ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սիսիանի շախմատի դպրոցը հաճելի նվեր ստացավ Հայաստանի շախմատի Ակադեմիայի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից. երկար սպասված եւ գրեթե երազանք թվացող կապույտ վառելիքը վերջապես հասավ նաեւ շախմատի դպրոց: «Այլեւս ստիպված չենք լինի պարապմունքներն անցկացնել սառը դասասենյակներում եւ մատներ փչելով,- ասաց դպրոցի տնօրեն Համլետ Մինասյանը եւ առիթը բաց չթողեց իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել բարերարներին:- Զանգեզուրի ՊՄ կոմբինատի տնօրենը, որը նաեւ շախմատի` մարզային ֆեդերացիայի նախագահն է, հատկացրել է 1 մլն դրամ, որով դպրոցում անց է կացվել ջեռուցման բաքսի համակարգ: Իսկ, նկատի ունենալով մեր մարզադպրոցի հաջող ելույթները մարզային եւ հանրապետական առաջնություններում, որպես խրախուսանք հետագա ավելի լավ մրցելույթների, տրամադրել են համակարգիչ եւ շախմատային ժամացույցներ: Սիսիանի համայնքապետարանն էլ հանձն է առել ջեռուցման ծախսերի վճարը: Շախմատի դպրոցի նկատմամբ ցուցաբերված այս վերաբերմունքը մեզ պարտավորեցնում է ավելի լավ արդյունքների հասնել»,- հավելեց նա:
Ամեն անգամ, երբ որեւէ մանկապատանեկան հաստատության, կառույցի պատին հայտնվում է թռչնաբուն հիշեցնող դեղին արկղիկը` գազահաշվիչը, ձմեռն այլեւս տանջալի ու երկարաշունչ չի թվում, ինչից ջերմանում է նաեւ լավ ապագայի նկատմամբ հույսը:

Սերգեյ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *