ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՇԽԱՏԵԼ

Գորիսում հնչած կրակոցների եւ Սյունիքում տիրող մթնոլորտի մասին զրուցեցինք Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ:
-Պարոն Հակոբջանյան, այս օրերին հանրության ուշադրությունը սեւեռված է Ձեր մարզի վրա, ողբերգական դեպքերից հետո խոսվում է, որ վրեժխնդրությունն անխուսափելի է: Նախօրեին էլ բողոքի ցույցեր են եղել Կապան եւ Գորիս քաղաքներում: Ի՞նչ է կատարվում այդտեղ, արդյո՞ք իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է:
– Ես զբաղված եմ աշխատանքով եւ կարծում եմ՝ նորմալ, աշխատանքային մթնոլորտ է Սիսիանում:
– Ճանաչո՞ւմ եք Բուդաղյաններին, ինչպիսի՞ մարդիկ են:
– Իրենց չեմ ճանաչում, աշխատել եմ նրանց հոր հետ համատեղ:
– Վրեժխնդրությունը որքանո՞վ է հավանական:
– Ես ասում եմ, որ չեմ ճանաչում:
– Ի՞նչ եք կարծում, Սուրեն Խաչատրյանին պաշտոնանկ անելով խնդիրը լուծվե՞ց, փաստը կարո՞ղ է փոքր-ինչ հանդարտեցնել մթնոլորտը: Այսինքն, սա որոշակիորեն կառողջացնի՞ Սյունիքում տիրող մթնոլորտը:
– Բայց ինչ էր եղե՞լ որ, ի՞նչ մթնոլորտ էր, յուրաքանչյուրն իր գործն էր անում, սովորական մթնոլորտ էր:
– Այսինքն, երբ մարզպետի տան դիմաց փոխհրաձգություն է տեղի ունենում եւ ողբերգական ավարտ ունենում, մարզպետի տղային կալանավորում են կրակելու կասկածանքով, դա սովորակա՞ն մթնոլորտ է:
– Բայց դա դեռ ապացուցված չէ, ո՞վ ասաց, թե ով է կրակել:
– Ձեզ մանրամասնե՞ր են հայտնի դեպքից:
– Ոչ, տեղյակ եմ մամուլից, այն, ինչը հրապարակված է:
– Սուրեն Խաչատրյանին ազատել են պաշտոնից, իսկ եթե կա քաղաքական պատասխանատվություն, կնշանակի, ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չկա:
– Դե Դուք այդպես եք մտածում, այդպես էլ գրեք, ես չեմ խորանում այլ հարցերի մեջ, որովհետեւ դրանք մեր քննարկումներից արդեն դուրս են, եւ իրավապահները պետք է զբաղվեն այդ հարցերով:
– Իսկ այս միջադեպից հետո հանդիպե՞լ եք Ձեր ղեկավար Սուրեն Խաչատրյանին:
– Հանդիպել եմ, բայց դե զրուցելու բան չկար, փորձել եմ հասկանալ իրավիճակը: Անորոշ նստած էին, ինքն իրեն շատ վատ էր զգում կատարվածի համար: Բայց ինձ թվում է, որ պետք է սահմանափակենք զրույցը, որովհետեւ հիմա իմ խոսքն այնքան էլ կարեւոր չի, ավելորդ…
– Երեկվանից մարզի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել, գուցե հասնեն նաեւ Ձեր ղեկավարած քաղա՞ք:
– Երբ գա, այն ժամանակ էլ կխոսենք, հիմա ես շատ զբաղված եմ: Կամ որ ցույց են անում, ի՞նչն է փոխվելու:
Մարդիկ տարիներ շարունակ այդ անառողջ մթնոլորտում են ապրել, հիմա լցվել է համբերության բաժակը …
– Դժգոհ էին՝ թող շուտ խոսեին, շուտ ցույց անեին, ինչի՞ մասին է խոսքը:
– Մի օր այլեւս անհնար է դառնում համբերելը, անընդհատ հոշոտեն, խոշտանգեն, բռնաբարեն եւ մնան անպատի՞ժ, կարելի՞ է այս վիճակը մշտապես հանդուրժել:

….(Ձայն չի հանում):

– Ի դեպ, հայկական իրականության մեջ, ինչպես ասում են, երբ «եզն ընկնում է, դանակավորները շատանում են», բայց Դուք այսօր ճիշտ հակառակ պահեցիք Սուրեն Խաչատրյանի նկատմամբ, այն դեպքում, երբ Ձեր եւ նրա գործնական ու բիզնես հակասությունների մասին մամուլը բազմիցս է գրել: Դուք այսօր նրան պաշտպանում եք ինչպես ՀՀԿ-ական, կնշանակի դեռ մտավախություննե՞ր կան, որ Սյունիքը չի ազատվել նրա ազդեցությունից:
– Ուզում եք ասել, որ ես նրանից վախենո՞ւմ եմ: Ոչ, պարզապես ես սթափ եմ մտածում եւ ասում եմ այն, ինչպես մտածում եմ իրականում: Իսկ մեր մեջ ոչ թե հակասություններ են եղել, այլ աշխատանքային որոշակի տարաձայնություններ:
– Լավ, Դուք ասում եք, որ սթափ եք գնահատում, Ձեր կարծիքով, ինչո՞ւ պաշտոնանկ արեցին նրան:
– Դուք ինձ դրել եք կառավարության ինչ-որ ղեկավարի տե՞ղը: …Ես չգիտեմ… Իր դիմումի համաձայն է ազատվել:
– Չե՞ք կարծում, որ ի սկզբանե պետք չէր նրա արածները կոծկել, եթե Խաչատրյանին պաշտոնանկ անեին Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելուց հետո, գուցե այսօրվա ողբերգությունը տեղի չունենար:
– Իսկ Դուք գիտե՞ք այդ միջադեպում ով է մեղավոր:
– Համենայնդեպս, տեսանյութում ոչ թե Սիլվա Համբարձումյանն է հարվածում Խաչատրյանին, այլ՝ Խաչատրյանը:
– Ենթադրենք, Ձեր տան փոքրիկը չարություն է անում, Դուք ապտակում եք, չէ՞, կամ ջղայնանում: Եթե չարություն չի անում՝ չեք ապտակում:
– Ինչի Սիլվա Համբարձումյանը Խաչատրյանենց տան «փոքրի՞կն» է:
– Ես գալիս եմ Ձեր ասածին, որ ծուխն առանց կրակ չի լինում:
– Օրինակ Դուք նման քանի՞ փոքրիկի եք ապտակել, երբեւէ կին ծեծե՞լ եք, որ…
– Դուք արդեն 2-3 տարի հետ եք գնում, դրա կարիքը չկա, հակառակը, պետք է ոչ թե սրել, այլ մեղմել իրավիճակը:
– Դուք դրա համար ի՞նչ եք առաջարկում՝ օրինակ:
– Մամուլը պետք է հանդուրժողականություն ցուցաբերի, հավաստի աղբյուրները չվկայակոչի, չասի, թե ով է մեղավոր, ով՝ անմեղ: Հակասական լուրեր չտարածի, սպասենք պաշտոնական հաղորդագրության, նոր վերլուծություններ անենք:
– Լավ, հավանական մարզպետացուների անուններ են շրջանառվում, սյունեցիների համար ո՞րն է ամենաընդունված անունը: Ի թիվս այլ անունների, հնչում է նաեւ Սերժ Սարգսյանի ազգական, ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ Վարդան Ավետիսյանի անունը:
– Մարդն ընդունված է համարվում, երբ կատարված աշխատանք ու ճանապարհ ունի, ես հիմա ո՞նց ասեմ, թե ով է ընդունելի: Ճանաչում եմ, գեներալին էլ եմ ճանաչում, ճանապարհ անցած մարդ է, եթե նշանակվեց՝ կարող է լավ աշխատի, եթե չնշանակվեց, հիմա իմ կարծիքն ի՞նչ կարող է փոխել: Եվ հետո՝ ում ազգականն ուզում է լինի, պատահական մարդը չի կարող Սյունիքի մարզպետ աշխատել:

Լուսինե Շահվերդյան
hraparak.am

07.06.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *