ՋԵՌՈՒՑՈՒՄ` ԱՌԱՆՑ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

Սկսվել է ջեռուցման սեզոնը: Մեր բնակիչներն իրենց բնակարանները տաքացնում են ինչպես պապենական եղանակով` փայտ ու աթար վառելով, այնպես էլ` էլեկտրականությամբ եւ գազով: Ջեռուցման բոլոր եղանակներն էլ իրենց մեջ, այնուամենայնիվ, վտանգ պարունակում են` անզգույշ, անուշադիր, անփույթ շահագործման դեպքում: Բայց, գաղտնիք չէ, թերեւս, որ առավել ուշադրություն, զգոնություն, հետեւողականություն եւ տեխնիկական լավ պատրաստվածություն պահանջում է հատկապես գազսպառումն ու գազով ջեռուցումը:
Այդ եւ աշխատանքային նոր հասցեն (Արամ Մանուկյան 5/1, հեռ.`36-04) բնակչությանն իրազեկելու նպատակով է մեր հարցազրույցը կենցաղային գազսպառման համակարգերի տեխնիկական սպասարկման Սյունիքի ծառայության «ԷՅ-Ի-ՋԻ- Սերվիս»-ի Սիսիանի տեղամասի պետ Վազգեն Մակարյանի հետ:

-Պարոն Մակարյան, ի՞նչ գործառույթ է իրականացնում Ձեր ծառայությունը եւ ի՞նչ նպատակով է ստեղծվել որպես սպասարկող առանձին կառույց:
-Կենցաղային գազսպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող մեր կառույցը հիմնադրվել է 2007 թ.-ից, որի նպատակը բաժանորդների գազահամակարգերի (ջեռուցման համակարգեր, գազօջախ, ջրատաքացուցիչ) տեխնիկական սպասարկումն է: Իրականացնում ենք ավելի քան 5 հազար բաժանորդի եւ 50 օբյեկտների (հյուրանոցներ, գործարաններ, մանկապարտեզներ, դպրոցներ) գազահամակարգերի տեխնիկական սպասարկումը Սիսիան քաղաքում եւ 12 գյուղական բնակավայրերում, որի հիմնական նպատակն, իհարկե, անվատանգ գազօգտագործումն է:
-Ինչպե՞ս եւ ի՞նչ մեխանիզմով է իրականացվում տեխնիկական սպասարկումը:
-Նախատեսված է տարեկան պլանային 2 պարտադիր ստուգում` պայմանականորեն ասենք` գազի սպառման ծավալի մեծացման եւ նվազեցման հետ պայմանավորված: Դրանից բացի` նաեւ` բնակչի կանչերի հիման վրա` նկատված թերությունները վերացնելու համար, ինչն անվաճար է: Տարեկան մեկ անգամ, դարձյալ անվճար, իրականացվում է ծխատար-օդատար ուղիների մաքրում: Կենցաղային գազսպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն, իհարկե, վճարովի է, որն իրականացվում է գազսպառման վճարումներին զուգահեռ:
Սպասարկում իրականացնող մեր կազմակերպությունն ունի բավարար պատրաստված աշխատակազմ, տեխնիկապես հագեցած է, ապահովված պահանջվող անհրաժեշտ սարքավորումներով եւ նյութերով: Իսկ մենք ջանում ենք մեր ծառայությունն իրականացնել պահանջվող չափանիշներին համապատասխան` բնակչության գազսպառումն անվտանգ իրականացնելու պատասխանատվությամբ:
– Իսկ ո՞րն էր մնան առանձին կառույց ստեղծելու անհրաժեշտությունը:
– Մինչեւ 2007 թ.-ը գազսպառման սպասարկումն իրականացվում էր գազի գրասենյակի եւ 04 ծառայության կողմից: Նոր կառույցը կոնկրետ միայն գազսպառման տեխնիկական սպասարկումով է զբաղվում` ոչ միայն հայտնաբերված թերությունները վերացնելու, այլեւ` անվտանգ գազսպառում իրականացնելու համար: Թերությունների վերացման համար պատասխանատվություն են կրում ե՛ւ գազսպառողը, ե՛ւ գազամատակարարը ե՛ւ սպասարկողը:
– Իսկ ի՞նչ տիպի եւ բնույթի խախտումներ են թույլ տալիս գազսպառողները:
– Ամենատարբեր. գծագրով նախատեսվածից դուրս` ապօրինի կետեր, ինքնաշեն գազասարքավորումներ, ջեռուցման վառարաններ, ջրատաքացուցիչներ, որոնց մեջ առկա չէ ավտոմատ կարգավորման համակարգ, սահմանված քանակից ավելի ու թույլատրելի  չափից երկար անկյունակներ ու խողովակներ, ծխատարների ոչ նորմալ կառուցվածք, անգամ` ձմռանը շորով փակում-խցանում են օդատարները իբրեւ թե ցրտից պաշտպանվելու, հոսանք խնայելու նպատակով անջատում են անվտանգության ազդանշանային սարքը, մոռանալով, որ «խնայողության» հաշվին վտանգում են իրենց անվտանգությունը եւ այլ խախտումներ: Նման խախտումներ հայտնաբերելու դեպքում գազսպառողից պահանջում ենք օրինականացնել եւ անվտանգ դարձնել գազսպառումը, չվերացնելու եւ անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում դիմում ենք ծայրահեղ, բայց` հուսալի քայլի. դադարեցնում ենք գազսպառումը եւ վերականգնում միայն թերությունները վերացնելուց հետո:
Այս ամենի նպատակը, ինչ խոսք, անվտանգ գազսպառումն է եւ դժբախտ դեպքերից ապահովագրումը:
– Պարոն Մակարյան, ի դեպ, դժբախտ դեպքերի մասին. այդպիսիք արձանագրվե՞լ են:
– Խոսեմ միայն մեր կառույցի ստեղծումից հետո ընկած ժամանակահատվածի մասին: 2009 թ.-ին Գորայքում գրանցվեց ցավալի դեպք` մարդկային 2 զոհ արձանագրվեց, որի պատճառը «Աշտարակ կաթի» աշխատակիցների` ջեռուցման ապօրինի կետի շահագործումն էր: Ցավոք, դժբախտ դեպքից հետո միայն մեր շատ գազսպառողներ զգոնացան, եւ, բարեբախտաբար, դրանից հետո որեւէ տխուր դեպք չի արձանագրվել եւ, հուսանք, չի արձանագրվի:
– Ի՞նչ կպատասխանեք մեր գազսպառողների` սպասարկման վարձ վճարելու եւ դրանց թանկ լինելու տրտունջներին:
– Գազսպառման յուրաքանչյուր կետի համար իրականացվում է տեխնիկական վճարովի սպասարկում. մեկ կետի համար` տարեկան 2400 դրամ, երկու կետի համար` 5700, երեք եւ ավելի կետերի համար` 6900 դրամ: Իրականացվում է երկարաժամկետ եւ կարճաժամկետ սպասարկում: Գազսպառման դադարեցման դիմումի հիման վրա, բնականաբար, չի գանձվում նաեւ սպառման գումար: Սա նույնպես պետք է մեր բնակիչները նկատի ունենան` անհարկի եւ անցանկալի միջադեպերից խուսափելու համար: Ինչ վերաբերում է սպասարկման` բարձր գնին, դա հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի որոշածն է, ոչ թե` մեր:
– Ի՞նչ դժվարությունների եւ խոչընդոտների եք հանդիպում աշխատանքում:
– Դրանք հիմնականում հաղթահարելի են: Դժվարություններից մեկն այն է, որ ունենք այսպես կոչված` ռիսկային բաժանորդներ (ծերեր, հաշմանդամներ, հիվանդներ), որոնց սպասարկումն իրականացվում է ամեն ամիս, ոմանց համար` 5 օրը մեկ, եւ` ոչ միայն մեր կողմից:
Դժվարություններից մեկն էլ այն է, որ խորհրդային տարիներին շահագործված շատ կաթսայատներ 20 տարիների ընթացքում մաշվել են, հնացել, ենթարկվել էռոզիայի, բայց բնակիչները շարունակում են շահագործել` դառնալով ռիսկային խմբի գազսպառող: Բնակիչներից շատ, թերեւս, մենք ենք շահագրգռված նրանց գազսպառման անվատանգության ապահովմամբ:
Ջեգուցման սեզոնը նոր է սկսվել, հուսանք, որ այն անվտանգ կընթանա, իսկ մենք, բնակչության հետ համատեղ, կապահովենք գազսպառման տեխնիկական աչալուրջ սպասարկում:

Զրույցը վարեց Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *