ՍԻՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ Է ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԻՆՔԸ ՀԶՈՐ Է, ԱՄՈՒՐ Է. ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Յուրաքանչյուր պետություն ունենում է իր ապրելու ձեւը, իր ճանապարհը, իր զարգացման ուղին, այլ խոսքով` իր մայր օրենքը` Սահմանադրությունը:
Մեր երկրի զարգացման, առաջընթացի համար մենք էլ պիտի ունենանք նոր ժամանակների պահանջին համապատասխան սահմանադրություն: Սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը կարեւոր փաստաթուղթ է բոլորիս համար, ոչ միայն` երկիրը ղեկավարողների, այլեւ` յուրաքանչյուրիս համար: Սահմանադրությունն իդեալական չէ, եւ չի կարող լինել, բայց բազում-բազմաթիվ առավելություններ ունի, եւ անհամեմատելի է գործող սահմանադրության հետ, ինչպես որ գործողն էր անհամեմատելի նախորդ` սովետական հիմունքներով գրված սահմանադրության հետ:
Երկրի Սահմանադրությունը պիտի ժամանակին համահունչ լինի:
Անշուշտ, բոլորս ենք հիշում, որ Անկախության Հռչակագիրն ընդունելուց հետո որոշ ժամանակ մեր երկրի Գերագույն խորհուրդը դեռեւս առաջնորդվում էր սովետական օրենքներով: Հետո ժամանակի պահանջ դարձավ նոր սահմանադրությունը, ինչը եւ ընդունվեց 1995-ին: Լավն էր, վատն էր, դա չէ էականը. մայր օրենք պիտի լիներ, որով երկիրը պիտի առաջնորդվեր: Հետագայում, իհարկե, հնարավոր եղավ փոփոխություններ կատարել այդ սահմանադրության մեջ` այն համապատասխանեցնելով նոր ժամանակների պահանջներին:
Հիմա էլ է սահմանադրական բարեփոխումները ժամանակի պահանջ:
Վկայակոչեմ նոր նախագծի միայն մեկ առավելությունը, ինչը որպես քաղաքացի, որպես պատերազմում հաղթած սերնդի ներկայացուցիչ եւ որպես պաշտոնյա, առավել կարեւորում եմ. մեր երկրի պատմության նախագահական 5 ընտրություններից հետո երկիրը բաժանվել է երկու մասի եւ հայտնվել է անկայուն, քաոսային վիճակում: Ու մենք էն հաղթանակած երկրից վերածվել ենք թույլ, անկայուն, չզարգացող երկրի: Նոր սահմանադրության առաջին եւ կարեւորագույն խնդիրը համարում եմ այն, որ նախագահական ընտրությունները որպես այդպիսին այլեւս չեն լինելու:
Այս հանրաքվեն տարբերվում է մյուս բոլոր հանրաքվեներից եւ ընտրություններից: Սա ընտրություն չէ անձերի միջեւ, եւ անձերի խնդիր չէ, որ որեւէ մեկին հավանենք կամ` չհավանենք: Սա այն ընտրությունն է, երբ մեզանից յուրաքանչյուրը ինքն է որոշում իր ապագան, իր վաղվա օրը: Եվ բոլորս քաջ գիտակցում ենք, որ Սահմանադրությամբ երկիր է ներկայանում, երկիր է ճանաչվում: Այդ փաստաթուղթը երկրի դեմքն է, հայելին է: Սա մեր երկրի եւ բոլորիս ապագայի խնդիրն է:
Հայաստանը զարգանալու, հզորանալու շատ հնարավորություններ ունի: Դրսի ներդրողների համար Հայաստանը խոպան է, բայց գործող սահմանադրությունը սահմանափակումներ է դնում նրանց առջեւ: Այսօր այդ ներդրումների կարիքը ավելի շատ մենք ունենք, քան` իրենք, բայց այդ ամենը պիտի փաստաթղթով երաշախավորվի: Իսկ սահմանադրական բարեփոխումները ընդլայնում են այդ հնարարավորությունները:
Սիրելի սիսիանցիներ, հավաստիացնում եմ, որ դուք ինձ համար թանկ եք, ես դա պատերազմում եմ տեսել, արժանի մնացեք այդ նկարագրին, եւ ձեր վճռական այո-ն ասեք սահմանադրական բարեփոխումներին: Սիսական աշխարհը իր պատմությամբ է ապացուցել, որ ինքը հզոր է, ամուր է, եւ ուզում եմ, որ մեր առջեւ դրված խնդիրը պատվով լուծենք:

 R. Հոդվածը տրամադրել է Սահմանադրական բարեփոխումների ԱՅՈ-ի` Սիսիանի քարոզչական շտաբը

26.11.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *