ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ

Շաքեի համայնքապետ Վահան Ղազարյանի հետ դժվար եղավ հարցազրույց վարելու համաձայնություն ստանալ: Ասաց, որ չի սիրում լրատվամիջոցներում երեւալ: Ասաց, որ երբեք չի սիրել, ու արդեն 9 տարի է Շաքեի համայնքապետն է, բայց առաջին անգամն է համաձայնվում լրատվամիջոցի հետ զրուցել, այն էլ միայն նրա համար, որ… «Որոտանն» է: Բացատրությունը հասկանալի եւ ընդունելի էր: Ասում է` գյուղում այնքան հոգսեր կան, այնքան գործեր, որ քո կատարած մեկ-երկու-հինգ գործերը թվարկելը չնչին կթվա գյուղական հոգսերի կողքին եւ անհամեստ:

Վահան Ղազարյանն ասաց, եւ` շատ գոհունակ, որ այսօրվա գյուղացին երեկվանը չէ, նրա պահանջներն էլ են փոխվել, եւ` լավ է որ փոխվել է, ու միայն կուշտ փորը դեռեւս չի նշանակում կյանքից գոհություն: «Երբ որ ոտքիդ տակ ցոխ է, ջուր չունես, կենցաղային պայմաններ չունես, կուլտուրա, քաղաքավարի ժամանց չունես, կուշտ լինելը դեռեւս քիչ է,- ասաց համայնքապետը հետո հավելեց,- ժամանակի հետ փոխվում են նաեւ մարդու պահանջները»:
Շաքեն գուցե մի քիչ բարդ գյուղ է, մի քիչ` դժվար, նախկին քաղաքաբնակները մինչեւ հիմա չեն հաղթահարել հոգեբանական արգելքը, եւ` բնական է, քաղաքի հետ հաճախակի շփում ունեցող գյուղացին ինքն էլ է ցանկանում բարեկեցիկ ապրել, եւ ո՞վ պետք է արգելի նրա այդ ցանկությունը, «Բայց համայնքապետարանի հնարավորություններն այնքան սուղ ու սահմանափակ են,- ասում է Վահան Ղազարյան,- որ դժվար կարողանանք տարեկան մեկ նշանակալից գործ կատարել մեր ուժերով, մեր բյուջեով, էլ ուր մնաց… Ուզում ենք մանկապարտեզը գործարկել, շատ ենք ուզում: Եվ` բացելու ենք: Բայց նույնիսկ բյուջեն 100%-ով կատարելու դեպքում չենք կարողանա նորմալ գործող մանկապարտեզ պահել, դա մանկապարտեզ չի լինելու, լավագույն դեպքում` երեխաներին` պահակություն անել: Կարծում եմ` հանրակրթական դպրոցների նման մանկապարտեզներին էլ առանձնահատուկ վերաբերմունք է պետք: Նույնը` մշակույթին, նույնը` գրադարանին: Դրանց տնօրինումը, պահել-պահպանելը եւ գործարկելը համայնքին թողնելը ճիշտ չէ: Շաքեի համայնքի բյուջեն մոտ 9 միլիոն դրամ է, դրանով ի՞նչ պիտի արվի, որ թե համայնքապետարան պահվի, թե սոցիալական հարցեր լուծվեն, թե` ընթացիկ հարցեր: Դնենք մի փողոց ասֆալտենք-պրծնենք, ասենք` գործ արեցինք, բա` հետո՞… Այսօրվա երիտասարդին, որն այնքան ինֆորմացիա ունի, որի մտածելակերպը բավականաչափ առաջ է, վերաբերմունքը` այլ, չես կարող քո տեղական-գյուղական ինքնագործունեությամբ զարմացնել ու զարգացնել, գոհացնել: Հակառակ դեպքում նրա աչքը դուրսն է, եւ… գնում է»:
Զրույցի ընթացքում Վահան Ղազարյանը նաեւ ժպտում էր իր ասածների համար ու հավելում, որ իրեն շատ դժգոհ չկարծենք: Ընդհակառակը, քիչ թե շատ ճանաչելով, մտածում էինք, որ դա գալիս է պատասխանատվությունից` գործի նկատմաբ, պահանջկոտությունից` ինքն իր նկատմամբ, ու այն կենսաճանապարհից, որն անցել է եւ հեշտ ու թեթեւ չի նայում երեւույթներին, արված-անելիքին: «Ավագանին բյուջեի ամեն լուման հաշվարկով է ծախսում ու նպատակային,- հետո հավելեց գյուղապետը,- 2006թ.-ից ամեն նորածնի 10 հազարական դրամ ենք տալիս համայնքի բյուջեից, 2007-ին` 15 հազարական, 2008-ին դարձրել ենք 20 հազարական: Սիրո եւ Տիառնընդառաջի տոնին նորապսակ 10 զույգի համայնքապետարանի կողմից ոսկյա խաչեր նվիրեցինք: Սրանք թեեւ փոքր բաներ են, բայց այս փոքրիկ ուշադրությունից մեծանում է նրանց վստահությունը երկրի, հայրենիքի վաղվա նկատմամբ: Կարեւորում ենք, որ գյուղացին, համայնքի բնակիչը իր թիկունքին համայնքի ուժը տեսնի, պետության ուժը եւ նրա մարդկային հավատն ամրապնդվի վաղվա օրվա նկատմամբ: Ուզում ենք շատ բան անել, շատերին օգնել, բոլորին հասնել, բայց… 2007-ն էլ դժվարին տարի եղավ թե՛ բոլորի, թե` Շաքեի համար. երաշտավտանգ գոտի է, անասունների գլխաքանակի անկում եղավ, տարվա սաստիկ ցուրտը ցրտահարեց բերքն ու սերմացուն, գյուղացունն էլ դա էր, դե հիմա արի ու գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստվիր»,- ասես ինքն իր հետ խորհում-խորհրդակցում է գյուղապետը: Հարցրինք` պատրա՞ստ է գյուղացին այդ աշխատանքներին, ասաց` գյուղատնտեսությունը բարդ խնդիրներ ունի լուծելու. գյուղտեխնիկան խնդիր է, որովհետեւ սեփականատերը դժվար է օգնում համագյուղացուն, քանի որ դժվար է ձեռք բերում շարքից դուրս եկած մասը, կատարած աշխատանքների գների մեջ համաձայնության չեն գալիս, ճիշտ է, կառավարությունն օգնում է, պարարտանյութ է տալիս, բայց տեղափոխումն արդեն խնդիր է, գյուղացին չունի որակյալ սերմ, ցանում է տեղական ցածր վերարտադրողականություն ունեցող սերմացու: Գյուղացին հույսով սպասում է կառավարության կողմից տրվելիք 35 հազար դրամ փոխհատուցմանը, որ սկսի հողի հետ, բնության հետ իր հերթական կռիվը:
1600 բնակիչ ունի Շաքեն: Դպրոցում սովորում է 219 աշակերտ: Բայց ինչպես բոլոր բնակավայրերում, Շաքեում էլ պակասել է ծնունդների թիվը: Առաջին դասարանում կա 14 աշակերտ, ու դա ցավ է պատճառում. Շաքեի երբեմնի դպրո~ցը… Գյուղի հիմնախնդիրների մեջ համայնքապետը դա առանձնացրեց ու մեկ էլ` խմելու եւ ոռոգման ջրի հարցը: Շաքեի ավազանը, որ ողջ Սիսիանն է ապահովում խմելու ջրով, ինքը խմելու ջրի խնդիր ունի: Գյուղապետը խնդրի լուծումը տեսնում է դեռեւս 50-ական թվականներին կառուցած ներքին ցանցի փոխման եւ Մուխուրթուրյանից եկող նոր ջրագծի կառուցման մեջ, ու հույս հայտնում, որ այս տարի այն անպայման կիրականանա: Հույս է հայտնում նաեւ, որ, վերջապես, կլուծվի գազի հարցը: Թեեւ մայր գազատարը վաղուց հասել է գյուղ, հանդիսավոր վառվել է ջահը, բայց…
– Սեփական տները բավականին հեռու են մայր գծից, ծախսը շատ է, փորձում ենք օգնել գոնե անապահով ընտանիքներին եւ առավել հեռու ընկած առանձնատներին` գազատարը տուն հասցնելու: Վարչապետն էլ խոստացել է ասֆալտել մայրուղի-դպրոց տանող ճանապարհը, որին շաքեցիները հույսով ու հավատով են սպասում:
Թեեւ, իրոք, Վահան Ղազարյանն առանձնապես զրուցասեր չէր, բայց չափազանց անկեղծ էր ու շիտակ թե՛ իր մտածածն ասելու, թե` կարծիքը կիսելու մեջ: Ամենակարեւորը, որ նա ասաց, թերեւս նաեւ այն էր, որ` ինչ էլ անի գյուղը եւ գյուղապետարանը, գյուղը ոտքի չի կանգնի այնքան ժամանակ, քանի դեռ նրան ոտքի կանգնեցնելը պետական աջակցմամբ ու ծրագրով չի լինելու: Իսկ թե՛ ինքը, թե՛ առավել եւս համագյուղացիները այդ ամենն այնպես ակնկալում են պետությունից. «Պետությունը պարտավորություն ունի գյուղի եւ գյուղացու նկատմամբ, դա միանշանակ է»,- իր խոսքը եզրափակեց Շաքեի համայնքի ղեկավարը:
Հա՛, ճի՛շտ, պետությունը դեռ իր խոսքը գյուղի մասին չի ասել…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *