:  Ճիշտ է՝ տխուր առիթով է մեր մասնակցությունը, բայց զինվորի արյամբ եւ հայրենասիրությամբ է սրբացված այս տարածքը, չենք ցանկանա նոր զոհեր, ոչ մի զինվոր պատերազմ չի ցանկանում, թեեւ հենց նա է կոչված հայրենիքը պաշտպանել, իսկ եթե թշնամին կրկին հանդգնի զենքով մեր դեմ դուրս գալ, զենքով էլ կընկնի»,- ասաց զինծառայող Սիրակ Ղռոյանը՝ մեր ժողովրդին մաղթելով խաղաղություն, զինակից ընկերներին՝ անփորձանք ծառայություն:

Սիսիանի զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապես Արսեն Գրիգորյանն էլ նշեց, որ բոլորի պարտքն է նահատակների հիշատակը վառ պահելը՝ նախ որպես հայ, ապա՝ որպես զինակից եւ նրանց կատարածի իմաստը, կարեւորությունը սերունդներին փոխանցելը: «Այս աշխատանքներին ներգրավվեցին հատկապես զինվորները՝ կարեւորելով դրա իմաստը: Սա սոսկ շաբաթօրյակ չէր: Այսօր զինվորի ուսերին է թե երկիրը պահելը, թե ազգայինը պահպանելն ու շարունակելը: Մենք դրա համար ենք ծառայում, մենք դրա համար ենք աշխատում առավոտից իրիկուն, քրտնում: Մեր խնդիրը դա, ու մենք գոհ ենք, որ մեր խնդիրը պատվով ենք կատարում: Զինվորի նկտմամբ սերը միշտ կա, բայց օրհասաDSC04660կան պահերին դա հասնում է առավելագույնի, դա զգացինք ամիսներ առաջ, երբ խիստ ընդգծվեց զինվորի եւ զինվորականի դերն ու կարեւորությունը պետության եւ պետականության կյանքում: Կոչումներ, պաշտոններ երազողների երկրում ապրելով հանդերձ՝ պետք է գիտակցել, որ դրանք չեն կարեւր, կարեւորը մեր ազգային արժեքներն են, մեր հավատն է, մեր սրբություններն ու հիշատակներն են, դրա շարունակողն էլ այսօր մենք ենք ու պարտավոր ենք պահել ու պահպանել այդ ամենը»,-նշեց նա՝ հավելելով, որ պետք է ոչ թե առիթից առիթ գալ այստեղ, այլ՝ ամեն ինչ առիթ դարձնել՝ պանթեոն գալու…

Աշոտ Մինասյանը նշեց, որ աշխատանքները կատարվում են իր նախաձեռնությամբ, եւ որեւէ կառույց ու կազմակերպություն դրա հետ կապ չունի: «Սա պիտի արվեր եւ արվում է, մեր զինակից ընկերներն են, չի կարելի տարանջատել հին ու նոր նահատակներին, որովհետեւ պատերազմը չի նայում՝ որ ժամամակ է այն եղել, չի կարելի նախորդ հերոսամարտերի նահատակներին պատվել, նորերին՝ փնովել, կամ չընդունել, մենք պարտավոր ենք որպես զինակից ընկերներ մեր հարգանքի տուրքը մատուցել հավասարապես բոլորին եւ կառուցել ու բարեկագրկել նաեւ նորօրյա նահատակների շիրիմները: Նախաձեռնել են սիսիանցի կռվող տղաները, աշխատանքները կատարում ենք մեր զինակից ընկերներով, ոչ մեկը չի խառնվում, որեւէ կառույց, կազմակերպություն չի անում, անում ենք մենք, մեզ օգնում են Սիսիանի զորամասի զինվորները: Նկարները պատրաստել է Անդրանիկը, տապանաքարերը՝ Դավիթը Բեգլարյանը, պատերի քարերը տվել են տարբեր կազմակերպություններ, շարի աշխատանքները կատարել է Մարատ Ասլանյանի հիմնարկը: Սիսիանի ԵԿՄ-ն այստեղ որեւէ դեր չունի, բոլորը կատարում եմ ինքս: Ես երկրապահի հետ կապ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ, որովհետեւ սպարապետից հետո երկրապահը շեղվել է իր ուղղուց: Այստեղ բլորն էլ հավասար են՝ եւ զոհվածները եւ ողջերը: Մենք հավասարվել ենք զինվորին, զինվորը՝ մեզ: Այս պահին բոլորս մեր ազգի զինվորն ենք»,-ասաց Աշոտ Մինասյանը…

Հ.Գ. Հաջորդ օրն առավոտյան կրկին եղա պանթեոնում… Տապանաքարերը տեղադրված էին, աշխատանքները՝ ավարտված… Հավերժական անդորր էր տղաների շիրիմներին ու հավերժական փառք…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Մեկ Արձագանքման ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԸ համար

  1. Սուրեն Ոսկանյան says:

    փա`ռք մեր անմահ հերոսներին, կարդացի ու երգի տողերը հիշեցի` քար եք դարձել գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ: Հավերժ փա`ռք Սիսական քաջեր, հազար փա`ռք Հայոց հերոսներին:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *