ՍԵՒ ԳՈՒՅՆԸ ՄԵՐԺԱԾ ՆԿԱՐԻՉԸ. ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի 80-ամյա հոբելյանի առթիվ Սանկտ-Պետերբւրգում լույս է տեսել արվեստագետի` առավելապես վերջին տասը տարիների ընտացքում ստեղծած գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները ներկայացնող պատկերազարդ ալբոմը:
Ներածական հոդվածի, նաեւ գիրքը եզրափակող, բազմաթիվ լուսանկարներով ուղեկցվող կենսագրական ընդարձակ ակնարկի հեղինակն է Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության եւ Գիտությունների ու արվեստների Պետրոսյան ակադեմիայի անդամ Սերգեյ Լեւանդովսկին:
 Գիրքը հաճելի անակնկալ է արվեստի սիրահարների ու գիտակների , բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն հայկական եւ ռուսական արդի նկարչության հանդեպ:

Զաքար Խաչատրյանը մարդկային եւ ստեղծագործական հարուստ, դժվարություններով ու փորձություններով, բայց երջանիկ, բախտավոր պահերով, գեղարվեստական նվաճումներով լի կյանք է ունեցել:
Նա ծնվել է 1924-ին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Հայրը` ստալինյան բռնությունների զոհ Ավագ Խաչատրյանը, թեեւ հասարակ աշխատավոր էր,սակայն ազատ ժամերին սիրում էր զբաղվել փայտի, քարի եւ մետաղի գեղարվեստական մշակմամբ: Դրա շնորհիվ սկիզբ են առել ու դաստիարակվել Զ. Խաչատրյանի եւ նրա կրտսեր եղբոր` այսօր արդեն ճանաչված քանդակագործ Արտաշես Հովսեփյանի գեղագիտական ճաշակը, սերը գեղեցիկի, արվեստի հանդեպ:
1941-ին Զ. Խաչատրյանն ավարտում է Գորիսի մանկավարժական ուսումնարանը եւ աշխատանքի ընդունվում գյուղական դպրոցում: Նույն տարվա նոյեմբերին, դեռ տասնութը չբոլորած պատանին կամավոր մակնում է ռազմաճակատ, անցնում դժվարին ուղի Սեւ ծովից մինչեւ Օդերի ափերը, երեք անգամ ծանր վիրավորվում է ու հրաշքով ողջ մնում:
Հայրենիք վերադառնալուց հետո` 1946-1948թթ., Զ. Խաչատրյանը  սովորում է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, ապա` Գեղարվեստի պետական ինստիտուտում: Հետո տեղափոխվում է Լենինգրադի Ի.Ե. Ռեպինի անվան նկարչության, քանդակագործության  եւ ճարտարապետության ինստիտուտ` աշակերտելով ռուս անվանի վարպետներ Բորիս Յոգանսոնին եւ Ալեքսանդր Գերասիմովին:
1956-ին Զ. Խաչատրյանը գերազանցությամբ ավարտում է ինստիտուտը: Նրա դիպլոմային աշխատանքը` «Ալագյազի արոտավայրերում» կոմպոզիցիոն մեծադիր, բազմաֆիգուր յուղանկարը արժանանում է մասնագետների բարձր գնահատականներին:
Մեկ տարի անց Զ. Խաչատրյանն ընտրվում է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, մտնում ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Ա. Գերասիմովի անհատական արվեստանոցը, ուր ստեղծում է  մի շարք թեմատիկ պատկերներ, այդ թվում ` հայ գյուղացիներին ու բանվորներին նվիրված «Ձուլողը», «Հայաստանի լեռներում», «Որոտանը սանձող մարդիկ» մեծադիր կտավները: Նույն ժամանակ է ստեղծվել նաեւ Զ. Խաչատրյանի պորտրետային առավել հաջող գործերից մեկը` «Ալեքսանդր Գերասիմովի դիմանկարը»1960:
1960-ական թթ. Զ. Խաչատրյանն ապրում եւ ստեղծագործում է Հայաստանում: Սիսիանում, հայրական տան հարկի տակ, նա կազմակերպում է գեղարվեստական դաստիարակության մանկական դպրոց ու պատկերասրահ, կերպարվեստի դասեր տալիս նկարչական շնորհքով օժտված երեխաներին:
Մի քանի տարի Զ. Խաչատրյանը ղեկավարում է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գրաֆիկայի ամբիոնը: Գեղանկարչության տարբեր ժանրերին ազատորեն տիրապետող նկարիչն այդ տարիներին նախապատվությունը տալիս է բնանկարին, վրձնում հին եւ միջնադարյան հայ ճարտարապետական կոթողների մոնումենտալ ուժն ու բարեձեւությունն ընդգծող կտավներ («Սպիակավոր եկեղեցին», 1961, «Սիսիավան եկեղեցին հին Սիսիանում», 1965, «Ղոշուն-դաշ (Զորաքար)», 1967, «Թանահատի վանքը: Սիսիան»,1968 եւ այլն):
Խճանկարի տեխնիկայով նրա կատարած գունագեղ պաննոները հարդարում են Երեւանի հասարակական շենքերի ներքին պատերը, ձուլվում մայրաքաղաքի ճարտարապետական միջավայրին:
Կրկին տեղափոխվելով Լենինգրադ, Զ.Խաչատրյանը սերտ կապերի մեջ է մտնում հայրենիքի, հարազատ ժողովրդի, ազգային մշակույթի հետ, անընդհատ յուրացնում եւ նորովի զարգացնում է հայ կերպարվեստի դասականների` Եղիշե Թադեւոսյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի եւ այլոց ստեղծագործական ավանդույթները, մտերիմ հարաբերություններ պահպանում ավագ ու կրտսեր իր սերնդակիցներ Հովհաննես Զարդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Հովհաննես Մինասյանի, Նիկոլայ Քոթանջյանի, Մինաս Ավետիրսյանի եւ ուրիշների հոտ:
Դեռեւս ուսանողական նստարանից Զ.Խաչատրյանն առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում իմպրեսիոնիզմի նկատմամբ: Լենինգրադի Էրմիտաժում եւ Հայաստանի պետական պատկերասրահում նա բարեխղճորեն  պատճենահանում է Ֆրանսիացի իմպրեսիոնիստների ու հետիմպրեսիոնիստների` Մոնեի, Ռենուարի, Սիսլեյի, Բոննարի, Վան Գոգի, Մատիսի եւ այլոց ստեղծագործությունները, որոնց հեռավոր ու մոտ, հստակ ու աղոտ արձագանքները նկատելի են նրա առանձին աշխատանքներում («Պատկառուկներ», 1968, «Ձմեռ»,1969, «Փողոց հին Երեւանում», 1969, «Աշուն: Ծաղկաձոր», 1978, «Երեւանի ծայրամասը», 1980, «Ժնեւյան լիճը», 1993, «Սեւ գետակ: Գիշեր», 1998 եւ այլն):
Կենտրոնանալով լուսավորության, լույսի եւ գույնի հարաբերության խնդիրների վրա, Զ.Խաչատրյանն աստիճանաբար մաքրում, թարմացնում ու պայծառացնում է իր ներկապնակը: Նկարչին հաջողվում է լուսաօդային բաց մթնոլորտում, ուժեղ լույսի տակ կամ լույսի դիմաց դիտվող օբյեկտներն ու առարկաները գրեթե ամբողջապես «նյութազրկել, ազատել մարմնեղեն թանձր թաղանթից, դրանք լուծանել ու թարրալուծել լուսաթափանց ու լուսաշաղախ տարածության մեջ:
Իմպրեսիոնիստական մեթոդը Զ.Խաչատրյանի արվեստում առավել ցայտուն դրսեւորվում է հատկապես 1980-ական թ.թ., երբ նկարիչը մեկնում է Ղրիմ, ուր ծովափնյա վայրերից մեկում Սեւ ծովը լուսաբացին ներկայացնող էտյուդներ է վրձնում («Արեւածագը Սեւ ծովի վրա», 1984, «Ծովն ու արեւը», 1984, «Սեւ ծով: Կեսօր», 1986 եւ այլն): Չափազանց արագ կատարված այդ պաստելներում ու սակավաթիվ յուղաներկ կտավներում Զ.Խաչատրյանին հաջողվում է հաղորդել օդի թարմությունն ու խոնավ շունչը, երկնքի ու ջրի միջեւ ընկած, նորածին լույսով թաթախված խոր ու լայնարձակ տարածությունը, ջրերի վրա ճոճվող-ճաճանչվող` յասամանագույն, փիրուզե, ոսկյա նրբերանգներից կարծես թե հյուսված մշուշի քողը: Զ.Խաչատրյանի այս աշխատանքները Ս.Լեւանդովսկին իրավամբ համարում է «նոր խոսք» բնանկարի, մասնավորապես` ծովանկարչության մեջ:
Իմպրեսիոնիստական մեթոդը նկարիչը հաջողությամբ է կիրառում ինչպես բնության տեսարաններում, այնպես էլ քաղաքային ու գյուղական մոտիվներ ներկայացնելիս: Մի ամբողջ նկարաշար են կազմում նախկին Լենինգրադի, մերօրյա Պետերբուրգի տեսարժան վայրերին, պատմական ու մշակութային հուշարձաններին, ճարտարապետական կոթողներին, առափնյա փողոցներին ու շինություններին նվիրված աշխատանքները:
Իր բազմաթիվ բնանկարներում վերարտադրելով այս կամ այն տեսարանի տեղագրական մանրամասները,  Զ.Խաչատրյանը շեշտում է բնությունից ստացած առաջին տպավորությունը, հուզականություն հաղորդում բնապատկերին, գրանցում պահի անկրկնելի գրավչությունը: Հետեւելով Իմպրեսիոնիստների օրինակին, նա կտավներից վտարում է սեւ գույնը` որպես դառնության ու տրտմության խորհրդանիշ:
Բնական նախաստեղծ գեղեցկության հանդեպ իր զարմանքն ու հիացմունքը նկարչին արտահայտում է ոչ միայն բնության տեսարաններում, այլեւ բազմաթիվ ծաղկային նատյուրմորտներում («Թրաշուշաններ», 1956, «Վարդակակաչներ», 1961, «Վարդեր», 1981, «Դաշտային ծաղիկնե», 2001, «Աստղածաղիկներ», 2003 եւ այլն), որոնք շարունակում եւ զարգացնում են հայ նկարչության «սարյանական գիծը»: Հյութեղ ու հնչեղ գույների կենսուրախ, կայտառ դաշնաձայնությամբ աչքի ընկնող այս կտավներից մի քանիսը նա նվիրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին:
Չնայած պատկառելի տարիքին եւ ստեղծագործական լարված կյանքին, Զ.Խաչատրյանը զբաղվում է նաեւ հասարակական ակտիվ գործունեությամբ: Նա ՌԴ նկարիչների միության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի նկարչության բաժնի վարչության անդամ է, Պատերազմի վետերանների խորհրդի նախագահ, Գիտությունների եւ արվեստների Պետրոսյան ակադեմիայի իսկական անդամ:
Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, արտասահմանյան երկրներում: Նկարչի գործերից շատերը պահվում են Երեւանի, Մոսկվայի, Պետերբուրգի, աշխարհի զանազան քաղաքների պատկերասրահներում, գեղարվեստական թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:
Լինելով համեստ եւ ազնիվ, կիրթ ու հմայիչ, մարդկանց կարեկցող, լավատես անձնավորություն, Զ.Խաչատրյանն անտարբեր չէ շատերիս հուզող հասարակական ու բարոյական հրատապ խնդիրների նկատմամբ: Նակրչի խոսքերով, «իրավիճակն այսօր տագնապալի է: Հատկապես մտահոգում են բարոյական անկումը, պետության եւ հասարակության կողմից մշակույթի հանդեպ անտարբեր ու խորթ վերաբերմունքը: Հոգեւոր սննդի կարիքը չգիտակցող, բարոյալքված իրականության մեջ մարդը կենդանական բնազդների եւ ամենաստոր կրքերի խաղալիք է դառնում»: Դրանում Զ.Խաչատրյանը դժբախտություն ունեցավ համոզվելով սեփական փորձով. 2004-ի մայիսին թալանվեց եւ ապականվեց նրա հայրական տունը հարազատ Սիսիանում: Անհետացան թանկարժեք իրեր, նկարչի արխիվը, բազմաթիվ փաստաթղթեր ու լուսանկարներ, տարիների ընթացքում ստեղծված տասնյակ կտավներ: Բայց, ինչպես Ջիվանին է ասում, «ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»:
Սիսիանի բնակիչները սիրով ու ջերմությամբ են վերաբերվում իրենց շնորհաշատ հայրենակցին, հպարտությամբ խոսում նրա մասին: 1998-ի նոյեմբերին Սիսիանի Գեղարվեստական դաստիարակության մանկական դպրոցն ու պատկերասրահն անվանակոչվել են Զ.Խաչատրյանի անունով: Իսկ 2004-ին, հաշվի առնելով նկարչի վաստակը Սիսիանի գեղարվեստական կյանքի կազմակերպման եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում, նրան շնորհվել է Սիսիանի համայնքի պատվավոր անդամի կոչում:
2005-ի գարնանը ուրախալի լուր եղավ Ռուսաստանից. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ ՌԴ Նախագահ Վ. Պուտինի հրամանագրով, ի թիվս պատերազմի ակտիվորեն մասնակցաց այլ նկարիչների, պատվավոր կոչման է արժանացել նաեւ «Կարմիր Աստղ», Հայրենական պատերազմի 1-ին եւ 2-րդ աստիճանների շքանշանների, «Արիության համար», «Բեռլինի գրավման համար» եւ այլ մեդալների ասպետ Զ.Խաչատրյանը: Այսուհետեւ նա ոչ միայն Հայաստանի, այլեւ` Ռուսաստանի վաստակավոր նկարիչ է:
Մնում է շնորհավորել եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթել կյանքի երկար ճանապարհ անցած, սակայն պատանեկան ավյունով լեցուն տաղանդաշատ արվեստագետին:

ԱՐԱՐԱՏ ԱՂԱՍՅԱՆ,
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն,
արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *