ՍԻՍԻԱՆԸ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ԿԱՏԱՐԻ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին շատ ժամանակ չի մնացել: Եվ ինչքան կրճատվում է ընտրության օր տանող ժամանակահատվածը, նախընտրական գործընթացներն այնքան հստակեցվում են, ուժերի դասավորումն ու վերադասավորումն այնքան կոնկրետանում է, այնքան տեսանելի են դառնում հավանական թեկնածուների հնարավորություններն ու դրա պակասը:

Մեծանում է նաեւ բնակչության հետաքրքրվածությունը ընտրույթունների, հավանական թեկնածուների շուրջ: Քննարկման հիմնական շեշտը դրվում է նրանց ուժեղ կամ թույլ լինելու հանգամանքին: Ընդհանուր եզրակացությունն այն է, որ Սիսիանը կանգնած է ոչ թե իրավիճակային, պատահական, անձնային շահերով թելադրված ընտրություն կատարելու երկընտրանքի առջեւ, այլեւ` ընդգծված ուժեղ եւ ընդգծված թույլ թեկնածուներ ընտրելու կոնկրետ փաստի առջեւ, քանի որ յուրաքանչյուր թեկնածու ինքն իրենով է ներկայանալու, եւ` ինքն իրենով է ներկայանալի: Մնացած արտաքին եւ ներքին հանագամանքներն, անշուշտ, դեր կունենան, բայց այս ընտրություններում հիմնական «դերաբաշխումը» լինելու է ընտրվողի` ով լինելու  եւ ընտրողի` համայնքի ինչպիսի ղեկավար ունենալու գիտակցության միջեւ, որովհետեւ փոխվել են ժամանակները, փոխվել է իրավիճակը, փոխվել է ընտրողը եւ փոխվել են պատկերացումները:
Այսօր նախընտրական զարգացումների այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որում չափազանց կարեւորվում է Սիսիանի համայնքապետի ով լինելը, նրա դերը, կարողությունները, ինտելեկտը, քանի որ նախորդ տարիներին այդ դերը եւ կերպարը նույնացվել է միայն անեկդոտի հերոսի կերպարի հետ, ինչը վայել չէ ինտելեկտուալ, մտավոր հարուստ ներուժի համբավ ունեցող քաղաքին, եւ Սիսիանը ցանկանում է իրեն վերադարձնել իր արժանապատիվ անունն ու հեղինակությունը` հզոր, կարող, ինտելեկտուալ, ինքնուրույն, գործնական եւ արժանապատիվ համայնքապետ ունենալով:
Մյուս կողմից` ժամանակն ինքն է դատավորը, եւ նա է հստակեցրել, պարզեցրել հավանական թեկնածուներից յուրաքանչյուրի կարողությունը, ունակությունը, ուժեղ կամ թույլ, ով կամ ինչպիսին լինելը: Անցած 10 տարին այն հայելին է, որը պարզորոշ արտացոլում է ընտրողի վստահության քվեն ակնկալող յուրաքանչյուր հավանական թեկնածուի քանդող կամ կառուցող, դատարկ խոսող կամ արժանապատվորեն  իր գործը կատարող լինելը: Սա հստակ պատկեր է` առանց կողմնակի միջամտությունների, գունազարդումների կամ գունազրկումների, ինչը տեսանելի է բոլորի համար եւ բոլորի կողմից:
Սիսիանը կանգնած է իր համար շատ կարեւոր ընտրություն կատարելու առջեւ, եւ այս ընտրությունը էական ու կարեւոր նշանակություն է ունենալու նաեւ սիսիանյան հասարակական, քաղաքական, ընկերային, հանրային կյանքում դեր ու կշիռ ունեցող ուժերի եւ անձանց համար:
Մի բան եւս ակնհայտ է. սա նաեւ Սիսիանի արժանապատվության ընտրությունն է:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Եվ մինչ Սիսիանի համայնքային իշխանությունը զբաղված է համայնքային սեփականության, նրա` մշակութային օջախների ծախծխմամբ, դեռեւս գտնվում են մարդիկ, որ ցանկանում են օգտակար լինել համայնքին, նպաստել հատկապես կրթամշակութային օջախների վերանորգմանն ու հիմնանորոգմանը:
Այս առումով, թերեւս, գեղարվեստի դպրոցի բախտը կարելի է բերած համարել, քանի որ վերջին 10 տարում, ինչպես առանձնակի խանդավառությամբ ասում է դպրոցի տնօրեն Հովիկ Իսաջանյանը, այն 3-րդ անգամն է հիմնանորոգվում:
Առաջին անգամ հիմնանորգվել է 1998–ին` Սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ: 2-րդ անգամ, պետբյուջեի ֆինանսավորմամբ, փոխվել է շենքի տանիքը 4 տարի առաջ, եւ ահա այժմ էլ Վիվա Սելի ֆինանսավորմամբ դպրոցի շենքը կրկին հիմնանորոգվում է: Հիմնանորգման համար բարերարը հատկացրել է ավելի քան 25 միլիոն դրամ: Ֆինանսավորումը իրականություն է դարձել դպրոցի ուսուցիչ Աշոտ Ավագյանի` Վիվա Սելի տնօրեն Րալֆ Իրիկյանի հետ ունեցած անձնական ծանոթության եւ կապերի շնորհիվ: Մյուս կողմից` բարերարն ինքն է ցանկություն հայտնել ֆինանասավորելու  Սիսիանի որեւէ մշակութային օջախի հիմնանորոգումը, որի արդյունքում եւ բերել է  հենց գեղարվեստի դպրոցի գեղագիտական բախտը:
Օգոստոսի սկզբներին արդեն իսկ սկսված հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Սանամենց» ՍՊԸ-ն (տնօրեն` Սամվել Օրդուխանյան): Ինչպես մեզ տեղեկացրեց Ս. Օրդուխանյանը, հիմնանորոգման արդյունքում ամբողջությամբ կջեռուցվի դպրոցի շենքը` մինի կաթսայատնով, կտեղադրվեն ժամանակակից պատուհաններ, կփոխվեն առաջին հարկի դռները, շենքի ներքին եւ արտաքին էլեկտրասնուցումը, կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքներ: Նախատեսված է հիմնանորոգումն ավարտել հոկտեմբերին: «Կանենք այնպես, որ հիմնանորոգումը չխանգարի դասերին,- ասում է դպրոցի տնօրեն Հ. Իսաջանյանը:- Սեպտեմբերին կանցկացնենք էտյուդային դասեր` դրսում, իսկ վատագույն դեպքում բաց թողնված դասերը կլրացվեն ձմեռային արձակուրդների հաշվին, մանավանդ որ շենքն ամբողջությամբ ջեռուցված է լինելու»:
Գեղարվեստի դպրոցը իր կոչումին ու դերին  վայել գեղեցիկ տեսքով կներկայանա ոչ միայն իր սաներին, այլեւ` այցելուներին:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *