ՍԻՍԻԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻ ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆՈՎ

Սիսական լեռնաշխարհ, Վուրգիս հայրենիք… Որքան խորհուրդ ունի ինձ համար ՍՅՈՒՆԻՔ լեռնաշխարհը:

Երբ Սիսիանի առաջին հիմնական դպրոցի տնօրեն Գոհար Սարգսյանից ստացա հրավեր՝  մասնակցելու Վուրգ Ոսկանյանի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, հասկացա, որ ժամն է  իմ հեղինակած «Հրամանատար Վուրգին» երգը այս անգամ հնչեցնել արդեն իր ծննդավայրում՝ Սիսիանում: 

Մեկ տարի առաջ այս օրերն էին, երբ համացանցում կարդացի Վուրգ Ոսկանյանի զինակից ընկերոջ՝ Ժիրայրի հիացական գրառումը Վուրգի ռազմական տաղանդի և գործունեության մասին, անկշռելիության վիճակը գերեց հոգիս, ուղեղիս մեջ Վուրգն էր ու միայն Վուրգը: Ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում թրծված հրամանատար Վուրգը իր տասնմեկ կորյունների հետ դարձավ լեգենդ:

…Մահդ իմացյալ անմահություն էր, Սիսականի լեռները՝ լռության մորմոքը ամպի մեջ պահած, անխոս աղոթքով ափսոսում էին քեզ ու քո առյուծ տղաների մահը, իմացյալ մահը: Ու քո աննկարագրելի սխրանքի մասին իմանալով՝ ազատություն տվեցի բառերիս …ծնվեց քո մասին երգը՝ այն փոքրիկ մինի սյուժեով, ինչով որ անցել էր քո անձնվիրական կյանքի ուղին:

…Սիսիանում քայլելիս՝ հողի ամեն մի կտորը ինձ Վուրգից էր պատմում: Հիացա Վուրգ Ոսկանյանի հիշատակը հարգող սիսականցիներով. նրանք պատրաստ են հանուն հայրենիքի տալ ամենաթանկը՝ իրենց կյանքը: Հասկացա՝ Սիսիանը Վուրգացած էր, իսկ աննկուն սիսականցին՝ Վուրգապաշտ:

Երանի նրան, ում բարուրի մոտ, սնարին Նախախնամության հավքն օծում էր ֆիդային: Չէ՞ որ մեր ազգն ունի այդ հավքը երկնքում: Ահա հայոց մայրերը առյուծներ են երկնում: Այսպես ապրեց Հայաստանն իր հին ու նոր քաջերով, ովքեր արդեն լեգենդ դարձած՝ Ազգ կերտեցին դարերով:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

27.04.2015

Մեկ Արձագանքման ՍԻՍԻԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻ ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆՈՎ համար

  1. SHAT GEXECIK HODVATS E ZETEXVATS… PARQY MER BOLOR HEROSNERIN, NRANCOV E EL AVELI HZORANUM HAYRENIQY… PARQ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *