ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Սիսիանի քաղաքացիական կենտրոնը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի աջակցությամբ, փետրվարի 23-ին Սիսիանում կազմակերպել էր կանանց իրավունքների պաշտպանության ակցիա` «Պաշտպանենք գենդերային իրավունքը» կարգախոսով: Ակցիայի միջոցով մասնակիցներն իրենց վերաբերմունքն էին արտահայտում հանրային կյանքում կանանց ընձեռնված մասնակցության իրավական հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին:
Ակցիայի մասնակիցները` կանայք, տղամարդիկ, երիտասարդներ, համախմբվել էին մեկ ընդհանուր` «Ընդդեմ գենդերային խտրականության» գաղափարի շուրջ: Այս ակցիան, ըստ էության կարելի էր համարել հղի եւ ֆիզարձակուրդ գնացող կանանց, ինչպես նաեւ` չաշխատող, բայց մայրանալու պատրաստ կանանց իրավունքների պաշտպանության` հանրապետությունով մեկ թափ առած ակցիայի եզրափակիչ փուլը, ինչը պսակվել էր հաջողությամբ` վերականգնելով նրանց իրավունքները:
Սկիզբ առնելով քաղաքացիական կենտրոնի գրասենյակրց` ակցիայի մասնակիցները քաղաքի կենտրոնական հրապարակից գլխավոր` Գարեգին Նժդեհ փողոցով քայլեցին մինչեւ «Որոտան» կինոթատրոնի հարակից հրապարակ:
Իր բնույթով դա Սիսիանում առաջին նմանատիտ մեծ ակցիան էր, որը հասարակության լայն շերտերին իրազեկում էր գենդերային (կանաց եւ տղամարդկանց իրավունքների սոցիալական հավասարություն) հավասար հնարավորությունների եւ երաշխիքների խախտման եւ դրանց պաշտպանման մասին: Ուրախալի էր, որ ակցիան մեծ հետաքրքրություն առաջացրեց նաեւ քաղաքի փողոցներում անցուդարձող բնակչության շրջանում, ոմանք, անգամ, ընթացքից միացան երթին:
Բարեհաջող ավարտով` երթ-ակցիան ծառայեց իր նպատակին:
Ավարտը բարեհաջող էր, նպատակը` հանրային, բայց…
Երթ-ակցիան սկսվեց նախատեսվածից մոտ մեկ ժամ ուշացումով, ինչն ավելորդ լարվածություն առաջացրեց:
Առնվազն անհասկանալի էր, թե ինչու էր քաղաքային իշխանությունը փորձում խոչընդոտել երթի իրականացմանը` մերժելով ակցիան անցկացնելու` քաղաքացիական կենտրոնի դիմումը` պատճառաբանությամբ, որ օրենքով դա անթույլատրելի է: Եվ` ոչ միայն: Ակցիան անցկացնելու դիմումը մերժելուն զուգահեռ` շտապել էին ոստիկանների մի մեծ շքախումբ «գործուղել տալ» քաղաքացիական կենտրոն` կանխելու «հակաօրինական» երթը: Մոտ մեկ ժամ պահանջվեց` ապացուցելու եւ հիմնավորելու երթ-ակցիայի օրինականությունը, որից հետո միայն այն իրականացավ: Ինչի՞ց էր այդպես ահաբեկվել քաղաքային իշխանությունը, այդպես էլ անհասկանալի մնաց: Օրենքի` իրենց չիմացությու՞նն էր (երթերի եւ ցույցերի մասին օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ակցիան ամբողջությամբ օրենքի շրջանակներում էր), իշխանություն «բանեցնելու» ամբիցիա՞ն, թե՞…
Անգամ այս ակցիան  ցույց տվեց, որ եթե պատրաստ ես պաշտպանելու քո իրավունքներն ու շահերը, ապա ցանակացած խոչընդոտ հաղթահարելի է:

Լիլիթ ԵՆՈՔՅԱՆ
Քաղաքացիական կենտրոնի աշխատակից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *