ՌՈՒՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԳԱՆՁԱՐԱՆՒՑ ՄԻԽԱՅԻԼ ԼԵՐՄՈՆՏՈՎ-200

загруженное (1)

Այս տարվա հոկտեմբերին լրանում է ռուս մեծանուն բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի ծննդյան 200 ամյակը (1814-1841թ.թ.): Այդ նշանակալից տարեդարձին ընդառաջ ներկայացնում ենք հանճարեղ պոետի ստեղծագործություններից մի քանիսը՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր, մեր հայրենակից Արարատ Աղասյանի թարգմանությամբ:

Տեղեկացնենք, որ 2013 թ.-ին ՀՀ ԳԱԱ-ի «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայել «Ռուսական պոեզիայի գանձարանից» ընտրանին, որտեղ ընդգրկված են Ա. Պուշկինի, Ֆ. Տյուտչեւի, Մ. Լերմոնտովի, Ի. Բունինի, Վ. Բրյուսովի եւ այլ բանաստեղծների ստեղծագործություններից՝ Արարատ Աղասյանի թարգմանությամբ:

Արարատ Աղասյանը հեղինակ է ավելի քան հարյուր գրքի, մենագրությունների եւ գիտական հոդվածների, որոնց թվում առանձնանում է «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում» աշխատությունը, որի համար 2009 թ-ին  արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

Ներկայացնում ենք վերը նշված ժողովածուից Մ. Լերմոնտովի մի քանի բանաստեղծություն՝ Արարատ Աղասյանի թարգմանությամբ:

 Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
«Սիսական» ՀԿ նախագահ


              ՄԱՐԳԱՐԵ

Այն օրվանից, երբ մարգարե
Ու տեսանող դարձրեց ինձ Տերը,
Ատելությամբ ախտահարեց
Գրողը չար մարդկանց աչքերը:
 
Լեզուս բացվեց ու քարոզեց
Ճշմարտության, սիրո պատգամը,
Ի պատասխան՝ ինձ քարկոծեց
Անգամ մոտիկ իմ բարեկամը:
 
Գլխիս մոխիր ես ցանեցի,
Քաղաքներից փախա ես ցոփ,
Անապատում ծվարեցի
Ու գոհացա ցամաք հացով:
 
Տիրոջ պայմանը չի խախտում՝
Հլու է իմ կամքին գազանը,
Ուրախ շողում են ու խայտում
Աստղերը՝ լսելով իմ ձայնը:
 
Երբ աղմկոտ մեծ քաղաքով
Անցնում եմ ես արագորեն,
Ծերունիները ինքնագով
Թոռանց ասում են հեգնորեն:
 
«Տեսե́ք, ահա ձեզ նախատանք՝
Հպարտ էր նա, անվարվեցող,
Ուզում էր, որ մենք հավատանք,
Թե պատվիրակն է նա Աստծո:
 
Հապա սրան նայեք, տղե́րք,
Մռայլ է նա, լղար, գունատ,
Կիսատկլոր է ու աղքատ,
Ո́չ հարգ ունի, ո́չ էլ՝ արժեք»:
1841 թ.
 


ՍՈՃԻ

Կանգնած է մենակ վայրի հյուսիսում
Սոճին՝ լերկ քերծի վրա,
Ճոճվում է քնոտ, եւ ձյունն է սորուն
Դարձել պատմուճանը նրա:
 
Նա իր երազում անապատն է տեսնում,
Որտեղ արթնանում է արփին,
Եվ ուր մենավոր արմավն է սիրուն
Տխրում հրակեզ քարափին:
 


ՏԽՈՒՐ Է, ՏՐՏՈՒՄ

 Տխուր է, տրտում, ո՞ւմ դուռը կարող եմ թակել
Հոգուս դառնացած պահերին…
Փափա՞գը… անմիտ է իզուր ու հավետ փափագել՝
Արագ է թռչում երամն օրերի:
 
Սիրե՞լ… սակայն՝ ո՞ւմ… Ունայն է զգացումն անձկալի,
Իսկ սերը հավետ չէ բնավ:
Իմ մեջ էլ վաղուց խամրել են հուշերն անցյալի,
Ոչինչ են դարձել թե́ խինդ ու թե՝ ցավ…
 
Կրքե՞րը… բայց չէ՞ որ թմբիրը նրանց քաղցրալիր
Ցնդում է խոսքից բանական,
Եվ կյանքը, եթե մեր շուրջը նայենք ուշադիր,
Այնքա՜ն տխմար է ու զավեշտական…
 


ԿՏԱԿ

Ուզում եմ հետդ զրուցել՝
Եղբայր իմ սրտակից,
Ասում են՝ քիչ է մնացել,
Որ հեռանամ կյանքից:
Շուտով դու տուն պիտի դառնաս.
Դե տես…Բայց լավ է իմանաս՝
Վախճանը իմ, ցավոք,
Չի  ողբալու ոչ ոք:
 
Իսկ եթե մեկը իմ մասին
Քեզ հարցնի՝ կասես,
Որ գնդակից չարաբաստիկ
Խոցահարվել եմ ես,
Մեռել եմ մունջ հանուն ցարի,
Առանց դեղի ու դարմանի,
Եվ որ անուշ երկրիս
Մաղթում եմ ավետիս:
 
Հազիվ թե դու ծնողներիս
Ողջ ու առողջ գտնես…
Չեմ էլ ուզում ծերուկներիս
Վշտալի լուր տանես:
Բայց եթե ողջ են դեռ նրանք,
Ասա՝ էլ չեմ գրի նամակ.
Արշավ ենք սկսել,
Իզուր թող չսպասեն:
 
Ջահել մի կին ունեն դրկից…
Որքա՜ն վաղուց էր դա…
Նա իմ ներկա ճակատագրից
Հաստատ հարցեր չի տա:
Նրան դիմիր պարզ ու շիտակ
Մի խնայիր սիրտը դատարկ,
Թող քիչ էլ արտասվի…
Սրտիցը չի պակասի:
1840 թ.
 


                        1

Ո́չ, դու չես, ում սիրում եմ ես սրտանց,
Ինձ չի գերում քո փայլը արտաքին՝
Սիրում եմ քեզանում ցավերս հին
Եվ իմ ջահելությունը կործանված:
                        2
Այն պահերին, երբ քեզ եմ տեսակցում,
Աչքերիդ մեջ նայում ուշադրությամբ,
Տարված եմ ես թաքուն խոսակցությամբ,
Սակայն սրտով քեզ հետ չեմ զրուցում:
                               3
Զրուցում եմ իմ սիրո հետ պատանի,
Քո դեմքի տակ փնտրում ուրիշ մի դեմք,
Աչքերիդ մեջ՝ վաղուց մարած հրդեհ,
Մեռած ձայներ՝ ձայնիդ մեջ կենդանի;
1841թ.
 


ԱՌԱԳԱՍՏ

 
Առագաստն է ճերմակափառ
Մով ծովի մեջ մենակ լողում:
Ի՞նչ է փնտրում երկրում օրոր,
Ի՞նչ է թողել նա մայր հողում:
 
Ծովը ծփում, քամին սուրում,
Կայմն է ճկվում, ճռնչում…
Ավաղ, նա ոչ բախտ է մուրում,
Ոչ էլ բախտից է փախչում:
 
Նրա ներքո ջուրն է լազուր,
Վերը՝ արփին ոսկեվոր,
Իսկ նա համառ հողմ է ուզում,
Կարծես հողմում կա անդորր:
1832 թ.

26.06.2014թ

 

799 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *