ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՊԻՏԻ ՄԱՅԻՍԻ 7 ԴԱՌՆԱ

-Պարո՛ն Հակոբյան, ԱԺ ընտրություններից անմիջապես հետո Դուք վերադարձաք Դանիա` Ձեր աշխատանքին, եւ մեզ հետ Ձեր վերջին հեռախոսազրույցում ասացիք, որ դեռ շնորհակալական Ձեր խոսքը կասեք սիսիանցիներին` վերջնականապես հայրենիք վերադառնալուց հետո:
Դուք վերադարձել եք:
-Ինչպես եւ խոստացել էի, ես լուծեցի իմ աշխատանքային պայմանագիրը եւ հուլիսին վերադարձա Հայաստան: Մինչեւ հիմնական աշխատանքի անցնելը, այս պահին մասնակցում եմ խորհրդակցությունների, կազմակերպում հանդիպումներ:
Սիսիանում հանդիպեցի իմ նախընտրական շտաբի անդամներին եւ վստահված անձանց ու շնորհակալություն հայտնեցի աջակցության համար: Վերլուծեցինք նաեւ անցած ընտրությունները եւ նախանշեցինք հետագա քայլերը:
Շնորհակալ եմ ողջ Սիսիանին` նման աննախադեպ աջակցության համար:
-Ձեզ համար սպասելի՞ էր սիսիանյան այն բուռն զարթոնքը, մարդկային արժանապատվության գիտակցման այն բուռն վերելքը, որ ապրեց Սիսիանը ԱԺ ընտրությունների շրջանում:
-Սիսիանցիները միշտ էլ շատ զգայուն են քաղաքական գործընթացների նկատմամբ, եւ  սպասում էին մեկին, որին իրենք կընդունեն, եւ ով կառաջնորդի նրանց տրամադրությունները: Կարծում եմ` մայիսի սկզբին դա տեղի ունեցավ, եւ այդ գործընթացը այլեւս անշրջելի է:
-Այնուամենայնիվ, այդ ընտրություններից հետո Ձեր քաղաքական կենսագրության վրա մնաց «ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու» «պիտակը»: Դա Ձեզ չի՞ հուսահատեցնում, ինչպես Դուք եք ասում, հետագայում լուրջ քաղաքականությամբ զբաղվելու ճանապարհին:
-Մինչ այժմ ես հիմնականում իմ մասնագիտական գործունեությամբ էի զբաղված եւ իմ ակտիվ քաղաքական կենսագրությունը նոր է սկսվում` հասուն եւ իմաստավորված տարիքում: Կարեւորն այն չէ, որ ինձ պատգամավորի վկայական չտրվեց, կարեւորն այն է, որ, ամբողջ տարածաշրջանում եւ նույնիսկ` մայրաքաղաքում թիվ 37 ընտրատարածքի մեծամասնական ընտրությունները մի շարք դասեր տվեցին բոլորին եւ վեր հանեցին իրավիճակի եւ դրական եւ բացասական կողմերը: Դրանք եւ պարզ են, եւ բարդ, եւ հարուստ նյութ են հետագա վերլուծությունների համար: Սա մեծ նվաճում է, որովհետեւ այն ուղղորդում է դեպի առողջացում:
-Ոմանք ուզեցին նսեմացնել սիսիանյան հանրային գիտակցության մեջ կատարված հոգեւոր, բարոյական, գիտակցական հեղաշրջումը` այդ զարթոնքը վերագրելով «տեղայնական թասիբին» եւ «քարանձավից դուրս գալու» վիրավորվածությունը մերժելուն:
Ձեր կարծիքով, ո՞րն է սիսիանյան` բարոյական ընկալումներով առաջնորդվելու հիմնական արժեքը նսեմացնելու նպատակը:
-Ես երբեք չեմ խրախուսել տեղայնականությունը եւ հիմնականում հենվել եմ մարդու բանականության վրա: Ոմանք խաղացին այդ նուրբ լարերի վրա, հատկապես` Գորիսի տարածաշրջանում, իսկ հետընտրական փուլում փորձեցին նվազեցնել իմ դերը եւ մարդկանց մեջ մոռացության տալ այն վերելքը, որ նրանք ապրեցին: Դա երբեք չի կարելի թույլ տալ, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այդ ազատ եւ արդար ոգին չմարի եւ մեր մաքուր ու ազնիվ գործը շարունակվի:
-Գրեթե ողջ Սիսիանն էր Ձեր կողքին, բայց որոշ մարդիկ նույնպես փորձեցին Ձեր կողքին հայտնվելով` քաղաքական դիվիդենտ շահել` արժեւորելով իրենց, եւ սիսիանյան հանրային հաղթանակից դափնիներ պոկել, ինչը հանրությունը հրաշալի տեսնում եւ հասկանում էր, մանավանդ որ, նրանց` Ձեր կողքին լինելը բոլորովին դիվիդենտ չէր ապահովում հատկապես Ձեզ համար:
-Քանի որ մտքերս պղտոր չեն, ես շատ բաց եմ գործում եւ հնարավորություն տալիս յուրաքանչյուրին, ով ցանկանում է մաքրվել` թեկուզ եւ` ինչ-որ դիվիդենտներ ստանալով: Սակայն հավաստիացնում եմ, որ ինքս կոչնչացնեմ այդ փխրուն դիվիդենտները, եթե փորձեն խորամանկել եւ դավաճանել այն կարեւոր եւ մաքուր սկզբունքներին, որ մենք հետապնդում ենք:
-Դուք բազմաթիվ առիթներով ասել եք, որ ԱԺ ընտրություններից հետո «Որոտան» թերթում տպագրված «Հետընտրական» խորագրով վերլուծությունը վեր էր հանում այն  նպատակն ու առաջադրվելու իմաստը, ինչի մասին Դուք, գուցե եւ, դժվարանայիք բարձրաձայն արտահայտվել: Ի՞նչն էր Ձեզ այդչափ տպավորել, եւ ի՞նչն էր այդպես կարեւորել թերթի մեկնաբանը` ըստ Ձեր պատկերացումների:
-Դուք շատ խորն եք տեսել ամեն ինչ եւ` կեցցե՛ք: Ձեր վերլուծության մեջ շատ կարեւոր են քաղաքականության մեջ նոր որակների, մտածողության, մակարդակի, կեցվածքի նկարագրությունը, ինչպես նաեւ` արժանապատվության, ազատության եւ արդարության արմատավորմանն ուղղված միտումները: Սա է իրական կյանքի բերկրանքը, մնացյալը մեռած հոգիների խրախճանք է, որի «հաճույքից» նրանց մարմիններն էլ շուտով կփտեն:
-Դուք մեզ հետ ունեցած նախորդ հարցազրույցում ասել էիք, որ, անկախ ԱԺ ընտրությունների ելքից, զբաղվելու եք բարոյական, առողջ քաղաքականությամբ: Բարոյական, առողջ  քաղաքականություն հնարավորո՞ւմ է  քաղաքականապես, սոցիալապես, բարոյապես դեգրադացված մեր իրականությունը:
-Այսօր դեգրադացվում է ամբողջ աշխարհը, եւ պետք չէ բոլորի թերությունները խտացնել մեր ժողովրդի մեջ: Գուցե մեզ մոտ կուտակված բացասական լիցքերը ավելի շատ են, բայց դա չի նշանակում, որ դրականը քիչ է: Պարզապես այն պետք է տեսնել եւ մատուցել: Ինչպիսինն էլ լինի իրականությունը, քաղաքական գործիչը պետք է ունենա իր ուրույն ձեռագիրը, պետք է լինի ազնիվ եւ արդար: Նրանք, ովքեր հակառակն են պնդում, ուղղակի փորձում են արդարացնել իրենց նսեմ վարքը եւ անբարո արարքները:
-Սիսիանը հերթական անգամ կանգնած է քաղաքական լուրջ եւ պատասխանատու իրադարձության շեմին, եւ հերթական անգամ նրան դրեցին «քաղաքական առեւտրի զոհասեղանին»` անտեսելով, արհամարհելով ընտրելու` նրա ազատ կամարտահայտումը:
Ինչո՞ւ` հատկապես նորից Սիսիանին:
-Եթե նկատի ունեք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ապա այն այդքան էլ հարթ չի ընթանա, ինչպես որոշ համայքների ղեկավարներ կարծում են: Մարդիկ պետք է տեր կանգնեն իրենց արժանապատվությանը եւ պարտադրեն իրենց կամքը` իրենց ընտրություն կատարելու կամքը:
-Սիսիանցիների` ձեզ տված վստահության քվեն Ձեզ երաշխավորում է ինքնուրույն, մտածող, մտավորական մարդու կոչ-հորդորը հղել իրենց` քաղաքական այս փակուղուց, «քաղաքական նոկաուդի մեջ» իրեն դնելուց պատվով եւ արժանապատիվ դուրս գալու համար: Ասացեք Ձեր խոսքը նրան:
-Ես կխոսեմ սկզբունքների եւ չափանիշների մասին: Միանշանակ պետք է մերժել այն թեկնածուներին, ովքեր կփորձեն փողի ուժով կամ վարչական լծակներ կիրառելով նորից նսեմացնել եւ բարոյազրկել մարդկանց` ստվերելով այն, ինչ ձեռք բերվեց Մայիսին:
Պետք է գնահատել թեկնածուների մարդկային, կազմակերպչական, մասնագիտական եւ քաղաքացիական արժանիքները: Իհարկե, որեւէ համայնքի համար դժվար է գտնել կատարյալ թեկնածուի, սակայն մարդիկ պետք է գնահատեն անցյալը, համադրեն միայն դրական հատկանիշները եւ որոշում կայացնեն:
-Մայիսի 7-ը Սիսիանի համար ինքնազարթոնքի, ինքնաարժեւորման, հավաքական արժանապատվության հաստատման օր էր, ինչպիսի՞ օր ենք ցանկանում Սիսիանին սեպտեմբերի 10-ին:
-Որպեսզի Սեպտեմբերի 10-ը լինի Մայիս 7, անհրաժեշտ է, որ Սեպտեմբերի 9-ին մարդիկ  ազատվեն կեղծիքից, ստից, իրենց համակված ատելությունից, չարությունից եւ պայքարեն իրենց գայթակղությունների եւ կաշառառության դեմ:
Ժողովրդի անեծքը եւ նզովքը պետք է ուղղվի բոլոր նրանց, ովքեր կփորձեն դարձյալ պղտորել միջավայրը:
Մարդիկ պետք է սթափվեն եւ խաղաղ, պատասխանատվության բարձր զգացումով ու բանականությամբ համակված կերտեն իրենց համայնքի եւ երկրի վաղվա օրը:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *