ՍԱՍՏԻԿ ՑՈՒՐՏԸ Ի ԶՈՐՈՒ ՉԷՐ… ԵՎ ՏՈՆԸ ՍՏԱՑՎԵՑ

Փետրվարին 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տիառնընդառաջի տոնը: Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տարվա առաջին անդաստանի կարգը կատարելուց, աշխարհի 4 կողմերը, մեր երկրը, մեր եկեղեցին, մեր ժողովրդին, մեր քաղաքները, գյուղերը, դաշտերը օրհնելուց հետո Սիսիակ Նահապետի անունը կրող հրապարակում կատարվել է նորապսակների օրհնության կարգ: Իր օրհնությունը բերելով նրանց եւ ներկաներին՝ Տեր-Պարգեւ Զեյնալյանը նշել է, որ  Տիրոջն ընդառաջ գնալով, նրա գիտության լույսով լուսավորելով մեր մեղքերը՝  պիտի կարողանանք աստվածակամեցողությամբ լուսավորված եւ զորացած կառուցել մեր քրիստոնեավայել կյանքը:

Շնորհավորելով երիտասարդներին, մասնավորաբար՝ նորապսակներին ջերմ ու գեղեցիկ տոնի առթիվ՝ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նրանց ընտանիքներին մաղթել է ամրություն, դրանով պայմանավորելով նաեւ համայնքի ամրությունն ու հզորությունը: «Ընտանիքների ամրությունով է պայմանավորված մեր համայնքի հզորությունը: Դուք ամուր եղեք, որպեսզի ուենանք ամուր համայնք»,-նշել է նա:

Հրապարակի կենտրոնում պատրատսված խարույկը վառելու պատիվը տրվել է նորափեսաներին: Այնուհետեւ նորապսակ զույգերը շուրջպար են բռնել խարույկի շուրջ: Հայ օջախի ավանդական եւ այն տաք պահող հերոսը՝DSC05373 հայ մեծ մայրը, նորապսակների գլխին շաղ է տվել կոնֆետ ու ընդեղեն՝ ի նշան բազմացման, զորացման, ծիլ ու ծաղկումի: Հնչել է զուռնա-դհոլը, բոլորել է շուրջպարը, թեժացել է կրակը, տոնական սեղանը կենացներով է քաղցրացել, պարախմբերը զարդարել են տոնը:

Նորահարս Նարինե եւ նորափեսա Հայկ Մովսիսյանները զգացված եւ ուրախ էին ուշադրության, ջերմ վերաբերմունքի համար եւ նշեցին, որ հաճելի զգացողություն է համայնքային իշխանության ուշադրության կենտրոնում լինելը: «Եկեղեցական ծիսակատարությունը եւ ժողովրդական տոնակատրությունը համադրելով՝ լավ միջոցառում կազմակերպվեց, ինչը սովորեցնում է պահպանել ազգային ավանդույթները, տեր ու հնազանդ լինելու ուխտով ամուր եւ անսասան պահել ընտանիքը»,– նշեցին նրանք:

Իրենց առաջնեկին սպասող Սոնան եւ Սուրենը նույնպես կիսեցին իրենց ուրախությունը, ասելով, որ դա նորապսակների ամենասիրած եւ ամենասպասված տոնն է: «Շատ հաճելի է, որ ներկա են քաղաքի բոլոր նորապսակները եւ համայնքային իշխանության հետ նշում են իրենց տոնը, կիսում իրենց ուրախությունը, ստանում նրանց օրհնությունը: Մենք էլ աստծուց հայցում ենք ամուր եւ սիրառատ պահել մեր նորաստեղծ ընտանիքը»,-ասաց Սոնան:DSC05367

Սիսիանի համայնքապետարանի կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ Նարա Հովհաննիսյանը նշեց, որ համայնքապետարանը, որդեգրելով նոր ժամանկերը, փորձում է որեւէ տոնակատարություն, առավել եւս ազգային տոները, դուրս չթողնել ուշադրությունից, քանի որ ազգայինից, հայեցի մտածելակերպից մի տեսակ հեռացել ենք: «Հետեւաբար այսօրվա տոնը նշելիս, անտեսելով սաստիկ ցուրտը, փորձեցինք պահպանել եւ եկեղեցական ծիսակարգը, եւ ժողովրդական ավանդությունը: Ընտրեցինք գլխավոր կերպար՝ հայ մայրը, ով իր բարեմաղթանքի խոսքերով օրհնեց նորապսակներին: Հայկական ճաշատեսակներով, քահանայի օրհնանքով, աղի բլիթներով, հարիսայով, աղանդերով, գաթայով, կենաց ծառով փորձեցինք նշել այս տոնը, որպեսզի Սիսիանը անմասն չմնա համաժողովրդական ավանդական տոնակատարությունից: Փորձեցինք մի փոքր տոնական շունչ հաղորդել քաղաքին: Համայնքի ղեկավարն ուշադրության կենտրոնում պահեց օրվա հերոսներին՝ նորապսակներին, 28 զուգ նվերներ ստացան: Կային մարդիկ, ովքեր հնարավորություն չունեին Տիառնընդառաջի տոնը նշել իրենց օջախներում: Այն ընտանիքներում, որտեղ Տիառնընդառաջի կրակը չվառվեց, վառվեց այստեղ՝ հրապարակում: Սա էլ բոլորիս մեծ տունն է, մեր օջախն է, եւ բոլորն այստեղից իրենց օջախներ տարան տիրոջն ընդառաջ գնալու լույսն ու ջերմությունը»,-ասաց Նարա Հովհաննիսյանը:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *