ՍԵՐ ԵՎ ՆՎԻՐՈՒՄ

«Լավ հասարակության մեջ բարի մարդիկ պիտի ծառայեն իբրեւ օրինակ, իսկ չարերը` իբրեւ խրատ»: Հասարակությունն այսպես պիտի գնա ինքնամաքրման:
Բարեծնունդ, ազնիվ ու աշխատասեր Ժորա Մուշեղի Խուրշուդյանն այն անհատներից է, որն ունի բարի մարդու համբավ: Իր ապրած կյանքում նա միայն բարի գործեր է արարել: Սյունեցի է, ծնվել է Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում (սերում է Հասրաթյանների հայտնի տոհմից):

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: 1948 թ.-ին ընդունվել է Երեւանի լեռնամետալուրգիական տեխնիկումը, որտեղից 1951 թ.-ին զորակոչվել է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է նույն տեխնիկումում, որը գերազանցության դիպլոմով ավարտել է 1956 թ.-ին եւ աշխատանքի անցել Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատի լեռնային արտադրամասում որպես էլեկտրատեխնիկական ծառայության պետ: 1962 թ.-ին հեռակա ուսուցմամբ ավարտել է Հյուսիսային Կովկասի լեռնամետալուրգիական ինստիտուտը (ք.Օրջոնիկիձե), իսկ 1966 թ.-ին` ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը (ք. Մոսկվա): Ունենալով լեռնամետալուրգի մասնագիտություն եւ կուսակցական բարձրագույն կրթություն` մի շարք պատասխանատու աշխատանքներ է կատարել հանրապետության տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում, շուրջ 3 տարի ղեկավարել է Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատի կուսակցական կազմակերպությունը: Այնուհետեւ աշխատել է Դաստակերտի պղնձամոլիբդենային ու 1966 թ.-ից` Զոդի ոսկու հանքերի կոմբինատների գլխավոր մեխանիկի պաշտոնում, ապա տեղափոխվել «Հայոսկի» արտադրական միավորում` նույն պաշտոնով: Հետագայում զբաղեցրել է գունավոր մետալուրգիայի վարչության Զոդի երկրաբանական հետախուզական արշավախմբի «Հետախուզական» (շախտայի) հորանի պետի պաշտոնը: Իր մասնագիտական գործունեության ընթացքում արտադրության մեջ ներդրել է 56 նորարարական առաջարկություն, որոնց շնորհիվ բարձրացել է ստորգետնյա փորվածքներում կատարվող աշխատանքների արտադրողականությունը եւ հիմնական փորվածքներում մեքենայացվել ձեռքի ծանր աշխատանքը` տնտեսությանը բերելով զգալի եկամուտ: Գունավոր մետալուրգիայի համակարգում ճանաչվել է որպես լավագույն նորարար` արժանանալով մի շարք պատվոգրերի, իսկ Հայաստանի նորարարների ու գյուտարարների հանրապետական միության ու գիտատեխնիկական ընկերության կողմից` շնորհակալագրերի ու արժեքավոր այլ պարգեւների:
Ժ. Խուրշուդյանի կյանքի երկրորդ շրջանն սկսվեց 1989 թ.-ից, երբ վճռական փուլ մտավ ազգային-ազատագրական պայքարը, երբ ռմբակոծվեցին Հայաստանի սահմանամերձ գյուղերը եւ մեր հայրենակիցները բռնագաղթեցին իրենց բնակավայրերից: Ժորա Խուրշուդյանը Երեւանում նախաձեռնող խմբի հետ ստեղծեց «Սիսական» հայրենակացական միությունը` դառնալով կազմակերպության հիմնադիր նախագահը: Ակտիվորեն մասնակցեց կազմակերպության ծրագրային դրույթների իրականացմանը: Ծանր օրեր էին, իսկ ծառացած խնդիրները` բազմաթիվ ու բազմաբովանդակ. նախ անհրաժեշտ էր Երեւանում հավաքագրել երեւանաբնակ սիսիանցիներին, նրանց մասնակից դարձնել հայրենի շրջանի սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը: Ժորա Խուրշուդյանի գործուն մասնակցությամբ կազմակերպվեց նյութական եւ դրամական օգնություն` հիվանդանոցներում բուժվող ազատամարտիկներին, զոհված մարտիկների ընտանիքներին, իսկ սահմանում կռվող տղաներին` սնունդ, ծխախոտ, տաք հագուստ ու այլ անհրաժեշտ պարագաներ էին առաքվում: Նյութականից զատ անհրաժեշտ էր նաեւ բարոյական աջակցություն: Այդ նպատակով հրատարակեց «Ձայն Սիսական» թերթը, որտեղ հրատապ հոդվածներով իրազեկվում էր ազգային-ազատագրական պայքարը, ակնարկաշար էր տպագրվում մարտնչող տղաների մասին:
2001 թ.-ին Ժորա Խուրշուդյանի եւ Հրաչ Զոհրաբյանի համահեղինակությամբ հրատարակվոց «Սիսականի արծրվներ» գիրքը, որն ամբողջապես նվիրված էր Ազատամարտին մասնակցած եւ զոհված սիսիանցիներին: 2002 թ.-ին լույս ընծայեց նույնանուն օրացույցը` արցախյան պատերազմում զոհված սիսիանցի ազատամարտիկների լուսանկարներով եւ համառոտ կենսագրականով: 2003-ին Ժ. Խուրշուդյանի ջանքերով ստեղծվել է «Փառքի վահանակ»` իր ուրույն տեղը գտնելով «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, իսկ 2004 թ.-ին Ախլաթյան գյուղի դպրոցի պատին հանդիսավոր պայմաններում փակցվեց նույն դպրոցի շրջանավարտ, ղարաբաղյան ազատամարտի նահատակ Ժորա Հակոբյանի հուշատախտակը:
2007-ին Ժորա Խուրշուդյանի գործուն մասնակցությամբ  հայրենի Ախլաթյան գյուղում տեղադրվեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողը:
Եվ պատահական չէ, որ Ժ. Խուրշուդյանի կատարած հայրենասիրական գործերն իրենց արժանի տեղը գտան «Հայկական հանրագիտարան» հրատարակչության կողմից լույս ընծայված «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ` 1988-1994 թ.թ.» գրքում: Այն, ինչ արել է, արել է հոգու մղումով, որն էլ գնահատվել է հավուր պատշաճի. ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առընթեր հայրենակցական միությունների եւ կազմակերպությունների խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունենալու համար պարգեւատրվել է ԱԺ նախագահի պատվոգրով:
Անվանի սիսիանցին պարտքի եւ պատասխանատվության խորին զգացումով հանձն առավ անմահացնել նաեւ իր գյուղն ու գյուղի հայտնի մարդկանց պատմություհը եւ 2007-ին լույս ընծայեց «Գյուղ Ախլաթյան» գրքույկը,  իսկ 2009-ին տոհմի երախտագետ որդին վերծանեց եւ ամբողջացրեց իր տոհմի` «Հասրաթյանների տոհմապատում» պատմավավերագրական ժողովածուն: Նրա բազմաթիվ հոդվածները տպագրվել են «Հայաստանի Հանրապետություն», «Հայ զինվոր», «Առավոտ», «Երկիր», «Պղնձի համար», «Ձայն Սիսական», «Որոտան» թերթերում: Հրատարակության է պատրաստում Ախլթյան գյուղի դպրոցի 120 ամյակի մասին պատմող հերթական գրքույկը, որն ընթերցողի դատին կհանձնի ս/թ. սեպտեմբեր ամսին: Նրա նախաձեռնությամբ եւ ակտիվ ջանքերով է «Որոտան» թերթում սկիզբ առել «Ճանաչենք մեր հայրենակիցներին» խորագրով հրապարակումների շարքը` փորձելով ակտիվ պահել  ծննդավայրի հետ կապը եւ սիսիանյան  հանրային-հասարակական կյանքի  անցուդարձին հաղորդակից դարձնել նաեւ երեւանաբնակ սիսիանցիներին:
Նրա ուշադրության կենտրոնում է երիտասարդ սերնդի կրթահայրենասիրական դաստիարակությունը, ինչն իրողություն է դարձնում երիտասարդներին «Սիսական» ՀԿ-ի շարքերում ներգրավելով, աշխատանքային կապ ստեղծելով Սիսիանի տարածաշրջանի դպրոցների, մշակույթի օջախների, գյուղական համայնքների, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ, որտեղ սովորում է 32 սիսիանցի:
«Սիսական» ՀԿ նախագահ Ժորա Խուրշուդյանը նոր խանդավառությամբ ու նորանոր ծրագրերով շարունակում է հայրենասիրական իր ակտիվ գործունեությունը` ի սեր հայրերնիքի եւ ի նպաստ ժողովրդի:

Գոհար ԳԱՐՈՒՆ
«Սիսական» ՀԿ պատասխանատու քարտուղար, բանաստեղծուհի

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *