ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԾՆՎԵԼ Է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ-ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Աղվան Մինասյանը ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Լծեն գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և 1989 թվականին ավարտել է Սիսիանի պոլիտեխնիկումը։ 1989-1990 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1990 թվականին մեկնել է Արցախյան ռազմաճակատ, դարձել «Սիսական» կամավորական ջոկատի ազատամարտիկ, մարտնչել եղբոր՝ Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ։ Մասնակցել է Սիսիանի շրջանի ինքնապաշտպանական և Լաչինի ազատագրական մարտերին: Հեղինակ է հայրենիքին և ազգային-ազատագրական պայքարին նվիրված «Տապանագիր» և «Սուր և խաչ» բանաստեղծությունների ժողովածուների: Զոհվել է 1993 թվականի օգոստոսի 30-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մարաթուկ գյուղում 23 տարեկան հասակում։ Աղվան Մինասյանի կյանքն ու գործունեությունը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Սամվել Թադևոսյանի` 2006 թվականին նկարահանած «Չկրակված փամփուշտներ» ֆիլմում: Իսկ Աղվան Մինասյանի «Կարմիր դագաղով անիծյալ կյանքն են տանում թաղելու» բանաստեղծությունը երգի է վերածել հայտնի երգիչ-ազատամարտիկ Դավիթ Ամալյանը:

Աղվանը 1997 թվականին հետմահու արժանացել է Հայաստանի գրողների միության պատվավոր անդամի կոչման: Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան մրցանակակիր։ Պարգեւատրվել է ՀՀ «Արիության», ԼՂՀ «Արիության», ԼՂՀ «Մայրական երախտագիտության Արցախի քաջորդիներին» մեդալներով:

Ու նորից խաչմերուկ, և նորից անցորդներ,
Ես և դու և նրանք.
նույն ճամփով գնացինք.
Թողնելով մի փոքրիկ ոտնահետք,
Որ քամին, անձրևը ջնջեցին:

…….

Ես ցանկանում եմ
Վերստին ծագել,
Սակայն այս անգամ ոչ թե ուշացած,
Որ երբ նա ծագի,
Այլ լուսաճաճանչ արևից առաջ,
Ես կարողանամ քայլել ընդառաջ…

Մեռնող շշուկներ

Իրիկնադեմին
Մահանում էին
Թողերն արևի:
Լույսը բարակել,
Մթնով բարակել,
Մթնով վարակվել,
Ու լսվում էին բառերը երգի:
Ամպը թևում էր,
Հովը երգում էր,
Ալիքներն էին գետում խարխափում:
Ծառիկներն էին
Լուռ թակվում մթնում,
Վերջին սոխակն էր նրանց գովերգում…
Իրիկնաժամի մեռնող շշուկներ,
Ձեր թախիծն իմ մեջ թերթեր է փոխում:

1988, դեկտեմբեր
Ցավը ծավալվում էր, խփվում էր պատեպատ,
Իսկ զանգերի սառած լեզվակները լռին
Ողբում էին, ու ողբը դառնում էր նվվոց.
Լեզվակները սառած երգում էին:

Կարմիր դագաղով անիծյալ կյանքն են տանում թաղելու
Երբ վերջալույսի կրակվող աչքը ըլնում է սեղան,
Եվ որտեղ որ է երկինքը հիմա թատրոն է տալու,
Մարդիկ ոռնում են մենակ մնացած գայլըրի նման.
Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու:
Հորիզոնները վառվեցին կրքից՝ վայրենի ու խենթ,
Մութը ցրվում է՝ քարանձավներում իր վիշտը լալու,
Մարդիկ մենակ են ցավի ու թախծի թաց տրտմության հետ.
Կարմիր դագաղով թախիծ ու սեր են տանում թաղելու:
Աէյունոտ կեսօր. Հրդեհվե կյանքի ամայության մեջ,
Շուրջը ալիքվեց՝ Թանատոսի սև ստվերին հլու,
Գեղեցկությունը մեռավ մահացող թաց աջքերի մեջ.
Կարմիր դագաղով կյանք ու իղձեր են տանում թաղելու:
Արշալույսները լուռ խարխափում են մայրամուտի մեջ,
Այսօրվա օրը ո՞ւմ թարթիչներն է արցունքոտվելու,
Մարդիկ վշտի մեջ կանգնել են մենակ.
Կարմիր դագաղով սիրտ ու կրակ են տանում թաղելու:
Օրը էլ չունի ժամ ու ժամանակ՝ հաշված է ժամը,
Երկինքը տարավ արևին ուրիշ հողում վառելու,
Մարդկանց թողել են վախից դողալու մահվան սև վարակ.
Կարմիր դագաղով հառաջ ու լաց են տանում թաղելու:

Անանուն քար
Անանուն քարեր՝
Ցողված արցունքով,
Էլ ո՞վ է հիմա ձեզ այցի գալու,
Գիշերվա թանձր, անանց խավարում
Անձրևն է միայն ձեզ վրա լալու:
Եվ խուլ մի հաջոց.-
Քերբերի ձայնն է Հադեսի հեռվից:
Ես ին ոռնոցով կպատասխանեմ
Մեռած ողջերի խրթին աշխարհից:
Գիշերում անքուն ճռիկներ կերգեն,
Ես ձեր հոգու մեջ կաղոթեմ երկար,
Անունն իմ ձերին մի օր կխառնեմ,
Եվ իմ տապանն էլ մի օր կդառնա մի անանուն քար:

Մնաս բարով…
Շողն արևի համբույրի հետ
Բարձրացավ վեր,
Մնաս բարով:
Մի տղա է նայում հեռու՝ ապագայի երազներով:
Կռունկները ինձ մաղթեցին ՝
Մնաս բարով.
Ես զգացի մեծացել եմ արդեն դարով:
Աղբյուրների կարկաչ ձայնը մարեց օդում.
Մնաս բարով.
Ու ամառը գնաց հարավ՝ աշնան գալով:
Կռունկների վերջին ճիչը մնաց օդում.
Մնաս բարով:
Կթափառեմ էն խճճված աշնան ոսկե
Կածաններով՝
Մնաս բարով…

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *