ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ` ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑՈՒՄ

Ինչպես եւ կանխատեսելի էր, Աղասի Հակոբջանյանի նախընտրական բոլոր հանդիպումներից ամենադժվարը եւ ամենավտանգավորը, թերեւս, հենց այս փողոցի բնակիչների հետ պիտի լիներ: Կանխատեսումները արդարացան, քանի որ մայիս ամսից սկսած լուրջ հակամարտություն կա միմյանց միջեւ:

Բանն այն է, որ դեռեւս Սիսիանի համայնքի ավագանու` 2010 թ.-ի 16.04. 33/Ա/ եւ 2011 թ.-ի 05. 12. 65 /Ա/ որոշումներով Չարենցի փողոցի վրա գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բակային մասից 800 մ.ք-ի տարածք, առանց մրցույթի, 20-ական մ. ք.-ով, կառուցապատման իրավունքով, տրամադրվել է 40 հատ ավտոտնակ կառուցելու նպատակով, ինչը բողոքի եւ ըմբոստության մեծ ալիք է բարձրացրել բնակիչների շրջանում, քանի որ քաղաքապետը նրանց հավաստիացրել էր, որ տարածքը մնալու է կանաչ գոտի, եւ գարաժներ չեն կառուցվելու: Բայց երբ առաջին մարդը սկսել է գարաժը կառուցել, բնակիչները ոտքի են կանգնել իրենց իրավունքները պաշտպանելու համար: Գնացել են նախ քաղաքապետարան, հետո հասկացել են, որ իրենց խաբել են, եւ բողոքի նամակ են գրել ՀՀ նախագահին: Չպատկերացնելով, որ բնակիչները ետ չեն կանգնելու իրենց պայքարից, քաղաքապետարանից նրանց պատժելու սպառնալիքներ են հնչեցրել, ինչը ավելի է վրդովեցրել սոցիալապես անապահով այս մարդկանց, ովքեր երկրորդ, ավելի կոշտ նամակն են ուղարկել ՀՀ նախագահին, չգոհանալով Սյունիքի մարզպետարանից նրանց առաջին նամակին տված պատասխանից:
Փորձելով ստուգել բնակիչների իրազեկվածության աստիճանը, Աղասին հանդիպումը սկսեց այսպես`
-Ո՞վ է ասում` բերեք ըտեղ դնենք- գարաժներ սարքենք, ասֆալտ անենք:
Բայց, զգալով բնակիչների անդրդվելիությունը, փոխեց տոնը, ասելով` «կարող էի չէ, շրջանցել ձեզ ու գնալ, բայց…եկել եմ` ես հո ձեր թշնամին չե՞մ, ժողովուրդ, ես էլ ձեզ նման մարդու տղա եմ, ես էլ չեմ ուզում, որ իմ էրեխուն անիծեն, չեմ ուզում, բայց ես երբեք չեմ թողնի, որ որեւէ մեկը իմ արժանապատվությանը դիպչի»: Իսկ ինքը այնքան հետ ու հանգիստ կպավ նրանց արժանապատվությանը, ասելով`«Հենց որ ձեր բերքը հավաքեք, էս աղըլը (աղըլը գիտեք չէ՞` որն ա` ոչխարների տեղը¤, աղըլները վերացրեք, ես էլ կասեմ ճարտարապետին` մի սիրուն նախագիծ կանի…»:
Սակայն երբ նորից հիշեց երկրի նախագահին` Չարենցի փողոցի բնակիչների գրած 2 նամակները, հեգնեց, թե ինքը «ե՞րբ է նրանց խեղճացրել, ամոթ ա, իրականությանը մոտիկ բաներ գրեք», հետո էլ թե` չի էլ կարդացել դրանք:
-Բա` ինչի՞ ես եկել,- հետեւեց նամակագիրներից մեկի սուր խոսքը:
Բնակիչները միանշանակ դեմ են իրենց քթի տակ 40 գարաժ կառուցելու` իրենց սպառնացող վտանգին, քանի որ, ինչպես նշում են, շենքի մի կողմում բանուկ փողոցն է, մյուս կողմում էլ`…գարաժ: «Էդ որտեղ ըտե՞նց չի»,- ընդհատում է քաղաքապետը:
Բնակիչների` տարածքը գարաժանո՞ց է դառնալու, թե՞ մնալու է կանաչ գոտի հարցին պատասխանեց` «Աշնանը ձեր բերքը կհավաքեք, կգանք, կնստենք, կհանդիպենք, կանենք առանց ինչ որ…/նրան կաշկանդում էր «Որոտանի» լրագրողի ներկայությունը եւ հանդիպման ձայնագրումը/…ես…ինձ…հետ ուժի դիրքերից չի կարելի խոսել, դա համոզվել են շատ շատ մարդիկ: Ես հասկանում եմ ձեզ կես խոսքից, ես պատրաստ եմ նաեւ ձեր կողքին կանգնելու համար, բայց որ ինձ վախեցնեք-ասեք` որոշումը պիտի փոխվի, դա չի լինելու: Ես ասում եմ վերջացնենք էս հավաքը»: Հանդիպմանը ներկա ձեռնափայտի օգնությամբ տեղաշարժվող Ժենյա մայրիկի համար առավել քան վիրավորական էր բնակիչների` Աղասուն «վախեցնելու» արտահայտությունը, ով ստիպված եղավ պատասխանել` «էս չալիգո՞վ եմ քեզ վախծընըմ…»:
«Որոշումը երբեք չեղյալ չեմ հայտարարելու: Երբեք»,-ասաց նա` հավելելով` «մեկը գարաժ ա ուզում, մեկը` ազատ գոտի, ես ո՞նց համատեղեմ»: Վրդովված բնակիչներից մեկը շարունակում էր պնդել, որ եթե տարածքը դրված է կառուցապատման տակ, թող մանկական խաղահրապարակ դառնա, բայց` ոչ գարաժանոց, եւ մեծ ափսոսանք հայտնեց 2008-ին նույն այս բնակիչներով, իր հորդորով, նրան ձայն տված լինելու համար: Աղասին, որ միշտ հայտարարում է, որ ինքն իրենով է ընտրվել, այս անգամ էլ ասաց` «Դուք որ ինձ ընտրել եք քաղաքապետ, շատ շնորհակալ եմ: Բանից պարզվում է` էս մարդիկ իրանք են ինձ տարել-դրել աթոռի վրա»: «Ընտրել ենք, չէ՞, որ աթոռդ գրավել ես»,- հետեւեց նրան ընտրելու գործում մեծ ներդրում ունեցած նույն բնակչի զայրագին խոսքը,- թե՞, ինչպես արդեն Սիսիանով մեկ քո մարդիկ տարածում են` Աղասին արդեն նշանակված ա՞: Սիրուն բան չի: Մենք ենք ընտրողը, քեզ դեռ չենք ընտրել…»:  Աղասու համար, տարածքից հեռանալիս,  միանշանակ պարզ էր, որ այս բնակիչները հաստատ իրեն ընտրողը չեն: Դրա համար ինքը շտապեց իր կանխատեսելի տապալումը, մանավանդ` այս փողոցում, քողարկել` իր այստեղ գալը նախընտրական ձայն հավաքելու հետ չկապելով` «Ես ձեր հետ եմ, ինչ ասեք` կանեմ: Ոչ թե ինչ որ նախընտրական եմ ասում, ուզում եք` ձայն տվեք, ուզում եք` մի տվեք, դա ձեր խնդիրն է, ժողովուրդ, ես չեմ եկել ձայն մուրալու համար: Եվ ոչ մեկը, ոչ մի կառույց իրավունք չունի խոսելու: Ինձ իրավունք են տվել ընտրողները, ես սիսիանցու անունից եմ խոսելու…»:
-Բայց էս տարածքը մնալո՞ւ է գարաժ,- հարցրեց Ժենյա մայրիկը:
-Ես չգիտեմ, կուսումնասիրեմ-կասեմ,- ասաց Աղասին: -Իսկ եթե ձեզ թվում է, որ կարող եք ինձ վրա ազդել, սխալվում եք:
Հանդիպման սկզբի` «կթողնենք կանաչ գոտի, մի 100-200 ծառ էլ իմ միջոցներով կառնեմ» արտահայտությանը հետեւել էր բնակիչներից մեկի` «Բայց մեր ծառերը չկտրեք» խոսքը:
Այսօրինակ հանդիպումներից հետո, պատկերացրեք, թե ինչ ոխով պիտի լցվի Աղասի Հակոբջանյանը նրանց հանդեպ, ովքեր ափսոսանք են հայտնում նրան 2008-ին ընտրած ու փոշմանած լինելու համար, եւ այսօր էլ չեն թաքցնում նրան ձայն չտալու իրենց մտադրությունը:
Դէ` հիմա գնացեք ու հայտարարեք, թե` Աղասին արդեն ընտրված է:
Չարենցի փողոցի բնակիչների հետ  Աղասի Հակոբջանյանի նախտընտրական հանդիպումը վերջակետվեց` Աղասու պարտությամբ` դնելով սեպտեմբերի 9-ի` ամբողջ սիսիանյան պարտության սկիզբը …

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *