ՍԻՍԻԱՆԸ ԴԱՐՁՐԵՔ ԱՐՈՏԱՎԱՅՐ` ՊՐԾՆԵՆՔ…

ՍԻՍԻԱՆՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ


Սիսիանի` չգործող «Որոտան» կինոթատրոնի բակում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբը/ այդպես էլ չպարզվեց` ով է շտաբի պետը/ մարզպետ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, հանդիպում էր կազմակերպել Սիսիանի ընտրողների հետ:

Նրան ուղեկցողների թվում էին ՀՀԿ տարածքային ենթաշտաբների պետեր Ջիվան Մարգարյանը, Հովիկ Ալեքսանյանը, Սամվել Թանգյանը: Բոլորի մեջ, սակայն, ամենաերջանիկը լայնաժպիտ դեմքով բարգավաճ Աղասն էր: Մարդը ո՞նց երջանիկ չլինի` համ` ԲՀԿ է, համ` ՀՀԿ է, համ` ՀՀԿ ենթաշտաբի պետ է, համ` քաղաքապետ է, համ` Սյունիքի մարզպետը «թույլ է տվել» նրան մի առժամանակ ընկերակցել իրեն: Երջանկության 100 վայրկյան. մի՞թե դա քիչ է նախաետընտրական խառը ժամանակներ ապրող ու Ծառուկյանին ոտի վրա քցող Աղասու համար:
Ուղեկցողների մեջ էր նաեւ նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը, ով պակաս երջանիկ չէր, քանի որ Աղասին իրենից վատը դուրս եկավ, եւ ինքը պիտի շնորհակալ լինի Աղասուց` այդպիսով քաղաքապետի անցյալի իր ռեյտինգը  բարձրացնելու համար:
Հանդիպմանը ներկա էր մոտ հարյուր մարդ: Մասնակիցներից մեկը, դիմելով «պոլիտբյուրոյի» կեցվածքով իրենց հետ հանդիման եկած հհկ-բհկ խառնածին շտաբիստներին, ասաց` «էս ներկաների մի մասը գերեզմանից է արձակուրդ վերցրել-եկել, դպրոցի դասատուներին, կոմունալի ու ջրմուղի աշխատողներին հանած, տակը մնում է մի քանի մարդ: Նրանցից մի քանիսն էլ մշտապես էստեղ հավաքվող եւ իրենց օրը կարտ խաղալով մթնեցնող թոշակառուներն են, մի քանիսը` տաքսու վարորդները, որ իրենց տաքսիները էստեղ են կանգնեցնում, ո՞ւմ համար եք հանդիպման եկել»: Մարզպետը, սակայն, խնդրում էր այս անգամ էլ ընտրել Սերժ Սարգսյանին, եւ այս անգամ Սիսիանի համար լավ է լինելու, գարնանից  սկսած է լավ լինելու:
Հանդիպումը, պարզվում է, պատահական չէր կազմակերպվել: Թարսի պես էս «խառը ժամանակներում» մեծ աղմուկ հանեց Սյունիքի մարզպետի եւ մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանի ստորագրած` Սյունիքի արոտավայրերը պարսիկներին  տրամադրելու«մութ գործարքը»  եւ, առաջ ընկնելով, որ ետ չընկնի, մարզպետը առաջինը ինքը խոսք բացեց թեմայի շուրջ` ասելով, որ չհավատան լրագրողներին, նրանք ախմախ-ախմախ բաներ են գրում, ինչ գրում են` սուտ է: «Հ1-ի՞ն էլ չհավատանք, էն էլ պաշտոնական լրատվամիջոց է»,- լսվեց ներկաներից մեկի ռեպլիկը: Հաճախ ժամացույցին նայելով եւ «ցրելով» մարդկանց` աշխատատեղով ապահովելու, ավանդները վերադարձնելու, վերամշակող ձեռնարկություն ստեղծելու, սոցիալական վատ պայմաններում ապրողների հարցադրումները եւ դրանք «նաղդելով» Ջիվանի, Աղասու, կոմունալի վրա, ՀՀԿ Սիսիանի տարածքային նախընտրական շտաբը սիսիանցի ընտրողների հետ հանդիպում անցկացնելու իր  պարտքը համարեց ավարտված: Այս անգամ էլ, ինչպես ասել են Սալվարդում կայացած հանդիպման ժամանակ` «ամեն անգամ գալիս եք խաբում-գնում»:
«Գերեզմանից արձակուրդ վերցրած» հանդիպման եկած մարդկանց  ով էլ ասես` կխաբի… էլ ուր մնաց` ՀՀԿ-ԲՀԿ խառնածին շտաբականնե՞րը չխաբեն…
-Սիսիանը դարձրեք արոտավայր, պրծնենք,- վերջում ասաց ներկաներից մեկը:

«Որոտան»
08.02.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *