Սահյանը բառերով է նկարել, ես գույներով եմ նկարում…

Ամեն տարի մարտի 1-ին նկարիչ Ժորա Հովհաննիսյանը Համո Սահյանի արձանի մոտ բացում է իր ցուցահանդես-վաճառքը: Նկարիչը թոշակառու է: Հիմնական աշխատանք չունի, բայց ամռանը, եթե պատահում է ասֆալտապատման, բարեկարգման աշխատանք, սիրով է անում: Ասում է` ասֆալտ անելն էլ է նկարչություն, այնպես որ ինքը միշտ իր արվեստի հետ է ու արվեստի մեջ: «Իսկ ձմեռն էլ նկարելու համար է»,- ասում է Ժորա Հովհաննիսյանը եւ հավելում, որ Սահյանի արձանի մոտ ցուցահանդես-վաճառք կազմակերպելու իր նպատակը մարդկանց գեղեցիկի հետ հաղորդակից դարձնելն է, իր ցանկությունը հոգսաշատ հայրենակիցներին մի պահ հոգսից ձերբազատելն է, միեւնույն է, հոգսը կա… Սահյանի արձանի կողքով անցուդարձ անողները, կամա թե ակամա, մի պահ նայում են, պատահում է` զրույցի են բռնվում նկարչի հետ, պատահում է` գնում են իրենց հավանած աշխատանքը…. Եթե գնում են, լավ է, եթե չեն գնում, ոչինչ, դրանից ոչ նեղսրտում է, ոչ տրտնջում…

Իր փոքրիկ «վերնիսաժը» Սահյանի արձանի մոտ բացելը պատահական չի համարում: Ասում է` Սահյանը բառերով է նկարում, ես էլ գույներով եմ նկարում, մարդկանց աչքը, միտքը, հոգին, հայացքը թող սովորի, ընտելանա, մտերմանա գեղեցիկի եւ գույնի հետ, որովհետեւ հոգսը, միեւնույն է, ինչպես Սահյանն է ասել, միշտ էլ արթուն է…

Ասում է` ամեն օր, մինչեւ ապրիլի 7-ը, կգործի իր փոքրիկ «վերնիսաժը», գարնան գալուստը թող զուգորդվի իր գույների եւ Սահյանի պոեզիայի հետ…

Խոսելով նկարները վաճառելու մասին, ասում է` մարդիկ հավանում են, բայց ասում են` փող չունենք, մարդկանց մի մասը հասկանում է արվեստը, գնահատում է, ընկալում է, մի մասն էլ բացարձակ անտարբեր է ոչ միայն արվեստի նկատմամբ, այլեւ ամեն ինչի: «Սիսիանը Երեւանից հեռու է, մայրաքաղաքից հեռու է, ու փորձում եմ մի քիչ Երեւան բերել Սիսիան` իմ փոքրիկ վերնիսաժով…»,- ասում է Ժորա Հովհաննիսյանը` ավելացնելով, որ Մարտիրոս Սարյանն ու Համո Սահյանը իր համար գույնի եւ բառի կախարդներ են, Սահյանի ամեն մի բառը մի նկար է, Սարյանի ամեն մի նկարն էլ բանաստեղծության մի պատառիկ …

Գարնան առաջին առավոտը այսպես սիրուն էր բացվել Սիսիան քաղաքում…

Ա. ԱՄԻՐՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *