ՍԻ՛ՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ, ՍԻ՛ՐԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴ

Սա 2009-ի մեր անդրանիկ հանդիպումն է, որով էլ սկսվում է «Որոտան» անկախ թերթի տպագրության 12-րդ տարին: 12 տարին անկախ լրատվամիջոցի համար ոչ քիչ է , ոչ էլ` շատ: Ետ նայելու առումով այն մի ակնթարթ է, հարաճուն դժվարություններով լի մեր կյանքում` սեփական դիմագիծը չկորցնելու, դավանած արժեքներին հավատարիմ մնալ կարողանալու, չծռվել-չծնկելով ապրելու առումով` շատ, բայց նաեւ` կարեւոր:
Տարիքը` տարիք, սակայն մեզ թվում է, ամենակարեւորը, որ կար ու կա մեր եւ Ձեր միջեւ, փոխադարձ վստահությունն ու հավատն է: Միանշանակ է, որ անվերապահ չենք ընդունվել եւ չենք ընկալվել, համոզված ենք, որ միշտ չէ, որ «ախորժելի» ենք եղել, բոլոր ընթերցողների հետաքրքրասիրությունը բավարարել ու բոլորի սրտից խոսել, բայց համոզված ենք, որ հենց այդպես ենք հարթել մեր ուղին, ու դա է, որ դու գնահատում ես, քանի որ թանկ ու նվիրական է այն ճանապարհը, որը սեփական ուժերով է բացվում ու հարթվում:
Դառնալով մեր բաժանորդը, մեր ընթերցողը` դու երաշխավորել եւ երաշխավորում ես թերթի լինելիությունը, ինչն էլ մեզ պարտավորեցրել եւ պարտավորեցնում է հավատարիմ մնալ լրատվամիջոցի դերին ու կոչումին: Քեզանից ենք ներշնչվել, քեզ վստահելով ենք ստեղծել 12-ամյա մեր տարեգրությունը եւ քեզ ապավինելով ենք սկսում մեր ոտնամուտը նաեւ 2009-թ.: Վստահ ենք, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հոգու եւ հոգեւորի «ճգնաժամ» չի առաջացնի մեր եւ Ձեր միջեւ: Հավատում ենք, որ անակնկալներով լի երկար ճանապարհ ունենք դեռ միասին անցնելու… իսկ քո իմաստությունն ու խոհեմությունը թող մեր ճանապարհի լույսը լինի…

Սիրով` «Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *