Սեպտեմբերի 1-ին գյուղական ոչ մի դպրոց չի փակի իր դռները՝ «փակման» վտանգի առաջ կանգնեցնելով նաեւ գյուղը

Թեեւ նոր ուսումնական տարում առաջին դասարանցի չեն ունենա Սիսիանի տարածաշրջանի Նորավանի, Սալվարդի, Լծենի հիմնական դպրոցները, բայց, նախորդ ուս. տարվա համեմատ, այս տարի ավելացել է առաջին դասարանցիների թիվը: Նոր ուսումնական տարում անցյալ տարվա 387-ի փոխարեն առաջին դասարան կհաճախի 417 աշակերտ: Թվերը թեպետ նախնական են, եւ վերջնականապես կճշտվեն միայն սեպտեմբերի 5-ին, բայց ուրախացնող է այն հանգամանքը, որ, առաջին դասարան կունենան այնպիսի գյուղական համայնքների դպրոցներ, որտեղ նախորդ ուսումնական տարում չեն եղել: Երեք առաջինցի կունենա մշտապես փակվելու վտանգի առաջ կանգնած Մուցքի դպրոցը, 5-ը՝ Իշխանասարի դպրոցը, Ծղուկի հիմնական դպրոցը:

Թեեւ, ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, արտահոսքը մեծ է նաեւ Սիսիանի տարածաշրջանի գյուղական բնակավայրերից, բայց այս միտումները հույս են տալիս, որ Սիսիանի տարածաշրջանում գյուղական ոչ մի դպրոց չի փակի իր դռները՝ «փակման» վտանգի առաջ կանգնեցնելով նաեւ գյուղը:

Սիսիանի տարածարջանի դպրոցների աշակերտների թիվը մայիս ամսվա տվյալներով 3124 է, որի մեջ ներառված չէ Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների թիվը:

Ընդհանուր հարաբերակցությամբ՝ քաղաքային եւ գյուղական դպրոցների աշակերտների թիվը գրեթե հավասար է:

Այս տարի տարածաշրջանի դպրոցներում հիմնանորագման եւ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Սպանդարյանի եւ Տոլորսի՝ վատթար վիճակում գտնվող դպրոցական շենքերի հիմնանորոգման հարցը օրակարգում է:

Մանկավարժական կադրերի պահանջ չկա: Դպրոցներն ապահովված են անհրաժեշտ դասագրքերով:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *