ՍԱԼՎԱՐԴԻ ԱՆՎԵՀԵՐ ՄԱՐՏԻԿԸ

Հիմա` տարիների հեռվից, հայրենիքի ազատագրության համար մարտնչած յուրաքանչյուր ազատամարտիկի կյանքի ամեն մի դրվագ յուրահատուկ իմաստ ու խորհուրդ է ստանում, դառնում ապագային ուղղված մարգարեություն, գալիքի տեսլական կանխորոշում, աճող սերնդի կյանքի ուղեցույց, դաստիարակություն եւ հայրենիքին անմնացորդ ծառայելու օրինակ: Հենց այդ լավագույն հատկություններով է օժտված Սիսական աշխարհի Աղոթարան սուրբ սարի ստորոտում ծվարած Սալվարդ գյուղի ծնունդ, այժմ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Ֆելիքս Սամվելի Պողոսյանը:

Գնդապետ Ֆ. Պողոսյանը սկզբնական կրթությունը ստացել է հայրենի Սալվարդ գյուղի դպրոցում, իսկ միջնակարգը` Երեւանի թիվ 78 դպրոցում: Երիտասարդ Ֆելիքսի կենսակերպի եւ անհատականության ձեւավորման գործում կարեւոր դերակատարություն է ունեցել ավագ եղբայրը` Բորիսը: Դաստիարակվելով Պողոսյանների բազմանդամ ընտանիքում` նա չէր կարող չնմանվել իր ծնողներին, առավել եւս` հորը, ով երկար տարիներ ղեկավարել է Սալվարդի կոլտնտեսությունը եւ գյուղական խորհուրդը:
Ֆելիքս Պողոսյանը, բնականաբար, չէր կարող չժառանգել նաեւ հայրական ընտանիքի ավանդույթներն ու սովորույթները` լինել բարի, հոգատար, աշխատանքային ու ընկերական հարաբերություններում` ազնիվ, ընկերների հոգսը համարել իրենը, ամեն ինչից վեր դասել ընտանիքի բարոյական կերպարը եւ սերը հայրենիքի նկատմամբ, լինել հայրենանվեր: Այս լավագույն հատկություններն էլ, անշուշտ, ուղեկցեցին Ֆ. Պողոսյանին` կյանքի նոր ճանապարհ հարթելիս:
1967-1970 թ.թ. հայկական հեռուստատեսության համակարգում աշխատելուն զուգահեռ սովորել եւ ավարտել է Երեւանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո մի շարք ուսումնական հաստատություններում եւ Երեւանի երկաթգծի համակարգում կատարել է կոմերիտական եւ կուսակցական պատասխանատու աշխատանքներ, ինչպես նաեւ զբաղվել մանկավարժությամբ: Երեւանի թիվ 19 եւ 26 մասնագիտացված ուսումնարաններում եղել է փոխտնօրեն, իսկ Երեւանի թիվ 17 եւ 83 միջնակարգ դպրոցներում` ուսումնական մասի վարիչ:
Սկսած 1989 թվականից Ֆ. Պողոսյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ազգային ազատագրական շարժմանը: Նախաձեռնող խմբի հետ ստեղծել են «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպությունը, որի շարքերում ընդգրկված է երեւանաբնակ եւ հանրապետության մյուս տարածաշրջաններում բնակվող սիսիանցիների մի ստվար հատվածը: Կազմակերպության ստեղծման  առաջին իսկ օրից առ այսօր Ֆ. Պողոսյանը նրա անփոփոխ փոխնախագահն է:
Հենց այդ ժամանակից էլ սկիզբ են առել Ֆ. Պողոսյանի մարտական եւ հասարակական ակտիվ գործունեության ուղիները: 1992 թ.-ին անդամագրվել է Մահապարտների «Արծիվ-1» ջոկատին: Որպես 7-րդ դասակի հրամանատար մասնակցել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Վանք, Չլդրան գյուղերի պաշտպանական ահեղ մարտերին: 1992 թ.-ի դեկտեմբերից ծառայության է անցել նոր կազմավորված 5-րդ կամավորական բրիգադում որպես օպերատիվ բաժնի պետի տեղակալ, որի շարքերում մասնակցել է Դրմբոն, Հաթերք, Զագլիկ, Մեհմանա, Գյուլաթաղ, Մեծշեն, Ջանյաթաղ, Մաղավուզ, Կուսապատ բնակավայրերի ազատագրման մարտական գործողություններին: 1993 թ.-ի մարտի 16-ին Կուսապատի մարտական դիրքերում վիրավորվել է` ստանալով ցնցակաթված: Ապաքինվելուց հետո, 1993 մայիսին, կամավորական 5-րդ բրիգադի հրամանատարի տեղակալն էր, որի շարքերում մասնակցել է Հադրութի ինքնապաշտպանական մարտերին եւ Ֆիզուլիի ու Հորադիսի շրջանների բնակավայրերի ազատագրմանը: Իսկ 94 թ.-ի ձմռան եւ գարնան ամիսներին ազատագրել են Հակոբ Կամարի, Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ եւ Դաստակերտ գյուղերը: 1996 թ-ին Պողոսյանը նշանակվել է Զանգեզուրի տարածքային զորամիավորման հրամանատարի տեղակալ: Արցախյան գոյամարտում անցած նրա մարտական ուղու եւ սխրանքների մասին հանրությանն է հասցվել «Սիսականի արծիվներ», «Մահապարտներ», «Ղարաբաղյան ազատագրական պատերազմը 1988-1994 թ.թ.» հուշագրքերում տպագրված առանձին դրվագների ձեւով, ինչպես նաեւ հանրապետության մի շարք թերթերում եւ ամսագրերում զետեղված հոդվածներով:
Ֆելիքս Պողոսյանը պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիության» եւ մի շարք այլ մեդալներով:
59-ամյա գնդապետ Ֆելիքս Պողոսյանը, Արցախյան ազատամարտում ձեռք բերած զինվորական հարուստ փորձով, այժմ էլ շարունակում է ծառայել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, միաժամանակ կատարում «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության փոխնախագահի պարտականությունները` միշտ հպարտ լինելով սալվարդյան իր ծագումով եւ իր արմատներով:

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
«Սիսական» ՀԿ նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *