ՋՈՒՐԸ «ԻՐ ՈՏՔՈՎ ՉԻ ԳՆՈՒՄ-ՀԱՍՆՈՒՄ» ՏԵՂ, ԱՅՆ ՏԱՆՈՒՄ-ՀԱՍՑՆՈՒՄ ԵՆ

2010_22

Սիսիանի տարածաշրջանում գործող ջրօգտագործողների՝ «Տոլորս», «Բռնակոթ», «Ձորեր» ընկերությունները 2009թ.-ի մայիսին ՀՀ կառավարության որոշմամբ միավորվել են՝ ստեղծելով «Սիսիան» ջրօգտագործողների միությունը: Միության տնօրեն Արայիկ Թանգյանը միավորման նպատակը համարում է համակարգերի շահագործման եւ պահպանության ծախսերի կրճատումը, ինչպես նաեւ համակարգը մեկ կենտրոնից ղեկավարելն ու կազմակերպելը, ինչը, բնականաբար, ավելի արդյունավետ եւ շահեկան է թե՛ ջրօգտագործողների, թե՛ միության համար: Արայիկ Թանգյանը տեղեկացրեց, որ նախկին հզոր ու հարուստ ջրային տնտեսության համակարգը տարիների ընթացքում քայքայվել, աղքատացել, փոշիացել է, ինչի հետեւանքով ընկերությունն այսօր տխուր ժառանգություն է ստացել, միաժամանակ՝ բազմաթիվ հիմնախնդիրներ: Հենց միայն այն փաստը, որ Սիսիանի տարածաշրջանում գործող 27 պոմպակայանից այսօր գործում է ընդամենը 4-ը, դրա վառ վկայությունն է: Խոսելով հիմնախնդիրներից՝ Արայիկ Թանգյանը դրանք հիմնականում պայմանավորեց մի քանի հանգամանքով, ինչպիսիք են ոռոգման համակարգերի սպասարկման շատ մեծ տարածքը, հողերի  կտրտվածությունը, հողի սեփականաշնորհման ժամանակ ոռոգման համակարգերի տեղադրման անտեսումը, պետական եւ ստրատեգիական նշանակություն ունեցող ջրանցքի սեփականաշնորհումը (ՈՒյծի), ոռոգման համակարգերի՝ ֆիզիկական, բարոյական մաշվածությունը, շատ տեղեր՝ դրանց շարքից դուրս եկած լինելը եւ այլն: Ոչ պակաս կարեւոր հանգամանք է նաեւ հողի ցածր եկամտաբերությունը, ջրովի տարածքների կրճատման հետեւանքով շահառուների թվի նվազումը: Արայիկ Թանգյանը մասնավորապես նշեց, որ միության կազմում ընդգրկված են 2744 ջրօգտագործող, ընկերությունը սպասարկում է կադաստրային գրանցում ստացած 3733 հա ոռոգելի տարածք, բայց փաստացի հայտարարագրված է 1650 հա-ը: Բնակլիմայական եւ եղանակային պայմաններից կախված՝ այս թվերը փոփոխական են: 2009թ.-ին տեղումների առատության հետեւանքով ոռոգվել է ընդամենը 470 հա՝ ընկերությանը կանգնեցնելով նոր դժվարությունների առջեւ, քանի որ նվազել են նաեւ ընկերության մուտքագրումները:
Համակարգերի մաշվածության, քայքայվածության հետեւանքով զգալի են ջրի կորուստները: Խոսելով Սպանդարյան ջրանցքի մասին, որը տարածաշրջանի ոռոգման ջրի հիմնական երակներից մեկն է, Ա. Թանգյանը նշեց, որ, կառուցված լինելով 1939թ.-ին, այն վերանորոգման եւ վերականգնման լուրջ խնդիր ունի, ինչի համար հսկայական գումարներ են անհրաժեշտ: 43 կմ երկարություն ունեցող ջրանցքի 22 կմ հատվածն է միայն մասնակի վերանորոգվել մեկ տասնամյակ առաջ:  Իսկ ավելի քան 600-700 հա նախկին ոռոգելի տարածքը կրճատվելով այսօր դարձել է ընդամենը 35-45 հա: Անդրադառնալով ոռոգման ջրի սակագներին՝ Ա. Թանգյանը նշեց, որ դեռեւս 2007թ.-ին է հաստատվել 2007-2011 թվականների սակագնային աղյուսակը:  2010-2011թթ.-ներին  ջրի մեկ խորանարդի  գինը կկազմի 11դրամ: Թեեւ այն սպառման մյուս ապրանքների համեմատ բարձր չէ, բայց ջրօգտագործողը դժվարանում է վճարել նաեւ այդ գումարը: Արայիկ Թանգյանը, համակարգը կայունացնել-կայացնելու ակնկալիքով ասաց, որ նախորդ տարիների ավելի քան 21 մլն դրամի պարտքը ստիպված են գանձել օրենքով սահմնաված կարգով՝ իրենց հիմնախնդիրների գոնե որոշ մասը լուծելու համար: «Խնդիրն այն է,- ասաց նա,- որ հիմնական արտադրանք եւ եկամուտ բնակիչները ստանում են ջրից, բայց առանձնապես պարտաճանաչ չեն հատկապես ոռոգման ջրի վարձավճարները մարելիս: Թեեւ ոռոգման սեզոնը դեռեւս հեռու է, բայց լուրջ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում այս ուղղությամբ եւ հենց այժմվանից: Մեր թիվ մեկ խնդիրն է ջուրը հասցնել ամեն հնարավոր տեղ եւ հավասարաչափ, որպեսզի վերականգնվի ջրօգտագործողի վստահությունը եւ հավատը ընկերության նկատմամբ: Նպատակ ունենք մեծացնել ոռոգելի տարածքները, ավելի շատ ջրօգտագործողներ ունենալ: Որոշակի աշխատանքներ արդեն արվել են, գրեթե բոլոր համայնքներում 2009թ.-ին ոռոգման համակարգերի վերանորոգման աշխատանքներ ենք իրականցրել, հնարավոր բոլոր ճանապարհներն օգտագործվել են ջուրը մեխանիկական եւ ինքնահոս եղանակով տեղ հասցնելու՝ խնայելով էլեկտրաէներգիան: Եթե ջուրը ոսկու գին ունի Արարատյան դաշտում, նույնը չի կարելի ասել մեր տարածաշրջանի համար, ուր հեռավոր, ծայրամասային, լեռնային գյուղում ապրելն արդեն քաջություն է, նրանց ջրից զրկելն էլ արդար չի լինի, ուստի անելու ենք ամեն ինչ, որ ոռոգման սեզոնում որեւէ ջրօգտագործող, անկախ ամեն ինչից, ջուր ունենա»,- եզրափակեց Արայիկ Թանգյանը:
Ընկերության տնօրենի շահագրգիռ վերաբերմունքը հույս  է տալիս, որ նպատակասլաց աշխատանքի ու ջանքի արդյունքում հնարավոր է ու կարելի է համակարգը ոտքի կանգնեցնել՝ ի սպաս հենց ջրօգտագործողի: «Մենք տրամադրված ենք դրան,- ասում  է Ա. Թանգյանը,- մնում է մի քիչ էլ ժողովուրդը նախանձախնդիր լինի, օգնի մեզ, վճարի իր վարձերը, ինչը տարվա մեջ ընդամենը 5-6 հազար դրամ է կազմում, որպեսզի մենք էլ ջուրը իրեն հասցնենք ժամանակին եւ անկորուստ: Սիսանցիները դեռեւս դժվար են հաղթահարում  նաեւ ոռոգման ջրի համար վճարելու հոգեբանությունը, ասելով՝ դե ջուր է էլի, գնում-թափվում է գետը: Բայց մոռանում են, որ ջուրը «իր ոտքով» չի գնում-հասնում իրենց, այն տանում-հասցնում են, ինչի համար աշխատանք է կատարվում, որը պիտի վճարվի: Ժողովուրդը հենց սկսեց գիտակցել, որ, իր տարբերություն  սպասարկող մյուս կազմակերպությունների, ջրօգտագործողների միությունը իր միությունն է, կփոխի նաեւ վերաբերմունքը, ինչի ակնկալիքով էլ առաջ ենք տանում մեր աշխատանքները»,- ամփոփեց նա:
Նախկինում ամեն էժանագին բան ջրի գնի հետ էր համեմատվում, հիմա՝ ջուրը նաեւ կյանքի գին ունի, իսկ նրան գին տվողը հենց ջրօգտագործողն է:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

215 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *