ՍԻՍԻԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻՆ

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրը, որի նպատակը մարզային քաղաքների ստեղծագործական ներուժի զարգացմանն օգնելն է, «Ստեղծարար քաղաքներ եւ մարզեր» նախաձեռնության շրջանակում, հայտարարել էր մրցույթ: Մասնակցելու հայտ ներկայացրած 14 մարզային քաղաքների եւ մարզերի միջեւ մրցույթում հաղթող էր ճանաչվել Սիսիան քաղաքը: Ունենալով մշակութային ազդեցիկ եւ հարուստ ժառանգություն, այնուամենայնիվ, Սիսիանը պատշաճ ներկայացված չէ Հայաստանի մշակութային եւ զբոսաշրջային քարտեզի վրա:

Օրերս Սիսիանում էին ծրագրի ներկայացուցիչներն ու փորձագետները, ովքեր ուսումասիրում եւ քարտեզագրում են Սիսիանի՝ մշակութային ժառանգությունն ու ստեղծարար հնարավորությունները:

Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի հայաստանյան համակարգող Նորայր Երզնկյանը նշեց, որ ծրագիրը եռամյա է, սկսել է 2015-ին եւ ավարտվելու է 2018-ին: Այն ներկայացնում է Բրիտանական խորհրդի կողմից գլխավորած կոնսորցիումով, համակարգելով Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Գյոթեի ինտիտուտի եւ Լեհաստանի ազգային մշակույթի կենտրոնի հետ:

Ծրագիրը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում մշակութային և ստեղծարար արդյունաբերության զարգացմանն աջակցող ծրագրերի շնորհիվ փորձում է մեծացնել դրանց ներդրումը սոցիալ-տնտեսական զարգացման մեջ: Նորայր Երզնկյանը հավելեց, որ այս նախաձեռնության շրջանակում ժամանակակից մեթոդաբանությամբ Սիսիանում անցկացվում են քարտեզագրման աշխատանքներ: Արեւելյան գործընկերության և ԵՄ երկրների փորձագետների եւ մասնագետների հետ աշխատանքի արդյունքում կձեւավորվի քաղաքի կարողությունների զարգացման փաթեթ: Ծրագրի շրջանակում հատուկ ուշադրություն կդարձվի քաղաքի մշակութային եւ ստեղծարար ոլորտների զարգացմանը` առաջարկելով քայլերի հերթականություն մշակութային կյանքի աշխուժացման, զբոսաշրջության զարգացման եւ այլ համայնքների հետ կապերի ձեւավորման համար:

Նորայր Երզնկյանը նշեց, որ Սիսիանից ստացված հայտը գրված էր շատ գրագետ, ամբողջապես համապատասխանում էր մրցույթի պահանջներին, հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ տարիներ շարունակ Սիսիանին շատ քիչ ուշադրություն է դարձվել այն դեպքում, երբ Սիսիանում առկա է այնպիսի ներուժ, որը կարող են զարգացնել: «Մեր փորձագետն ուսումնասիրում է այն ներուժը, որն առկա է քաղաքում, կփորձենք ծրագրի միջոցով ավելի լավ փաթեթավորված ներկայացնել այն: Սիսիանում կան ակտիվ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են իրենց քաղաքը տեսնել ավելի բարեկարգ, ավելի զարգացած: Որպեսզի ամբողջ ներուժը, որը քաղաքում գոյություն ունի, գտնի իր սպառումը, պետք է զարգացնել ենթակառուցվածքները»,-ասաց Նորայր Երզնկյանը, այս առումով կարեւորելով նաեւ Սիսիանի համայնքապետարանի աջակցությունը:

«Սա իմ երկրորդ այցելությունն է Սիսիան, առաջինի ժամանակ ուղղակի օրակարգն էինք մշակում, այս քննարկումների ժամանակ բացահայտցի, որ կան հյուրատներ՝ տուրիստների հոսքը ապահովելու համար, տեղեկացա, որ բացի խեցեգործությունից, կան մարդիկ, ովքեր զբաղվում են փայտի, քարի մշակմամբ, կան թանգարաններ, արտադպրոցական ստեղծագործական կենտրոններ, եւ պարզապես մշակութային մարդիկ, ովքեր նախանձախնդիր են իրենց քաղաքի մշակույթը եւ ստեղծարար ուժը ներկայացնելու մեջ»:

Խոսելով ծրագրի սպասելիքներից, համակարգողը նշեց, որ ակնկալում են մի քանի արդյունք, որից հիմնականը մշակույթի եւ ստեղծարար ոլորտում բիզնես պլանի ներկայացումն է, որը կտրամադրվի Սիսիանի քաղաքապետարանին: Համագործակցություն կստեղծվի ծրագրում ընդգրկված քաղաքների, մարզերի միջեւ եւ 6 երկրների մամուլում կհրապարակվի Սիսիանի մշակութային կենտրոնների մասին ինֆորմացիա:

Սիսիանի քաղաքապետարանի կազմակերպական բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանը կարեւորեց այս ծրագիրը, քանի որ Սիսիանը հարուստ է մշակութային ժառանգությամբ, եւ այն կօգնի Սիսիանում առկա մշակութային ռեսուրսներն օգտագործել նաեւ Սիսիանի տնտեսության զարգացման համար: «Քանի որ այս պահին Սիսիանում արտադրությունն ու արդյունաբերությունը զարգացած չեն, կարող ենք օգտագործել մեր մշակույթը, մեր ստեղծարար ոլորտը, մեր ստեղծագործողների ներուժը, որպեսզի զարգացնենք եւ զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքիր եւ գրավիչ դարձնենք Սիսիանը»,- ասաց տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, հավելելով, որ համայնքապետարանը բաց է համագործակցել ոչ միայն նրանց, այլեւ՝ բոլոր գործընկերների հետ, ովքեր Սիսիանի զարգացման ջատագովն են:

«Որոտան»

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *