ՍԵՌԱՎԱՐԱԿ. ԴԱՐԻ ՉԱՐԻՔԸ

Աշխարհում ամենամեծ առողջական խնդիրներից է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը: Ճիշտ է, Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրները համեմատաբար փոքր թիվ են կազմում (2800 ոչ գրանցված, 558 գրանցված դեպք), բայց այստեղ էլ տարածվելու հավանականությունը մեծ է:

ՁԻԱՀ-ի կանխարգելումն այսօր համամարդկային խնդիր է, հետեւաբար` հասարակության յուրաքանչյուր անդամ տեղեկացված լինելու անհրաժեշտություն ունի:
ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը սպառնում է հատկապես 14-25 տարեկան երիտասարդներին, այն երիտասարդ ընտանիքներին, որտեղ ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի, ինչպես նաեւ` ներարկային թմրամոլներին: Ինչպես վերը նշեցինք` հաշվարկային տվյալներով Հայաստանում կա մոտ 2800 ՄԻԱՎ-ով ապրող մարդ: ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի վարիչ Արշակ Պապոյանի տրամադրած տեղեկատվության համաձայն` 2008թ.-ի հոկտեմբերի 1-ի տվյալներով Հայաստանում ՄԻԱվ վարակի 633 դեպք է գրանցվել, որից 160-ը կանայք են, 13-ը` 15 տարեկանից փոքր երեխաներ: ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը 271 է, որից` 53-ը կանայք են, 6-ը` 15 տարեկանից փոքր երեխաներ: Գրանցվել է 147 մահվան դեպք, որից` 22-ը կանայք, 3-ը` 15 տարեկանից փոքր երեխաներ: Հայաստանում գրանցված մոտ 600 ՄԻԱվ վարակակիրներից այսօր բուժում է ստանում ընդամենը 90 մարդ, մնացածը կամ նախաստուգման փուլում են, կամ ինչ-ինչ պատճառներով չեն բուժվում, թեեւ բուժումը անվճար է:
Հայաստանի գրեթե բոլոր մարզերում էլ կան ՄԻԱՎ վարակակիրներ: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երեւանում (26,5 %), Շիրակում (23,1%), Լոռիում (20.1%), Սյունիքում ՄԻԱՎ վարակակիրների թիվը կազմում է 15,7%: ՄԻԱՎ-ից բացի, սակայն, հանրությանն այսօր անհանգստացնում ու նրանց` հիվանդությունից կախման մեջ են գցում այլ սեռավարակներ եւս: Սեռավարակները հիվանդությունների խումբ են, որոնք հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով: Դրանց տարածվածության աստիճանի, փոխանցման այլ ուղիների պարզաբանման համար դիմեցինք Սիսիանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Գոհար Առաքելյանին: Վերջինիս տեղեկացմամբ` առավել մեծ տարածվածություն ունեն սեռական հերպեսը, ցիտոմեգալոն, գարդներելյոզը, քլամիդոզը եւ այլն: Դրանք բոլորն էլ փոխանցվում են սեռական ճանապարհով:
Գոյություն ունեն սեռավարակների փոխանցման այլ ուղիներ եւս, օրինակ` չախտահանված բժշկական գործիքների, ներարկիչների ու ասեղների միջոցով, հղի կինը կարող  է վարակել պտղին ծննդաբերության ժամանակ կամ խնամելիս:
Բժշկուհին, քիչ շեղվելով թեմայից, ցավով խոսեց այն մասին, որ շատ կանայք այսօր ոչ միայն չեն հետեւում իրենց առողջությանը, այլեւ փորձում են սեփական մեթոդներով ազատվել ոչ ցանկալի հղիությունից: Վերջին շրջանում հղիության ընդհատման ձախողումից հետո բազմաթիվ կանայք են դիմել գինեկոլոգիական բաժանմունք: «Կանայք մեկը մյուսից լսելով ինչ որ դեղահաբերի մասին, որոնք վաճառվում են դեղատներում եւ նպաստում են արհեստական վիժմանը, առանց բժշկի թույլտվության ու ցուցումների գնում եւ օգտագործում են դրանք, երբեմն էլ` գերդոզավորված: Արդյունքում տեղի է ունենում սուր արգանդային արյունահոսություն, ինֆեկցիայի տարածում, եւ կինը կանգնում է առողջական լուրջ խնդիրների առաջ»,-ցավով նշում է Գ.Առաքելյանը:
Իմ այն հարցին, որ գուցե մեր կանանց պակասում է տեղեկացվածությունը, բժշկուհին հավաստիացրեց, որ յուրաքանչյուր կոնսուլտացիայի ժամանակ իրենք ոչ միայն տեղեկատու բրոշյուրներով, այլեւ` ՆՕՎԱ ծրագրի շրջանակներում պահպանակներ են բաժանում կանանց` անհրաժեշտության դեպքում: Ինչեւէ, անգամ ինֆորմացված լինելու դեպքում էլ սեռավարակները շարունավում են ավելի ու ավելի տարածվել: Երբեմն որտե՞ղ պետք է փնտրել ակունքը, որից սկիզբ է առնում ու տարածվում չարիքը:
Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Տեր-Հովհաննիսյանը հավատացնում է, որ շատ տղամարդիկ ամաչում են մտնել դեղատուն եւ պահպանակ գնել: Նրանից տեղեկացանք նաեւ, որ այս խնդիրը կարգավորելու համար 2009թ.-ին Հայաստանում (ոչ հասարակական վայրերում) կտեղադրվեն պահպանակ վաճառող սարքեր, դրանք կկոչվեն SS (save sex): Սա կնպաստի տղամարդկանց կողմից պահպանակների օգտագործմանն ու կկանխի սեռավարակներով վարակվելու վտանգը:
Նշենք որ, 2004-2007թ.թ. պահպանակների վաճառքն աճել է մոտ 6 անգամ: Սա արդեն իսկ առաջընթաց է: Ինչպես գիտենք, Հայաստանում սեռավարակների դեմ պայքարի ծրագրեր են մշակում ու իրագործում Հայական Կարմիր Խաչի ընկերությունը, մի շարք ՀԿ-ներ, որոնք հետապնդում են միայն մեկ նպատակ` կանխարգելել սեռավարակների տարածումն ու հնարավորին չափով ապահովել բնակչության առողջ ապրելակերպը:
Հուսանք, որ այդ ծրագրերը կտան սպասված արդյունքը, կնպաստեն առողջ սերնդի ձեւավորմանը:

Աննա ՄԱՆԱՍՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *