ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21. ԱՅՆ ՏՈՆ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՈՒ ԲՈԼՈՐԻ ՏՈՆՆ Է

Անկախության տոնը մեծ ու փոքր, ահել ու ջահել, աշխարհական ու զինվորական չի հարցնում:

Հայոց  տոնացույցը հարուստ է պետական եւ ոչ պետական տոներով, հիշատակի օրերով: Եվ յուրքաննչյուր տոն ունի իր խորհուրդն ու իմաստը:
Բայց անկախության տոնը առանձնանում է, քանի որ դարերով ենք ձգտել, երազել, փափագել, պայքարել այն ունենալու համար:
Ուստի պատահական չէ, որ անկախության տոնը մեծ ու փոքր, ահել ու ջահել, աշխարհական ու զինվորական չի հարցնում. այն տոն է բոլորի համար ու բոլորի տոնն է:
Եվ այդ զգացողությամբ էր այսօր առավոտյան տոնի մասնակիցների երթը Սիսիանի կենտրոնական հրապարակից ձգվում դեպի Պանթեոն՝ այնտեղ իմաստավորելու, այնտեղ բանաձեւելու մեր անկախության գինն ու արժեքը:
Զրուցեցինք երթի մասնակիցներից շատերի հետ, որոնք բոլորը միանշանակ արժեւորում ու կարեւորում են տոնն ու տոնի խորհուրդը, միաժամանակ շեշտում անկախությունը պահել-պահպանելու հրամայականը մեր ազգային ինքնության ճանապարհին:
60913 զորամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ Վարդգես Մարգարյանը, կարեւորելով անկախության տոնն ու անկախության  գաղափարը, միաժամանակ նշեց, որ հասկանում են տոնի իմաստը, տոնի խորհուրդը, պետականություն ունենալու անհրաժեշտությունն ու այն պահպանելու դժվարությունը եւ կարեւորությունը: «Չպետք է մոռանանք նաեւ նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին անկախության ճանապարհին: Պանթեոն գալը, նրանց հիշատակի առջեւ խոնարհվելը  ավանդույթի ուժով այսօրը բոլորիս բերել է այստեղ: Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ»,- ընդգծեց vorotan21092013-1նա:
ԵԿՄ Սիսիանի խորհրդի նախագահ Արայիկ Վարդանյանն ասաց, որ անկախությունը մեր թանկ ձեռքբերումներից է, որը  արյան գնով էր: Բայց այն ձեռք բերելը ավելի հեշտ էր, քան՝ պահպանելն է: Անկախության ճանապարհին շատերը կալանվեցին, աքսորվեցին, հալածվեցին, սակայն նրան հասնելու համար ամենաթանկը վճարեց ազատամարտիկն ու նրա ընտանիքը, եւ իզուր չէ, որ Անկախության օրը Պանթեոն ենք գալիս եւ ոչ՝ մեկ այլ տեղ՝ խոնարհվելու զահվածների հիշատակի առջեւ:
60913 զորամասի հետախուզության պետ կապիտան Դավթյանն էլ նշեց, որ մեր սահմանները անառիկ են, մենք միշտ պատրաստ ենք թշնամուն ետ մղելու եւ հպարտ էր զգում իրեն, քանի որ ապրում է անկախ երկրում:
«Եթե անկախության խորհուրդը, զգացումն ու զգացողությունը յուրաքանչյուր հայ մարդու համար գրեթե նույնն է, զինվորականի համար մի քիչ առավել է, որովհետեւ զինվորականն է սահմանը պահողը, եւ անկախության գինն ու արժեքը առավել իմաստավորողը»:
Սիսիանի քաղաքային գրադարանի աշխատակից Ֆլորա Մարտիրոսյանը նշեց, որ ապրել եւ աշխատել է թե անկախ, թե՝ ոչ անկախ պետության մեջ եւ այն անհամեմատելի համարեց: «Ուրիշ զգացում է անկախ երկրում ապրելը, աշխատելը, շնչելը: Դա ուրիշ հոգեբանություն է, ուրիշ մտածողություն, ուրիշ ընկալում, ուրիշ գիտակցում»,-ընդգծեց նա:
Տասնվեցամյա Վանուհի Բագրատյանը, որ մեր անկախության տարիքից էլ փոքր տարիք ունի, նշեց, որ չի պատկերացնում՝ ինչ է ոչ անկախ երկրում ապրելը: «Թեեւ մեծերից լսել եմ, սակայն դա ինձ համար անհայտ ու անծանոթ հասկացություն է: Ես ծնվել, մեծացել, դաստիարակվել եմ անկախ պետականության մեջ, ու ինձ համար անկախությունը նման է կապույտ երկնքի, անսահման թռիչքի: Անկախության պատկերացումներից մեկն էլ այսօրը Պանթեոն այցելելը եւ մեր զոհերի հիշատակի առջեւ խոնարհվելն է, ինչը կատարում ենք սրբորեն ու գիտակցաբար»,- ինքնահարգ տոնով շեշտեց նա՝ ասես ընգծելով անկախ երկրի քաղաքացի լինելու իր ողջ զգացողությունը:
Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանը, կարեւորելով անկախությունը, առավել  արժեւորեց հայրենասիրությունն ու հայրենիքի գաղափարը, քանի որ անկախություն եւ անկախ երկիր ու անկախ պետականություն ունենալը համարեց հայրենասիրության եւ հայրենիք ունելու գաղափարի հետեւանք:
Շնորհավորելով ողջ հայ ժողովրդին անկախության օրվա առթիվ՝ ուսուցչուհի Ֆլորա Ազոյանը  խաղաղություն ցանկացավ բոլորին եւ կարեւորեց  սերնդին հայրենասիրության ոգով դաստիարակելը: «Հարգենք նաեւ բոլոր զոհվածների հիշատակը, քանի որ նրանց vorotan21092013-2միջոցով էր նաեւ, որ հասանք այսօրվան: Կցանկանայի, որ մեր անկախությունը ոչ թե ընդամենը 22 տարեկան լիներ, այլ՝ ավելի շուտ գար եւ ավելի մեծ տարիք  ունենար: Բայց գնահատենք ունեցածը, հիշող ու հարգող լինենք»,- ավելացրեց նա:
Թեեւ մարդաշատ չէր Պանթեոն ձգվող երթը, թեեւ տոնական տրամադրությունն ու տոնի զգացողությունը իշխող չէին, բայց երթի առջեւից ընթացող պատանի երկրապահների եւ զինվորականների զգաստ ու ձիգ շարքերը եւ զինվորական նվագախմբի՝ հոգի թնդացնող հայրենականչը վկայեցին, որ մեր անկախության զգացումն ու գիտակցումը այլեւս անշրջելի ընթացք է:

«ՈՐՈՏԱՆ»
21.09.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *